ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունը 2016 թ. հունվարի 4-ին Արմավիր ՔԿՀ-ում մահացած Անզոր Կարապետյանի գործի վերաբերյալ 2017 թ. հոկտեմբերի 10-ին թվագրված «պարզաբանում» է ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին: Դրանում ուղղակի ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացրել են Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի և մահվան դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը և հիշեցրել տուժող կողմին ընձեռնված իրավունքների մասին այն դեպքում, երբ տուժող կողմն արդեն իսկ օգտվում է այդ իրավունքներից:
Հիշեցնենք՝ 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքում Անզոր Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վերջինս սպանության փորձ կատարելու մեղադրանքով ձերբակալվել էր, ապա 2016 թվականի հունվարի 3-ի երեկոյան դատարանի որոշմամբ կալանավորվել էր և տեղափոխվել Արմավիր ՔԿՀ, որտեղ էլ ժամեր անց նրան մահացած էին գտել: Պաշտոնական վարկածի համաձայն՝ նա ինքնասպանություն է գործել: Ա. Կարապետյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է դեպքից օրեր անց և պարբերաբար հրապարակումներ արել գործի ընթացքի վերաբերյալ: Քրեական գործ էր հարուցվել և Ա. Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի, և նրա մահվան դեպքի առթիվ:
Ծեծկռտուքի գործով վարույթն իրականացնող մարմինը նախ Ա. Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր վերջինիս մահվան հիմքով, ապա հաշվի առնելով ծեծկռտուքի ընթացքում Անզոր Կարապետյանի ստացած վնասվածքները՝ վերջինիս տուժող էր ճանաչել և 2016 թ. ապրիլի 26-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճել՝ ծեծկռտուքի մյուս մասնակիցների գործողությունները որակելով որպես անհրաժեշտ պաշտպանություն: Եվ միայն Ա. Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի կողմից քրեական գործը կարճելու մասին 2016 թ. ապրիլի 26-ի որոշումը ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, ապա ՀՀ Վերաքննիչ դատարանում բողոքարկելուց հետո գործն ուղարկվեց նախաքննության: Իսկ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը 2016 թ. սեպտեմբերի 14-ին կասեցվել էր քրեական գործի շրջանակում նշանակված փորձաքննության արդյունքներն ստանալու հաջորդ օրն իսկ՝ առանց դրանք քննության առարկա դարձնելու: (Անզոր Կարապետյանի մահվանից 9 ամիս անց ստացված դատահոգեբանական փորձաքննության արդյունքներով արձանագրվել էր, որ նրա ունեցած անհատական հոգեբանական առանձնահատկությունները չէին կարող ինքնասպանության հանգեցնել):
Ավելի ուշ դրա վերաբերյալ տուժող կողմի միջնորդություններին ի պատասխան հայտնել էին, որ ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը վերսկսված է, սակայն ամիսներ անց կրկնակի հարցումներից հետո պարզվել էր, որ այն կրկին կասեցվել է, և միջնորդության քննության արդյունքում «էական հանգամանքներ չեն պարզվել»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Չատինյանը ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցնելու մասին 2016 թ. սեպտեմբերի 14-ի որոշման դեմ դատարան ներկայացված բողոքում դիրքորոշում էր հայտնել այն մասին, որ կարևոր հանգամանքներ քննությունից դուրս են մնացել՝ վկայակոչելով մի շարք փաստեր: Քրեական գործը կասեցնելու որոշման դեմ դատարան ներկայացված բողոքի վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համանուն նյութ հրապարակեց, որում ներկայացված էին բացթողումները և նշվում էր, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել:
ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունը որոշել է արձագանքել gala.tv-ում հրապարակված ՀՔԱ Վանաձորի գրասենյակի այս նյութին և «պարզաբանում» ներկայացրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանին: Հատկանշական է, որ այդ գրությամբ Արմավիրի մարզի դատախազությունից հիշեցնում են, որ տուժող կողմին քրեական գործը կասեցնելու մասին որոշման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ և վճռաբեկ դատարանում բողոքարկելու «հնարավորություն է ընձեռնված եղել»: Այս ձևակերպումն առնվազն անտրամաբանական է, քանի որ այն հրապարկմամբ, որին արձագանքել են, հստակ նշված է, որ տուժող կողմը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որն այժմ քննվում է վերաքննիչ դատարանում: Թե ինչու են Դատախազությունից հիշեցնում տուժող կողմին իր իրավունքների մասին, երբ դրանք արդեն իրացվում են, և ինչու են առհասարակ արձագանքել այդ հրապարակմանն ու որոշել «պարզաբանում» ներկայացնել, անհասկանալի է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը նման բովանդակության հրապարակումներ տարածում է Կազմակերպության ներկայացուցիչների կողմից վարվող բոլոր գործերով, այդ թվում՝ գնահատողական բնույթի դատողություններ ներկայացնելով: Բայց չգիտես ինչու՝ այս անգամ Դատախազությունը որոշել է արձագանքել:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ