Փարաքարի միջնակարգ դպրոցի ծնողների և մանկավարժների բողոքի հետքերով այսօր առավոտյան եղա թե՛ հիմնական, թե՛ միջին դպրոցում, որտեղ լսեցի երկու կողմերին ու հերթական անգամ ցավով ամրագրում եմ, որ Հայաստանում Սահմանադրությունը չի՛ գործում, որովհետև ՀՀ սահմանադրության 179-րդ հոդվածի համաձայն «1. Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:»
Ի՞նչ է պահանջում ՀՀ Սահմանադրությունն այս հոդվածով, պահանջում է ցանկացած որոշում կայացնել բնակիչների շահերից ելնելով, իսկ Փարաքարի բնակիչներն այդ օպտիմալացման մասին տեղեկացել են ՀՀ կառավարության ս.թ. օգոստոսի 24-ի որոշումից հետո ու իրավունք ունեն հարցնելու, թե այդ որոշումը կայացնելիս իրենց ո՞ր շահն է նկատի ունեցել կառավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինը, տվյալ դեպքում Արմավիրի մարզպետարանն իրենց հարցրե՞լ է, խորհրդակցե՞լ է, նման դեպքերում Սահմանադրության պահանջով հանրաքվե անցկացե՞լ է, ներկայացրե՞լ է Փարաքար գյուղի բնակիչների շահերի տեսակետից այս որոշման հիմքերը: Ասե՞լ է, թե ինչո՞ւ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող դպրոցում պիտի սովորեն 600-ից ավել աշակերտներ, ինչո՞ւ գյուղի կեսի երեխաների համար ավելի ապահով հիմնական դպրոցում սովորող 190-ից ավել աշակերտները պիտի հատեն շատ վտանգավոր Երևան- Զվարթնոց բանուկ ճանապարհն ու թեկուզ վերգետնյա կամրջով, գնան 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքում շարունակեն իրենց կրթությունը, արդյոք այն վտանգավո՞ր չէ, ո՞րն է եղել այդ բնակիչների շահը, ում երեխաներն այսուհետ դպրոց են գնալու վտանգավոր ճանապարհով:
Իհարկե ո՛չ, նման որոշումներ ընդունելուց առաջ ո՛չ կառավարությունը, ո՛չ մարզպետարաններն ընդհանրապես, Արմավիրի մարզպետն ու իր աշխատակազմը, մասնավորապես, չեն առաջնորդվում բնակիչների շահերով, այլ բոլորովին այլ շահերով ու որոշումն ընդունելուց հետո բնակիչներին կանգնեցնում փաստի առաջ, Սահմանադրությանը հակառակ՝ արհամարհելով բնակիչների շահը: Ու իշխանությունն, առանց անհարմար զգալու, մեզ համոզում է, թե ապրում ենք Սահմանադրորեն հռչակված ժողովրդավար պետության մեջ:
Ինչո՞ւմն էր կայանում Փարաքարի միջնակարգ դպրոցի մանկավարժների բողոքը, նրանում, որ իրենք իրավացիորեն ուզում էին հասկանալ՝ մի՞թե հնարավոր չէր ավելի հարգալից վարվել դպրոցի տնօրեն Վարազդատ Հակոբյանի հետ, ում մասին դպրոցի կոլեկտիվը մեծ հարգանքով է արտահայտվում ու թողնել իր պաշտոնին մինչև ուսումնական տարվա վերջ, երբ լրանալու էր նրա 65 տարին, նամանավանդ որ 190 աշակերտ ունեցող դպրոցն է միավորվել մեծ դպրոցին ու նա է հետնորդը: Հապա ո՞ւր մնացին մանկավարժի հեղինակությունը վերականգնելու մասին ԿԳՆ նախարարի վերամբարձ խոսքերը:
Մանկավարժները պնդում էին, որ եթե, իրենց կարծիքով, վաստակաշատ մանկավարժին՝ Վարազդատ Հակոբյանին հնարավորություն տրվեր աշխատել մինչև տարեվերջ ու իրենք նրան պատվով ճանապարհեին, հետո հայտարարվեր մրցույթ, ապա իրենք չէին ընդվզելու, իսկ այսօր դպրոցի աշխատակազմը, արձակուրդներից հետո մոտ 200 նոր աշակերտների ու մանկավարժների ընդունելությանը պատրաստվելու փոխարեն, եռում է վիրավորանքից, մանկավարժների հեղինակության, արժանապատվության ոտնահարման իրենց հետ կատարված փաստից: Ես լիովին հասկացա ու մտա իրենց դրության մեջ՝ անծանոթ լինելով այդ տնօրենի գործունեությանը:
Մի՞թե կարելի է այսպես շարունակել, Սահմանադրությամբ պահանջել, ասել, խոսել մի բան ու անել ճի՛շտ հակառակը: Կառավարության վերոնշյալ որոշումից առաջ Արմավիրի մարզպետը պարտավոր էր օպտիմալացման այս ծրագիրը ներկայացնել Փարաքար համայնքին, քննարկել ժողովրդի հետ օպտիմալացման արդյունքում ծագելիք բոլոր խնդիրներն ու գտնել երկուստեք ընդունելի լուծումներն, այն էլ ո՛չ օգոստոսի վերջին, ուսումնական տարին սկսելուց անմիջապես առաջ: Նոյեմբերի 6-ին Փարաքարի միջնակարգ դպրոցի աշխատակազմը սկսելու է աշխատել նոր, լարված ու անառողջ մթնոլորտում, որը միանշանակ անդրադառնալու է երեխաների կրթության կազմակերպման որակի վրա այն դեպքում, երբ նման բոլոր որոշումների հիմնավորումների մեջ կա օպտիմալացման հետ կապ չունեցող մի նախադասություն՝ կբարձրանա կրթության որակը: Ծիծաղելի հիմնավորում:
Ի դեպ հանրապետության բոլոր օպտիմալացված դպրոցներում այս վիճակն է: Ուսումնական տարվա սկզբից 2 ամիս անց,այդ դպրոցներում տեղի են ունենում գործողություններ, որոնք հակացուցված են կրթության որակը բարձրացնելու երազանքի տեսանկյունից:
Տեսնես այդ դպրոցների օպտիմալացման որոշումներն ընդունելուց առաջ այս հարցը տրվե՞լ է ՀՀ վարչապետին, ԿԳ նախարարը, մարզպետները, Երևանի քաղաքապետը մտահոգվե՞լ են, իրենց մի պահ դրե՞լ են փակվող դպրոցների երեխաների տեղը, թե՞ մտածել են՝ իմ երեխան չի՛ այդ տեղ սովորում, ինձ՝ ի՞նչ:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ