«Ես եւ կինս չենք գնալու ընտրությունների, որեւէ վստահված անձ չեմ ուղարկելու տեղամաս կամ Տարածքային ընտրական հանձնաժողով`հնարավոր բարոյական եւ ֆիզիկական ոտնձգություններից խուսափելու համար»,- այսօր «Նոյան տապան» մամուլի սրահում հայտարարեց Գորիսի նախկին Քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Խոսքը կիրակի օրը կայանալիք Գորիսի քաղաքապետի ընտրությունների մասին է: Սամվել Հարությունյանն առաջադրված թեկնածուներից մեկն է: Մյուսն էլ գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանն է:
Հիշեցնենք, կիրակի օրը հանրապետության մի շարք համայնքներում են համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ կայանալու:
Սամվել Հարությունյանն ու իր թիմակիցները չեն մասնակցելու ընտրական գործընթացին`նաեւ, որպեսզի չապահովի իր մրցակցի լեգիտիմությունը: Ասում է`երեկվանից արդեն սկսել են ձայներ գնել`ընտրակաշառք բաժանել: Իր հույսը ընտրական հանձնաժողովներում ընդդիմադիր «Ելք»-ի եւ «Ծառուկյան» դաշինքի անդամներն են: «Նրանց տխուր վիճակ է սպասվում, քանի որ պետք է աղաղակող բաները որ լինելու են`կանխեն»,-ասում է նա:
Ի դեպ, ընտրությունների լեգիտիմության մասին Սամվել Հարությունյանն ասում է, որ հանձնաժողովն ու դատարանն իրենց որոշմամբ «լուծել» են այդ հարցը: Հիշեցնենք, թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովը մերժել էր Գորիս համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Հարությունյանի, ՀՀԿ կողմից առաջադրված թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ պահանջը։
Հանձնաժողովը միաժամանակ պարտադրել է Առուշ Առուշանյանին՝ մինչեւ 2017թ. նոյեմբերի 5-ի ժամը 20-ը դադարեցնել Գորիս համայնքում երթեւեկության անվճար ծառայությունների մատուցումը: Սամվել Հարությունյանը հոկտեմբերի 31-ին, համաձայն չլինելով հանձնաժողովի որոշման հետ, դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 30-ի որոշումը եւ պարտավորեցնել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովին՝ ուժը կորցրած ճանաչել թեկնածու Առուշ Առուշանյանի գրանցումը: Այսօր դատարանն էլ է մերժել Սամվել Հարությունյանի պահանջը`այն անհիմն համարելով:
Սամվել Հարությունյանը պատասխանեց նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի`երեկ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Նա ասաց. «Հոգենյարդաբանական հետազոտության կարիք վստահ եմ, որ ես չունեմ: Վստահեմ, որ ինքն էլ չունի, որովհետեւ ինքն այդպիսինն է: Լավ է, որ ինքը վստահ է, որ իմ կինն ինձ ձայն է տալու, բայց ես վստահ չեմ, որ եթե ինքը լիներ իմ փոխարեն իր կինն իրենն ձայն կտա՞ր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ