Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ին շուրջ 120 լրագրող է ժամանելու Հայաստան՝ ապահովելով զգալի մեծ լսարան ամբողջ աշխարհում». Զարմինե Զեյթունցյան

Նոյեմբեր 03,2017 22:02

Նոյեմբերի 3-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի 2018 թվականին իրականացվելիք քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը, ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Գայանե Թովմասյանը, «Ներգնա Տուր-օպերատորների» միության տնօրեն Կարինե Դավոյանը, «Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Հայկ Գրիգորյանը, «Ֆան թրեվլ» ընկերության ներկայացուցիչ Անահիտ Ղազարյանը, փորձագետներ, ոլորտի պատասխանատուներ:

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2016 թվականին Հայաստան է ժամանել 1.259.657 զբոսաշրջիկ: 2017 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գրանցվել է զբոսաշրջիկների այցերի 24.2 տոկոս աճ, հաջորդ տարի կանխատեսվում է 15-20 տոկոս աճ:

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտում մարքեթինգային քաղաքականության իրականացման, Հայաստանում՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ եւ գրավիչ երկրի նկարագրի ձեւավորման ու միջազգային շուկայում ներկայացման նպատակով պետական եւ մասնավոր հատվածների համագործակցությամբ ծավալուն աշխատանք է իրականացվել:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աջակցությամբ անցկացվել են ավանդական եւ ժողովրդական դարձած եւ միջազգային ճանաչում ունեցող մի շարք փառատոններ /«Գաթայի» փառատոն, «Գինու ավանդական» փառատոն եւ այլն/:

«ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի առաջնահերթ քայլերից է Հայաստանի PR-ը եւ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը: Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու հարցում մեծ դեր ունեն համաշխարհային ճանաչում վայելող լրագրողները: 2017թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում կոմիտեն, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, կազմակերպել է ճանաչողական այցեր դեպի Հայաստան: Ավելի քան 80 լրագրող է այցելել 8 երկրներից: Հայաստանի մասին նկարահանվել է 8 ֆիլմ, միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում տպագրվել են շուրջ 80 հոդվածներ: Ամերիկյան, ռուսական, ֆիլիպինյան, եվրոպական, արաբական հայտնի պարբերականները ներկայացրել են Հայաստանի զբոսաշրջությունը, պատմությունը, մշակույթը, ավանդույթները, ժամանակակից կյանքը եւ բնակիչներին: 2018 թվականին շուրջ 120 լրագրող է ժամանելու Հայաստան՝ ապահովելով զգալի մեծ լսարան ամբողջ աշխարհում»,- ասել է Զարմինե Զեյթունցյանը:

Քննարկման մասնակիցներն իրենց հարցադրումներում անդրադարձել են զբոսաշրջության ոլորտին վերաբերող այնպիսի հարցերի, ինչպիսին է Հայաստանի ճանաչելիության բարձրացման հարցը սոցցանցերում, էլեկտրոնային մարքեթինգի ապահովումը, զբոսավարների լիցենզավորումը, Հայաստանում գործող տուր-օպերատորների շահերի պաշտպանությունն ու աջակցությունը:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները՝ ընդգծելով, որ զբոսաշրջության ոլորտում իրականացվող քաղաքականությունն առավել արդյունավետ դարձնելուն միտված լուրջ հարցեր են քննարկվել: «Զբոսաշրջության ոլորտն ունի օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն: Առաջիկայում կաշխատենք օրենքների նախագծերի մշակման ուղղությամբ»,- ասել է Խոսրով Հարությունյանը:

Նշենք, որ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի» նախագծով նախատեսվում է հատկացնել 349.7 մլն դրամ՝ 2017թ. պետական բյուջեով հաստատված 100.0 մլն դրամի դիմաց:

Նման ձեւաչափով քննարկումները կլինեն շարունակական:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930