ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 2-ին Խոսրով Հարությունյանի նախագահությամբ կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին:
Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վոլոդյա Գասպարյանը նշել է, որ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծով նախատեսվում է հաշվետվություն ներկայացնել 2016 թվականին պետական գույքի մասնավորեցման, լուծարման եւ սնանկացման գործընթացների, դրանցից պետական եւ համայնքային բյուջե մուտքագրված գումարների վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնել տեղեկատվություն մասնավորեցման ենթակա օբյեկտների գնորդների կողմից հաշվետու ժամանակահատվածում կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների, սոցիալական երաշխիքների եւ այլ պարտավորությունների կատարման մասին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունումը պայմանավորված է կրթական եւ երեխաների խնամքի հաստատություններում ՀՀ սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության եւ հայտնաբերված խախտումների մասով վարչական պատասխանատվության ենթարկելու բացը լրացնելու անհրաժեշտությամբ: Սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առեւտուր իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձի եւ կազմակերպչի կամ ընկերության նկատմամբ: Նա նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սննդամթերքի անվտանգության ոլորտի սանիտարական կանոնների եւ նորմերի պահպանման նկատմամբ իրականացվող վերահսկողության եւ իրավախախտումների կանխարգելման արդյունավետության բարձրացում:
Երկրորդ ընթերցման ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը տեղեկացրել է, որ խաղատուն եւ շահումով մեքենայացված խաղ եւ ինտերնետ շահումով խաղ կարող է լիցենզավորվել ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում, մեկ ծրագրի, մեկ թույլտվությամբ կատարված լինելու դեպքում՝ ՀՀ կառավարության սահմանած վայրերում եւ չափանիշներին համապատասխան:
Ըստ հիմնական զեկուցողի՝ համաձայն օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասի գ կետով սահմանված մեկ ներդրումային ծրագրի շրջանակներում միայն ներդրման վայրում կարող է կազմակերպվել մեկ խաղատուն եւ շահումով մեքենայացված խաղ կամ ինտերնետ շահումով խաղ, ինչպես միանձնյա ներդրողի, այնպես էլ համատեղ ներդրում կատարողներից մեկի կողմից՝ մյուս համաներդրողների գրավոր համաձայնության դեպքում:
Վերոնշյալ օրենքների նախագծերը կընդգրկվեն ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:
Առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Արտակ Զեյնալյանի հեղինակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանի խոսքով՝ նախագծի ընդունումը պայմանավորված է մոլախաղերով հրապուրվելու հետեւանքով ընտանիքին նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացիների մուտքը խաղատուն արգելելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման դեպքում սեփական նախաձեռնությամբ խաղատներ կատարվող այցելությունները սահմանափակելու հնարավորություն կտրվի:
Կարգավորման հիմնական նպատակը մոլախաղերով հրապուրվելու հետեւանքով իրեն եւ իր ընտանիքին նյութական ծանր վիճակի հասցրած անձի՝ հետագայում նման գործողություններ կատարելու հնարավորությունն օրինական կարգով սահմանափակելն է: Խոսքն առաջին հերթին այն անձանց մասին է, ովքեր արդեն իսկ դատական կարգով սահմանափակ գործունակ են ճանաչվել վերոնշյալ հիմքերով: Մյուս կողմից, բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր թեեւ սահմանափակ գործունակ չեն ճանաչվել, սակայն, օրինակ, ալկոհոլի ազդեցությամբ կորցնելով ինքնատիրապետումը, հաճախում են խաղատուն, բայց դա չեն անում սթափ վիճակում, կարող են նախագծի 1-ին հոդվածով սահմանված կարգով դիմում ներկայացնել շահումով խաղերի, խաղատան գործունեության լիցենզավորում եւ վերահսկողություն իրականացնող մարմնին? այդպիսով արգելափակելով սեփական մուտքը խաղատներ:
Քվեարկության արդյունքում հանձնաժողովը նախագծի առաջին մասին դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկման դնելու համար, իսկ մյուս՝ ինքնակամ գործունակությունը սահմանափակելու մասով, հեղինակներին առաջարկվել է ներկայացնել նոր օրենսդրական նախաձեռնություն, քանի որ այդ դրույթը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներին:
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հաջորդին քննարկել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի քաղաքականության հիմնախնդիրները: Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի անդամներ, ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատու ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նշել է, որ քննարկման նպատակն է պարզել՝ 2018 թվականի համար արդյոք կան ծրագրեր, իրականացման համար ինչ մեթոդներ են կիրառվելու եւ դրանց ոչ ֆինանսական արդյունքներին հասնելու ինչպիսի?ուղիներ կան:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հովհաննես Հարությունյանն անդրադարձել է խմելու ջրին, ոռոգմանն ու ջրահեռացմանն առնչվող հարցերին, ինչպես նաեւ կոմիտեի կողմից մշակված առաջիկա 5 տարիների ծրագրին: Նախագահի տեղակալը ներկայացրել է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ընդհանուր նկարագիրը, խոսել սակագների հաշվարկման մեխանիզմների մասին, ոռոգման կետերի բարելավման առնչությամբ նախատեսված ծրագրերի մասին:
Հովհաննես Հարությունյանը նշել է, որ 2016 թվականին ոռոգելի տարածքները կազմել են 89000 հա, իսկ 2017 թվականին՝ 93.5 հազար հա: Նա տեղեկացրել է, որ 2018 թվականին շարունակվելու են պետություն-մասնավոր համագործակցության ռազմավարությունը, KFN բանկային ծրագրով նախատեսվող համաֆինանսավորմամբ ջրամատակարարման պատշաճ պայմաններ ստեղծելու հեռանկարների իրականացումը: Նշվել է, որ կայուն զարգացման ծրագրով 5-ամյա ծրագիրն ուղղված է Հայաստանի ողջ տարածքում խմելու ջուրը բոլոր քաղաքացիներին հասու դարձնելուն:
Ըստ կոմիտեի նախագահի՝ գերակա խնդիր է համարվում ոռոգման ջրի հարցը, որտեղ հիմնական խնդիրը ջրատարերի մաշվածությունն է:
Քննարկման մասնակիցներն իրենց հարցադրումներում անդրադարձել են ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման ջրի արտահանմանը վերաբերող հնարավոր տարբերակներին, կաթիլային ոռոգման համակարգի արդյունավետությանը, բաշխիչ ցանցերի նորոգմանը եւ այլ հարցերի:
Հովհաննես Հարությունյանը նշել է, որ անցած տարի եղել է կաթիլային ոռոգման պիլոտային ծրագիր, որի շրջանակում մոտ 1000 հա հող ոռոգվել է այդ եղանակով: Ջրի արտահանմանը վերաբերող հարցադրմանն ի պատասխան նա նշել է, որ 2017 թվականին առաջարկ է եղել ջրատարեր անցկացնել հյուսիս-հարավ թունելին զուգահեռ՝ դեպի Իրան:
Քննարկման ավարտին Խոսրով Հարությունյանն ընդգծել է, որ այս հարցերը գտնվում են ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հսկողության ներքո եւ որ նման ձեւաչափով քննարկումները կլինեն շարունակական:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն