Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մարկեդոնով. «2016-ի քառօրյա պատերազմի գերին ենք դարձել»

Նոյեմբեր 03,2017 14:36

Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ Արցախի հարցով զբաղվողները կարծես դարձել են 2016-ի քառօրյա պատերազմի գերին, քանի որ քառօրյա պատերազմն, ըստ նրա, կարծես ջրբաժան է դարձել: Ինքը համամիտ չէ այս մոտեցման հետ, կարծում է, որ մինչ քառօրյա պատերազմը սահմանային լարվածությունները նույնպես աննախադեպ դրսեւորումներ են ունեցել եւ հիշեցնում է` 2010-ի ամառը, 2014-ի օգոստոսը, 2015-ը, երբ առաջին անգամ տանկեր գործի դրվեցին, ուղղաթիռը հարվածեցին: Ու նկատում` հրադադարի խախտման ցանկացած դեպք, խախտում է, յուրաքանչյուրն էլ միջադեպ է:

Այս ամենի մասին այսօր քաղաքագետը խոսեց Հայ-ռուսական համալսարանում`«Ազգային ինքնության հիմնահարցերը արդի համաշխարհայնացման պայմաններում» միջազգային գիտաժողովի ժամանակ:

2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը քաղաքագետը համարում է «ուժային կենտրոնների փոփոխության արդյունք»: Ուշադրություն է հրավիրում Թուրքիայի դիրքորոշումների եւ գործողությունների վրա: Թուրքիան, ի դեպ, հարցի կարգավորման միջազգային մանդատ ունեցող ձեւաչափում ընդգրկված չէ, բայց ունի հարցի կարգավորման սեփական պատկերացումները`հստակ եւ բացահայտ աջակցում է Ադրբեջանին:

Բանախոսը նկատում է, որ այս հակամարտության կարգավորման գործընթացում Արեւմուտքը, ԱՄՆ-ը եւ ՌԴ-ն, կողմերից որեւէ մեկին չեն պաշտպանում: Ավելին, աշխարհում արցախյան հակամարտությունը թերեւս միակ հարթակն է, որտեղ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը տարաձայնություններ չունեն: Եզրակացնում է. «Թուրքիան հոգնել է փոքր եղբոր դերը խաղալ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար, նրանք ուզում են ինքնուրույն քաղաքականություն վարել ոչ միայն Ղարաբաղի, այլեւ մի շարք այլ հարցերի շուրջ»:

Նա հավելում է, որ ինքնուրույն խաղացողի կեցվածքը Թուրքիան դրսեւորեց նաեւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կյանքի կոչմամբ. «Չնայած նրան, որ ԱՄՆ բավական կոպիտ է արտահայտվել սրա վերաբերյալ, Թուրքիան գնաց դրա բացմանը»:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա փորձագետի դիտարկմամբ, այն միակ պետությունն է, որը դեմ է հարցի լուծմանը`Մադրիդյան նորացված սկզբունքներով: Ասում է` Իրանն այլընտրանք ունի: Թե ո՞րն է`չի հստակեցնում:

Սերգեյ Մարկեդոնովը նկատեց, որ ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային տարածքում միակ հարթակն է, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը համաձայնություն ունեն իրար հետ:

Սերգեյ Մարկեդոնովը նաեւ «մեծ իլյուզիա» է համարում մոտեցումը, թե հարցի կարգավորման գործընթացում հասարակական հատվածի ներգրավումը եւ այսպես ասած՝ ժողովրդական դիվանագիտության կիրառումը դրական արդյունքների կհանգեցնի: Ասում է`հասարակություններն ավելի կոշտ դիրքորոշումներ ունեն, քան քաղաքական գործիչներն ու փորձագետները: Օրինակ է բերում. «Հիշո՞ւմ եք, Հայաստանում մեծ աղմուկ եղավ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանի հայտարարության շուրջ, որ նա ուզում է ինչ-որ բան հանձնել, զիջումների գնալ: Նալբանդյանը ոչինչ էլ չէր հանձնում: Նա դիվանագետ է, իսկ հանրությունը կարող է երեւակայել այն, ինչ ուզում է»:

Ինքն այն կարծիքին է, որ հակամարտությունները երկար ժամանակ են պահանջում`հանգուցալուծման համար, քանի որ ներառում են մարդկային կյանքեր, ճակատագրեր. «հակամարտությունները գրիպ չեն, որ արագ լուծվեն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Это же элементарно! says:

    Если вышесказанное соответствует действительности, то просто можно было наложить жесткие санкции на нарушителя мира, тем самим оставляя сторонам только путь переговоров. Так как это не делается то это означает, что названные игроки стараются извлечь от конфликта максимальную выгоду для себя, и не надо тут лукавить!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930