«Թեղուտում հեղուկ թափոնները թափվում են Դեբետ և մոտակա գետեր: Գետի աղտոտումը շատ մեծ բարդություններ է առաջացնում հողագործությամբ զբաղվող մարդկանց համար: Կար նաև խնդիր կապված հանքի համար տարածք ձեռք բերելու հետ: Այստեղ հաշվի չէին առնվել տեղական բնակչության մտահոգությունները»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը Դանիացի հետաքննող լրագրող Յենս Մալինգը ներկայացրեց Թեղուտի հանքի շահագործման հետ կապված որոշ խնդիրներ:
Թեղուտի չարաշահումների վերաբերյալ Յենս Մալինգը հոդվածաշար ունի: Հենց այդ հոդվածաշարից հետո էլ դանիական ընկերությունը դադարեցրել է հանքի շահագործման համար տրվող վարկավորումը: Յենս Մալինգն իր բացահայտումների մասին մանրամասնեց. «Պղինձը կորզվում էր հանքից ու ձուլվում Ալավերդիում: Թեղուտում և Ալավերդիում աշխատողների համար վատ պայմաններ կային: Այդ անձինք հատկապես խոցելի են հիվանդությունների՝ մասնավորապես քաղցկեղի համար: Ալավերդու հանքը մեծ աղտոտման աղբյուր է»:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը վրդովվեց, թե, ի վերջո, պետք է պայթեր այն իրավիճակը, որ ՀՀ-ում ստեղծվել է: Տիկին Դանիելյանը նկատեց. «Մի կողմից հայտարարում ենք մեր գերակա զարգացման ուղիների մասին՝ առողջապահական տուրիզմ, մաքուր գյուղատնտեսություն, մյուս կողմից անվերահսկելի, էքստրեմալ զարգացող հանքարդյունաբերություն: Եթե այսպես շարունակենք, ապա մեր երկիրը, որ ներկայացնում ենք՝ որպես թանգարան բաց երկնքի տակ, դառնալու է բաց երկնքի տակ հսկայական հանք ու պոչամբար: Հանքարդյունաբերության վնասներն ավելի մեծ են մեզ համար, քան այն տնտեսական օգուտը, որ պետք է գա բյուջե»:
Տիկին Դանիելյանը հայտարարեց՝ իրեն տեղեկություններ են հասել, որ հիմա հարսանիքներին ամենալավ նվերը հանքն է. մարդիկ հանք են նվիրում:
ՀՀ ԳԱԱ-ի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանն ամենառիսկայինը համարեց հանքալեռնային արդյունաբերության տարածքները. և՛ էկոլոգիական ռիսկեր ունենք, և՛ առողջական, երբ վտանգված է մարդու գենոֆոնդը. «Մեզ մոտ շատ են մետաղական հանքավայրերը, և մեծամասնության մեջ կան վտանգավոր տարրեր ՝ այսինքն՝ ազդեցությունը բավականին լայն մակերեսով է, մյուս կողմից ինքնամաքրման մեխանիզմ չունի: Այսօր արդեն մեր սննդամթերքն է աղտոտված, և վնասի շրջանակը չի սահմանափակվում հանքալեռնային տարածքներով: Ունենք շատ լուրջ, համակարգային խնդիրներ: Ընդունել ենք բավականին փափուկ օրենսդրություն, որն առավելություն է տալիս հանքարդյունաբերական ընկերություններին: Ունենք կոռուպցիոն ռիսկեր պետական համակարգում, քանի որ չի վերահսկվում իրադրությունը»:
Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը վստահեցրեց, որ միշտ էլ իրենք բոլորը մասնակցել են Թեղուտի պահպանմանն ուղղված ակցիաներին՝ շահագործման առաջին իսկ օրերից. «Վատն այն է, որ մեր իշխանություններն իրականությունը չեն ուզում տեսնել, չեն ուզում տեսնել, թե ինչ վնասներ են հասցնում հետագա սերունդներին: Իրենց հետաքրքրում է միայն իրենց անձնական շահն ու գրպան մտնող գումարը»:
«ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն էլ մտահոգություն հայտնեց, թե Թեղուտը շահագործող ընկերությունն ուզում է հանքարդյունաբերության ծավալներն ավելացնել. «Երկու ամիս առաջ ենք եղել այնտեղ: Ընկերությունն ուզում է ծավալներն ավելացնել՝ հասցնել մինչև 15 միլիոն տոննա տարեկան հանքանյութի: Դա արդեն համեմատվում է Քաջարանի հետ, որն ավելի հարուստ է: Այս ամենի հետևանքով մենք կունենանք շատ ավելի վտանգավոր լցակույտեր, դատարկ ապարներ: Արդեն ունենք աղետալի իրավիճակ, և բնակիչները բարձրացնում են այդ հարցը, որ իրավունք չունեք ընդլայնելու ծավալները, մինչև այն վնասները, որ հասցվել են, չվերացնեք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի