ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 3-ին հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի ալ-Զիբարիի գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով պատվիրակությանը` ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ իրաքցի խորհրդարանականների այցը կնպաստի հայ-իրաքյան զարգացող հարաբերությունների, հատկապես միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդմանը:
Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի` արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացումը եւ այդ համատեքստում Իրաքի հետ համագործակցության սերտացումը բոլոր բնագավառներում:
Անդրադառնալով իրաքահայ համայնքին` Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Իրաքի ժողովրդի եղբայրական վերաբերմունքը քսաներորդ դարի սկզբում Իրաքում ապաստան գտած հայ գաղթականների եւ նրանց սերունդների նկատմամբ:
Արժեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում` ՀՀ ԱԺ նախագահը ընդգծել է պատգամավորական բարեկամության խմբերի արդյունավետ գործունեության կարեւորությունը:
Արա Բաբլոյանը, արձանագրելով Իրաքի` աշխարհագրական առումով Հայաստանին ամենամոտ արաբական երկիրը լինելը, նշել է, որ մեծ է հայ գործարարների հետաքրքրությունը եւ համոզմունք հայտնել, թե մեծ է ներուժը ոչ միայն հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների, այլեւ կրթական եւ մյուս ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ պատրաստ են աջակցելու իրաքցի ուսանողներին` Հայաստանում կրթություն ստանալու, ինչպես նաեւ հայ բժիշկներ ուղարկելու Իրաք, որպեսզի բժշկական օգնություն ցուցաբերեն:
ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ-իրաքյան համագործակցությանն ուղղված ցանկացած նախաձեռնության եւ Իրաքի բարեկամ ժողովրդին մաղթել է խաղաղություն ու բարեկեցություն:
Աբդելբարի ալ-Զիբարին, շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, եւ նշել, որ իրենք հպարտանում են Հայաստանի հետ հարաբերություններում արձանագրված հաջողություններով:
Ալ-Զիբարիի խոսքով` Իրաքում բարձր են գնահատում հայ համայնքի գործունեությունը եւ կարծում են, որ Իրաքի հայկական համայնքը պետք է ներկայացված լինի նաեւ խորհրդարանում: Անդրադառնալով Իրաքում տիրող իրավիճակին` պատվիրակության ղեկավարը նշել է, որ հակամարտություններից մեծապես տուժում է երկրի խաղաղ բնակչությունը:
ՀՀ Ազգային ժողով