Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն հետ չմնաց ՀՀԿ-ից․6 միլիոն դրամանոց նվեր՝ գյումրեցի անօթևան ընտանիքին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 03,2017 17:30

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամն այսօր Երանոսյանների 7 հոգուց բաղկացած ընտանիքին նորակառույց «Մուշ- 2» թաղամասում հանձնեց 3 սենյականոց բնակարան, որը գնել էր Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը։

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը, սա հիմնադրամի կողմից հատկացվող 24-րդ բնակարանն է։ Այն ձեռք է բերվել «Մեկ կուսակցություն- մեկ բնակարան» նախաձեռնության շրջանակներում, երբ հիմնադրամի ներկայացուցիչները դեռ ԱԺ ընտրություններից առաջ թակել էին ընտրություններին մասնակցող կուսակցությունների դռներն՝ առաջարկելով համագործակցել, միանալ անօթևանության դեմ պայքարին։

Հիմնադրամի նախաձեռնությանն արձագանքել էին ընդամենը երկու կուսակցություններ՝ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։ ՀՀԿ-ն հուլիս ամսին գնեց առանձնատուն, և ինչպես պարզաբանեց Սամվել Նիկոյանը, դրանք ձեռք են բերվել նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ի արած խնայողությունների հաշվին։

ՀՅԴ-ի գնած բնակարանն արժե 6 միլիոն դրամ։ Այսօր Գյումրի այցելած Արմեն Ռուստամյանն Aravot.am-ին պարզաբանեց, որ գումարը հավաքվել է հանգանակություններով, իրենք առանձին ֆոնդեր չունեն, սակայն մարդիկ, հավատալով ՀՅԴ-ին, վերջինիս ծրագրերին, վստահ լինելով, որ իրենց լուման տեղ կհասնի, գումար են ներդրել։

Արմեն Ռուստամյանը նաև նշեց, որ սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին աջակցությունն է լինելու։ «Կարծում եմ, որ ամեն մի անհատի հնարավորություններն օգտագործելով՝ պիտի կարողանանք այս խնդիրը լուծել, որովհետև մոտենում ենք արդեն 30-ամյակին այս ահավոր երկրաշարժի։ Սա մեր պատվի հարցն է, որ այլևս չունենաք ոչ մի ընտանիք, որ տնակներում լինի և տուժի այս ծանր կենցաղային պայմաններից»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Բնակարանամուտին մասնակցող «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանը, որը նաև «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի խորհրդի անդամ է, ակնարկեց, թե ՀՅԴ-ի կողմից սպասում են հաջորդ բնակարանին, որին ի պատասխան՝ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Ռոմիկ Մանուկյանն էլ խոստացան շարունակել մասնակցությունը։ Թեև նրանք ակնարկեցին, որ ՀՅԴ-ի դերակատարությունը մեծ է սոցիալական բնակարանների ձեռք բերման գործում․ Գյումրիում կառուցված սոցիալական բնակարանների զգալի մասը հենց իրենց կուսակից ընկերոջ նվիրատվությունն է։

Ըստ Աղվան Վարդանյանի, իրենք լսելով, որ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն է, միանգամից վստահել են, որ ճիշտ գործ է արվում։

Բնակարան ստացած Երանոսյանները փոքր-ինչ անակնկալի էին եկել, նրանք մի ամբողջ կյանք բնակվել են տնակում։ Ինչպես ասում է տանտիրուհին՝ տիկին Սուսաննան․ «Չենք պատկերացնում, որ նման բնակարանում պիտի ապրենք, մենք մեծացանք տնակում»։

Ի դեպ, երբ ԱԺ պատգամավորներն ու Շիրակի մարզպետն արդեն հեռանում էին, տարեց մի տղամարդ պատշգամբից բացականչում էր․ «Թոշակները բարձրացրեք, թոշակները, էսպես ապրել էլ չի լինի»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930