2015 թվականին Նորք Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով դատական նիստին այսօր ամբաստանյալ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխել: Փաստաբանը միջնորդեց կալանավորումը վերացնել կամ այն փոխարինել գրավի դիմաց, ինչը դատարանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ մերժեց:
Այսօր դատարանը հետազոտեց գործում առկա ապացույցները, հրապարակվեցին ամբաստանյալների բնակարաններից խուզարկությամբ առգրավված իրերը : Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 9-ին:
Հիշեցնենք, որ խմբի անդամներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ