Լրահոս
Օրվա լրահոսը

Հռչակագիր «Հանուն Հայաստան պետության» ճակատի ստեղծման վերաբերյալ

Նոյեմբեր 03,2017 15:09

ՀՌՉԱԿԱԳԻՐ

Մենք՝ ՀՀ ներքոստորագրյալ քաղաքացիներս, ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՎ, որ՝

Անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից, Արցախյան պատերազմի հաղթանակից ի վեր Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ներդնելով ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ սահմանադրությամբ հաստատված կարգ,  հետևողականորեն ոչնչացնելով հանրային և անհատական ազատությունները, սոցիալական արդարությունը, իսկ արտաքին հարաբերությունների հիմնական ուղղություններում ամբողջովին զիջելով ինքնիշխանությունը օտար ուժերին, արդեն իսկ Հայաստանը կանգնեցրել են գաղութացման, պետության վերջնական  կործանման շեմին:

Արտագաղթը՝ որպես այդ քաղաքականության ուղղակի հետևանք, զրկում  է Հայաստանի Հանրապետությանը` ներառյալ Արցախը, ոչ միայն բնականոն զարգացման հեռանկարից, այլև նվազագույն անվտանգությունն ապահովելու կարողությունից, ավելին՝ չնվազող արտագաղթը իրական սպառնալիք է ոչ միայն Հայոց պետության գոյության համար, այլև կհանգեցնի վերջնական հայրենազրկման:

Վերջին երկու տասնամյակում անիրավության, անարդարության և իրավազրկվածության դեմ մղվող պայքարի բոլոր փորձերը իրարահաջորդ վարչախմբերը ճնշել են զինված ստորաբաժանումների, իրավապահ համակարգի ու դատարանների, պատվիրված դատավճիռների միջոցով. շինծու, անհեթեթ, մտացածին քրեական մեղադրանքներով ամբաստանվում են իրավիճակին չհամակերպված, ընդվզող, հանուն Հայաստան պետության պայքարի ելած նվիրյալները` բանտերը համալրելով նորանոր քաղբանտարկյալներով:

Իրավիճակն ավելի մտահոգիչ են դարձնում ժողովրդի զգալի հատվածում արմատացած հուսալքությունը, հավատի կորուստն արդարության, ապագայի հանդեպ, օտարացումը, սոցիալ-հոգեբանական աստիճանական անկումը:

ՀՀ անկախությունից ի վեր ստեղծված հակաժողովրդավարական պետական  կառավարման համակարգում գործող իշխանությունները բնակչության մի ստվար զանգվածի դատապարտել են ծայրահեղ չքավորության՝ հասցնելով մեր ինքնությանն անհարիր մուրացկանության, բացահայտ քվեավաճառության ու հանրային ցինիզմի այլ դրսևորումների:
ԳԻՏԱԿՑԵԼՈՎ, որ՝
– Վիճակն օրհասական է, և հիմա է որոշվում Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի հետագա գոյության  ճակատագիրը.

– Առանց անկախ, ինքնիշխան Հայաստան պետության գոյության վտանգվում է հայ ազգի հարատևումն ընդհանրապես.

ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՆԱԼՈՎ՝

– Կասեցնելու Հայաստանի Հանրապետության վերջնական փլուզումն ու ինքնիշխանության կորուստը,

– Վերացնելու Հայաստանի Հանրապետության՝ 1990 թ. Անկախության հռչակագրի դրույթներին հակասող սահմանադրական, օրենսդրական բոլոր ակտերը, պայմանագրերը և փաստացի դրսևորումները՝ վերջ դնելով երկրի գաղութացման բոլոր նկրտումներին,

– Բացառելու Հայաստանի Հանրապետության՝ ներառյալ Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ առևտուր կամ սակարկություն,

– Հաստատելու ազգային համերաշխության, գիտակցված և ազատ կամարտահայտման վրա հիմնված սահմանադրական իրավակարգով ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն,

ՀՌՉԱԿՈՒՄ ԵՆՔ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ճակատի ստեղծումը:

Ճակատը, առաջնորդվելով նոր որակի, ինքնիշխան, ազատ ու արդար հայկական պետություն կառուցելու տեսլականով, թվարկված նպատակների իրագործումը տեսնում է միմիայն համաժողովրդական համախմբմամբ ու միասնական ջանքերով նոր, ժողովրդավարական, օրինական-սահմանադրական կարգի հաստատմամբ, ՀՀ ներկայիս վարչախմբի հեռացմամբ ժողովրդական վստահության ժամանակավոր անցումային կառավարության ձևավորման ու գործող պետական կառավարման համակարգի ամբողջական փոփոխության միջոցով:

Խորապես համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացիները և հայ ժողովուրդն ունակ են վերջ տալու փլուզման ներկա գործընթացին, կառուցելու քաղաքացուն և հայ մարդուն հարիր արժանապատիվ պետություն:

Համոզված ենք, որ տիրող հուսալքության, անելանելիության, անտարբերության ներկա հոգեվիճակը, անկասկած, հնարավոր է բարեշրջել:

Ակնկալում ենք կամք ունեցող Հայաստանի բոլոր քաղաքացիների ու արտերկրում բնակվող մեր հայրենակիցների՝ այս խնդրով մտահոգ մարդկանց համախմբումը, համազգային ներուժի ձևավորումը:

Ճակատը բաց է հռչակված նպատակներին հասցնող «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ բոլոր առաջարկների համար:

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ  ճակատի նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930