Անկախ նրանից, որ այս տարի տնտեսական ավելի լավ ցուցանիշեր են արձանագրվել, ինչպես որ վստահեցնում են կառավարության պատասխանատուները, այդուհանդերձ, նախորդ տարվա համեմատությամբ այս տարի Երեւանում անշարժ գույքի, մասնավորապես` բնակարանների գինը նվազել է: Այս մասին այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասաց անշարժ գույքի գնահատման ընկերության տնօրեն Արա Ադուրյանը: Նրա տվյալներով, բնակարանի մեկ քառակուսի մետրի գինը նախորդ տարվա 338 հազարից նվազել է, դառնալով 303 հազար դրամ:
Արա Ադուրյանի խոսքով, հիպոթեքային վարկերը որքան մատչելի լինեն, անշարժ գույքի շուկան այնքան աշխույժ կլինի:
Պարոն Ադուրյանի տվյալներով, 2008 թվականից այս կողմ անշարժ գույքի շուկայում գների կտրում նվազում է տեղի ունեցել, եւ այդ է պատճառը, որ բանկերում այսօր հազարավոր անշարժ գույք է գրավադրված, որոնք վարկառուի` վճարունակ չլինելու պատճառով մնացել են բանկին, եւ բանկը չի կարողանում դրանք վաճառել: Ըստ նրա, տնտեսական ճգնաժամից առաջ անշարժ գույքի շուկայում, դրական իմաստով, ամենաբարձր ցուցանիշներ են արձանագրվել. «Անշարժ գույքի գները բարձ են եղել, գնողունակությունը` նույնպես, մարդիկ վարկեր են վերցրել, գրավներ են դրել, սակայն դրանից հետո տնտեսական ճգնաժամը իր ազդեցությունը թողեց եւ տնտեսվարողներ եղան, որ չկարողացան դիմանալ, վարկը չկարողացան վերադարձնել»:
Մանրամասները` տեսանյութում
Aravot.am-ի այն դիտարկմանը, որ այսօր անշարժ գույքը գնահատող կազմակերպությունները շուկայականից ցածր են գույքը գնահատում, ինչը նույնպես վարկավորման շուկայում տնտեսվարողների համար խնդիրներ է առաջացնում, պարոն Ադուրյանն ասաց, որ ինքն էլ հաճախ լսում է այդ տեսակետը, սակայն այդքան էլ համամիտ չէ, քանի որ կազմակերպությունը գնահատելիս լիկվիդացիոն արժեքով է առաջնորդվում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ