Ժիրայր Սևֆիլյանի կոչին արձագանքած հասարակական-քաղաքական գործիչների նախաձեռնող խումբը հանդես եկավ հայտարարությամբ: Նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ընթերցեց փաստաթուղթը, որով հռչակվում է Հանուն Հայաստան պետության ճակատի ստեղծումը: Հռչակագրում ամրագրված է. «Ակնկալում ենք կամք ունեցող քաղաքացիների և արտերկրում բնակվողների համախմբումը: ՀՀ քաղաքացին ունակ է փլուզման ներկա գործընթացին վերջ տալ և կառուցելու արժանապատիվ պետություն»:
Նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը զգուշացրեց՝ ներկա համակարգի հետ կոմպրոմիսի չեն գնալու. «Բոլորս էլ գիտենք, որ չարիքն այս համակարգից է գալիս: Ինչ էլ լինի, այս համակարգի հետ կոմպրոմիսային լինել չի կարող: Մեր նպատակների իրականացումը պիտի լինի հիմնված համազգային համերաշխության սկզբունքի, ժողովրդի, քաղաքացու կամարտահայտման իրավունքի իրացման վրա: Այս իշխանությունները, ցավոք, ոչ մի հույս չեն ներշնչում, որ իրենց կողմից վերահսկված չակերտավոր ընտրությունների միջոցով հնարավոր է իրավիճակ փոխել: Լուծումը պետք է լինի համաժողովրդական մոբիլիզացիայի միջոցով»:
Ճակատի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը նկատեց՝ մի իրավիճակ է ստեղծվել, երբ քաղաքական մի նժարը բռնազավթվել է իշխանության կողմից, իսկ հակակշռողը՝ ընդդիմադիր զանգվածը, ոչ միայն չի կարողանում նժարի կոնֆիգուրացիան փոխել, այլև թեթևակի տատանումներ էլ չեն լինում. «Մեր խնդիրը ոչ թե ընդդիմադիր միավոր ձևավորելն է, այլ իրավիճակ փոխելը: ՀՀԿ-ն և իրեն սպասարկող քաղաքական կուսակցությունները բռնազավթել են երկիրը, և նրանց պետք է թույլ չտալ, որ դա շարունակվի: Ամեն օր կարող ենք սպասել Արցախի հարցում իշխանությունների խայտառակ քաղաքականության իրականացում»:
Ճակատի անդամ Թամար Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ արդեն ունեն 40 ստորագրություն և դրանց հավաքագրման ընթացքը շարունակվում է: Այնուհետև հայտնեց, որ մարզերում արագ սկսելու են ստեղծել իրենց բջիջները և ավելի որոշակի քայլեր անել ժողովրդին համախմբելու համար:
Ճակատի անդամ Արմեն Հովհաննիսյանն էլ հիշեցրեց. «Մենք ունենք «Սասնա ծռեր» ու տասնյակ այլ ազատազրկված գործող մարդիկ: Բայց երբ մտավորականը, փաստաբանը, որոնք շատ թե քիչ ապահով պայմաններում են ապրում, միանում են այդ կոչին, հակված եմ դրանում տեսնել ապագա հաղթանակի գրավականը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ