«Եթե ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ չլիներ այն հակամարտական ներուժը, որը տեսնում ենք այսօր, չի բացառվում, որ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը համատեղ ճնշումներ գործադրեին հակամարտող կողմերի վրա եւ հանգեին ինչ-որ կոմպրոմիսների»,-այս կարծիքին է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Վերջինս Հայաստանում է գտնվում Հայ-ռուսական համալսարանի 20-ամյակի շրջանակներում անցկացվող «Ազգային ինքնության հիմնահարցերը արդի համաշխարհայնացման պայմաններում» միջազգային գիտաժողովի շրջանակներում:
Այսօր լրագրողների հետ զրույցում փորձագետը նկատեց`Արցախի կարգավորման հարցն այս պահին ոչ ՌԴ-ի, ոչ ԱՄՆ-ի համար առաջնային չէ. «Կոպիտ ասած`այնտեղ շատ չեն կրակում, փառք Աստծո: Գուցե դիտարկումս մի փոքր ցինիկ է, բայց գոնե անկեղծ է»:
Նա չի կարծում, որ նախագահների շարունակվող հանդիպումները կարող են հարցի կարգավորման գործընթացում առաջընթացներ գրանցել. «Չի լինի, քանի որ դեռ հասարակական ընկալումներում շատ խնդիրներ կան»:
Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ նախագահների հանդիպումներն ընդամենը փորձեր են: Անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ Ժնեւում կայացած վերջին հանդիպմանն էլ՝ փորձագետն ասաց. «Եթե չլինեն այդ բանակցությունները, կլինի պատերազմ: Ուստի, երբ ասում են, թե բանակցություններն արդյունքի չեն հանգեցնում`հարց է`ի՞նչ ենք հասկանում արդյունք ասելով: Այսօր կայուն ստատուս-քվոն ամենալավ իրավիճակն է, որ կա`ի նկատի ունենալով այն, որ կողմերը պատրաստ չեն փոխզիջումների, նաեւ`բանակցությունների բացակայությունը: Որքան ես եմ հասկանում, բովանդակային բանակցություններ 2011 թվականից ի վեր, կազանյան գագաթնաժողովից սկսած, առհասարակ չեն ընթանում: Ամեն հանդիպումը հայտարարություն է`եկեք ամեն դեպքում չպատերազմենք: Եվ դրանից անմիջապես հետո էսկալացիա է լինում»:
Այլ մանրամասները`տեսանյությում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ