Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն ուժեղ է սփյուռքով, սփյուռքը հավերժ է Հայաստանով». Սերժ Սարգսյան

Նոյեմբեր 03,2017 21:03

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետություն աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է երեկոյան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին, որում անդրադարձել է հայ-հնդկական պատմամշակութային առնչություններին, երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում Հնդկաստանի հայ համայնքի մեծ դերին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, հայրենիքի ու համայն հայության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց դիմակայելու հնարավոր ուղիներին, ինչպես նաև Հայաստանի կյանքում վերջին շրջանում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին, այդ թվում` հանրաքվեի միջոցով կառավարման նոր` լիարժեք խորհրդարանական համակարգին անցնելուն:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց հաջողության պատմությունները, խնդիրները, դրանց լուծման հարցում հայրենիքից ակնկալիքները, ինչպես նաև համայնքային կյանքում նրանց գործունեության մասին: Համայնքի ներկայացուցիչների խնդրանքով, Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հնդկաստանի բարձր ղեկավարության հետ այսօր իր ունեցած հանդիպումների ժամանակ քննարկված հարցերն ու ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք միտված են առավել ամրապնդելու երկու բարեկամ երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված կապերը:

Հանդիպման ժամանակ Նախագահը նշել է, թե հաճելի է տեսնել, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է նաև Երևանի բժշկական համալսարանի շրջանավարտների միության նախագահ դոկտոր Դալջիթ Սինգհ Չաուհանը: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ հայաստանյան բուհերի հնդիկ շրջանավարտների հոծ բազմությունը ևս մի բարեկամության կամուրջ է երկու երկրների միջև, որը պետք է ավելի ամրապնդվի ու ընդլայնվի:

Նախագահ Սարգսյանը ուրախությամբ է արձանագրել, որ Հնդկաստանում Հայաստանի դեսպանության հետ իր ջանքերն է միավորում նաև պատվո հյուպատոս Շիվկումար Իշվարանը, և հույս է հայտնել, որ նրանց համատեղ ձեռնարկներն արգասաբեր կլինեն:

«Բոլոր մարտահրավերներին դիմակայելու, մեր խնդիրները լուծելու ճանապարհին մենք պարտավոր ենք լինել միասնական: Մեր մեծ մտածողները մշտապես խոսել են միասնության մասին, և գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը համարում է, որ մենք միասնական ենք լինում, երբ մեր հայրենիքին, մեր հողին վտանգ է սպառնում: Այսօր մեր խնդիրն է, որպեսզի այդ միասնականությունը տարածենք նաև հարաբերական խաղաղ պայմաններում, որովհետև մեր մարտահրավերները շատ սուր են, և դրանց դիմակայելը ավելի մեծ ջանքեր է պահանջում: Մենք ունենք ուժի մեծ աղբյուր, ունենք միասնության գաղափարը անհրաժեշտ, պարտադիր դարձնելու հանգամանքներ, դրանք են՝ անկախ Հայաստանը, ազատ Արցախը և մեր զորեղ սփյուռքը: Միշտ կրկնում ենք՝ Հայաստանն ուժեղ է սփյուռքով, սփյուռքը հավերժ է Հայաստանով»,-ողջույնի խոսքի ավարտին ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Հայ-հնդկական միջպետական հարաբերությունների օրակարգի և զարգացման հեռանկարի, առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության ներուժի, հայ և հնդիկ ժողովուրդների պատմամշակութային առնչությունների և մի շարք այլ հարցերի շուրջ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նաև հարցազրույց է տվել հնդկական «Դուրդարշան» պետական հեռուստաընկերությանը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nairi Urartatsi says:

    Վայ էն պետուտյանը, որի հզությունը սփյուռքից պիտի գա: Իսկ քանի դեռ Հայաստանում կիշխի
    նեռը, սփյուռքահայ պիտակը դեռ երկար կխարանվի հայի ճակատին: Հուսով եմ, որ շուտով
    հզոր Հայաստանի ֆոնին սփյոռքը հազիվ կնծմարվի: Դա ողջ հայության բաղձանքն է, և
    սփյոռքահայերի,և այսօրվա կեղեքվող ու հալածական հայերի, որոնք ամեն օր պայքարի
    մեջ են բաղձալի օրը մոտեցնելու համար:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930