Այսօր ԱԺ-ում փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց 2018-ի բյուջեի նախագծով ոստիկանության հատկացումներն ու իրենց ծրագրերը:
Նա ասաց, որ 544.4 մլն դրամով նվազել են ոստիկանությանը հատկացված միջոցները՝ նախորդ տարվա համեմատ: Եղիազարյանի զեկույցը պատգամավորները աննախադեպ որակեցին, քանի որ նա, ի տարբերություն մյուսների, քաղաքականություն ներկայացրեց, ոչ թե զուտ թվեր: Ընդ որում՝ զեկույցից պարզ դարձավ, որ ոստիկանությունը դեմ է, որ դառնան նախարարություն, նախընտրում են մնալ այնպիսի մարմին, ինչպիսին են այսօր՝ իրենց արտաբյուջեով, կառավարությանն առընթեր:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ չնայած կառավարությունը հայտարարել է, որ այլեւս չեն լինելու կառավարությանն առընթեր մարմիններ, անցել ենք խորհրդարանական կառավարման, բոլորը հաշվետու են լինելու խորհրդարանին, մինչդեռ ոստիկանությունը, ներկայացնելով զարգացման ծրագիրը, պարզ հայտարարեց. «Մենք լինելու ենք մարմին, որը ենթակա է լինելու վարչապետին»:
Մարուքյանի խոսքով՝ «Ըստ էության որեւէ մեկը չի պատրաստվում կառավարությանն առընթեր մարմինները դարձնել նախարարություններ եւ նրանց բերել խորհրդարանական հաշվետվողականության դաշտ: Դուք փաստորեն տեղյակ եք, որ չեք դառնալու նախարարություն, բացահայտում արեցիք»:
Փոխոստիկանապետը պատասխանեց. «Դա մեր տեսլականն է, որը տեսնում ենք ոստիկանության տեսանկյունից: Բայց որոշողը մենք չենք, բնականաբար, դուք եք եւ ղեկավարությունը: Մենք պատրաստ ենք ցանկացած ձեւաչափով աշխատել: Այնուամենայնիվ, այն կառույցը, որը կմնա, կարծում ենք կլինի ներկայիս ոստիկանական կարգավիճակը, իհարկե, նոր «Ոստիկանության մասին» օրենքի մշակման տեսլականով:
Մարուքյանն ասաց, որ չնայած տարեցտարի ոստիկանության բյուջեն ավելացել է, բայց տված գումարին համարժեք ծառայություններ մենք չենք ստացել. «Ունենք իրավիճակ, որ ոստիկանությունը պոստ ֆակտում գործ է անում, չի կանխում հանցագործությունները, մամուլում էլ հրապարակումներ եղան, որ բնակարանային գողությունները չեն բացահայտվում, այսինքն, մենք մեր տված փողին համարժեք ծառայություն չենք ստացել»:
Փոխոստիկանապետն ասաց, որ չի հիշում, որ ոստիկանության բյուջեն կտրուկ ավելանա. «Ժողովրդական լեզվով ասեմ, ես կարծում եմ, ոստիկանությունը երբեք յուղի մեջ չի տապակվել, դա իմ՝ որպես 36 տարվա ստաժ ունեցող ոստիկանի կարծիքն է: Այն, որ այդ պայմաններում որեւիցե բարելավում չկա, թույլ տվեք չհամաձայնել: Իսպառ մոռացվել է հանցագործությունները թաքցնելու հանգամանքը, որն անվերջ բոլոր անկյուններում ասվում էր, որ ոստիկանությունը տարիներ շարունակ թաքցնում է հանցագործություններ: Չգիտեմ ինչի, դրա մասին ոչ մեկը չի ասում: Ոստիկանության կողմից մատուցվող ծառայությունները անհամեմատ բարելավվել են: Եթե նախկինում կային բողոքներ ու դժգոհություններ անձնագրային եւ վիզաների ծառայությունից, ճանապարհային ոստիկանությունից, որն անվերջ քարկոծվում էր, հիմա եթե կան բողոքներ, դրանք մեկ-երկուսն են: Հիշեցնեմ նաեւ, որ էլ ոչ մի տեղ չի ասվում, որ ոստիկանությունում խոշտանգումներ են տեղի ունենում՝ ծեծեր, ջարդեր եւ այլն: Եթե նմանատիպ բաներ էլ լինում են, դրանք եզակի դեպքեր են, որոնք շատ խիստ պատժվում են»:
Մարուքյանն էլ արձագանքեց. «Մարդկանց ծեծելը եթե նվազել է, ի՞նչ պիտի անեինք, պետք է ելույթ ունենայինք, ասեինք մարդկանց քիչ եք ծեծում, լա՞վ եք աշխատում: Ես ֆինանսական ցուցանիշներն եմ համեմատում առկա իրավիճակի հետ: Նախագահի ելույթում ոստիկանության կոլեգիայի ժամանակ հերթով նշված էր այն խնդիրները, որոնք բոլորս գիտենք: Դուք հիմա ուզում եք հերքել նաեւ ա՞յդ ելույթը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ