Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե առողջ լինեն՝ կգնան». Դավիթ Տոնոյանը՝ պաշտոնյաների որդիների՝ բանակում ծառայելու մասին

Նոյեմբեր 03,2017 16:49

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը խոսեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծից: Նա ասաց. «Ես կարող եմ իմ օրինակը, բերել՝ այն տարիներին, երբ ես զորակոչվել եմ արտաժամկետային ծառայության, տարեկետումը ընդհանրապես հանված էր, չկային բացառություններ, եթե առողջ էիր՝ զորակոչվում էիր եւ տեսեք արդյունքը: Ամենադաժան արդյունքը այն էր, որ երբ զորացրվեցինք, ԽՍՀՄ-ը փլուզվեց»:

Հարցին՝ պաշտոնյաների զավակները կգնա՞ն բանակ, օրենքում բացեր կան՝ Տոնոյանը պատասխանեց. «Եթե առողջ լինեն՝ կգնան…Այս օրինագիծը լուծում է ոչ միայն արդարության սկզբունքի խնդիրը, այլ նաեւ ռազմաքաղաքական իրավիճակից ելնելով եւ ժամկետային պարտադիր ծառայության պահպանման պայմաններում սա որոշակի կարգավորումներ է նախատեսում, որն օրենքն ընդունելուց հետո դուք բոլորդ կհամոզվեք»:

Առաջնագծում այսօր էլ կան պաշտոնյաների երեխաները: Տոնոյանը, սակայն, հրաժարվեց անուններ հնչեցնել:

Հարցին՝ ինչո՞ւ Սեյրան Օհանյանի օրոք չընդունվեց այդ օրենսդրությունը, Տոնոյանը պատասխանեց, որ դա մի գործընթաց է, որը մեկ նախարարը փոխանցում է մյուս նախարարին, գործընթացը նոր չէ եւ Սեյրան Օհանյանն էլ բոլորովին էլ դեմ չէր դրան. «Ես կասեմ, որ Սեյրան Օհանյանը երևի ամենաուրախ մարդկանցից մեկն է լինելու, որ նման օրենսդրություն ընդունվի»:

Մտավախություն չունի՞, որ տարկետման վերացումը կբերի արտագաղթի տեմպերի աճին, առանց այն էլ շատ են դեպքերը, երբ տղա երեխաներին նախքան բանակային տարիքը հեռացնում են երկրից, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Միանշանակ, ոչ, բանակում ծառայելը չի կարող նպաստել արտագաղթին: Ես կարծում եմ, որ ՀՀ անվտանգության համար ոչ մտահոգ մարդիկ… էլ չշարունակեմ: Եթե կան այդպիսի մարդիկ, որոնք երկրի անվտանգության չապահովման պատճառով մեկնում են, իմ համար այդ խավն ընդունելի չէ»:

Մեր հարցին, որ ընդդիմության մտահոգությունն այն էր, որ սողանցքներ ոսկի երիտասարդության համար այնուամենայնիվ կան՝ Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ամեն ինչ արվելու է, օրինակներ են լինելու, այ կտեսնեք»: Այն, որ առաջնագծում սոցիալապես անապահովների զավակներն են ծառայում, պաշտոնյաներն իրենց որդիներին ազատում են բանակից՝ Տոնոյանը համաձայն չէ. «Ես համոզված եմ՝ առաջնագծում հիմա էլ կան պաշտոնյաների երեխաներ եւ համոզված եմ, որ դա շարունակվելու է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930