Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 26-ի երեկոյան Աշոտ Կնյազյանի եւ Դերենիկ Բեջանովի հետ գնացինք Հունանյանների տուն»

Նոյեմբեր 03,2017 20:07
Dro gorc

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված ու այսօր գիշերը մահացած Էդիկ Գրիգորյանն ու Նաիրի Հունանյանը, վերջինիս ցուցմունքի համաձայն, միասին են ավարտել միջնակարգ դպրոցը:

Միմյանց հետ ծանոթացել են 1980 թվ. վերջերից, երբ Էդիկ Գրիգորյանը ուսումը շարունակելու համար տեղափոխվեց թիվ 176 դպրոց: Ըստ Նաիրի Հունանյանի ցուցմունքի՝ տարիների ընթացքում իրենց միջև ձևավորվել են ընկերական հարաբերություններ, հետո միասին աշխատել են Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության Երևանի մասնաճյուղի վարչությունում, անդամակցել միեւնույն կուսակցությանը՝ ՀՅԴ-ին:

Ըստ Էդիկ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքի՝ 1999թ. իմացել է «ապստամբության» մասին, ըստ որի պիտի պահանջվեր վարչապետի հրաժարականը եւ ստեղծվեր նոր կառավարություն. «Նաիրիի մտահղացմանը այդ ժամանակ արձագանք չի եղել, եւ խոսակցությունը շարունակություն չի ունեցել… Աշոտ Կնյազյանի (խմբ. «Հոկտեմբերի 27-ն իրականացնողներից է) «ՌԱՖ» մեքենայի հետ կապված, երբ փորձել եմ գնալ նրանց տուն, հանդիպել եմ Նաիրիին, որն էլ Աշոտենց տանը հարցրել է, թե որտեղից կարելի է զենք ճարել։ Աշոտի հարցին, թե ինչի համար է զենքը, Նաիրին կարծեմ ասաց՝ Հայաստանից դուրս է պետք: 20 տարի ճանաչել եմ Նաիրի Հունանյանին եւ առաջին անգամ եմ նրանից լսում, որ զենքի մասին խոսի»:

Էդիկ Գրիգորյանի պատմելով՝ հոկտեմբերի 13-ին, երբ իրենք վերադարձել են Մարտունիից, Նաիրի Հունանյանից իմացել է իրականացվող ապստամբության մասին եւ քանի որ «ոչ մի կոնկրետ բան չէր արվել ու ասվել», ինքը մնացած օրերի նման գնացել է աշխատանքի։

Ահաբեկչության նախորդ օրը՝ հոկտեմբերի 26-ի երեկոյան, ըստ Էդիկ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքի, ինքը, Աշոտ Կնյազյանի եւ Դերենիկ Բեջանովի (խմբ. «հոկտեմբերի 27-ն իրականացնողներից են) հետ գնացել են Հունանյանների տուն, ուր հանդիպել է նրանց ազգական Կամոյի հետ, որին տեսնում էր առաջին անգամ:

Ըստ նրա՝ ինքը Կարենի եւ Դերոյի (խմբ. Կարեն Հունանյանի եւ Դերենիկ Բեջանովի) հետ առանձնացել են պատշգամբում. «Թե ով ինչ է ասել, չեմ հիշում, բայց հիշում եմ, որ ասվել է, որ պատրաստվում ենք ոտքի ելնել, ինչ-որ պետական շենք մտնել, ժողովուրդ հավաքենք, կառավարության հրաժարականի կոչ անենք եւ ժողովրդի օգնությամբ այն իրականացնենք»։

Իր դատաքննական ցուցմունքում Էդիկ Գրիգորյանը նաեւ իր բնորոշմամբ, արտառոց մի դրվագ էր պատմել իր ու Բաղրամյան փողոցի առաջին տաղավարում նստող հերթապահ ոստիկանի միջեւ տեղի ունեցած երկխոսությունից. «Ընկեր ջան, քո մոտ ռադիո կա՞։ Դու լսո՞ւմ ես ներսի կատարվածը։

– Ռադիո չկա։ Ի՞նչ է եղել։

– Ռադիո էի լսում, ինձ թվաց՝ կրակում են։

– Եթե լիներ, ինձ կզանգեին կասեին։

– Դու զանգիր իմացիր»:

Ըստ Էդիկ Գրիգորյանի՝ այդ ժամանակ հերթապահ ոստիկանը դուրս է եկել տաղավարից եւ ասել՝ եթե անցագիր չունես, տարածքից դուրս արի։ Միասին քայլել են դեպի մուտքը։ Իրենց ետեւից ձայն է լսվել. «Դարպասը փակեք»։ Երբ դարպասն արդեն փակվել էր, Դերենիկ Բեջանովը, որի գործողությունները պայմանավորված էին Էդիկ Գրիգորյանի ցուցումներով, հայտնվել է դարպասի ետեւում. «Դերոյի պահանջով միլիցիան դուռը բացեց»։
Հիշեցնենք, որ Էդուարդ Գրիգորյանը 2014-ին հայտարարել էր, որ պատրաստվում է ողբերգական իրադարձության ողջ հանգամանքները պատմել, պատմել այն ամենը, ինչը «երկար տարիներ համառորեն եւ բավական փնթի ձեւով փորձում են թաքցնել հասարակությունից»:

Գրիգորյանն ասել էր, որ ինքը փաստեր եւ փաստաթղթեր է ցույց տալու, սակայն այդպես էլ չհասցրեց խոստումն իրականացնել, որովհետեւ այսօր գիշերը մահացել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Վահան ԻՇԽԱՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930