Այսօր լրագրողները խորհրդարանում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարցրեցին՝ Սերժ Սարգսյանը խոստացել է 2040-ին բնակչությունը դարձնել 4 մլն, դուք որքանո՞վ եք սա իրատեսական համարում, կարո՞ղ եք նաեւ հայրենադարձության միջոցով ապահովել 4 մլն-ը: Նախարարը պատասխանեց, որ եթե ՀՀ նախագահը հայտարարել է, դրան համապատասխան նաեւ հաշվարկներ, մոտեցումներ, ճշգրտումներ արդեն արվել է. «Ինչ վերաբերում է սփյուռքի ոչ միայն բնական, մեխանիկական աճի առումով, մենք 2018-ին նախատեսել ենք հայրենադարձության նախապատրաստական աշխատանքները, մշակելու ենք հայեցակարգ, ուսումնասիրում ենք մյուսների փորձը, մշակելու ենք օրենք՝ հայրենադարձության մասին, մասնագիտական հայրենադարձության համար ենք փորձում աշխատանքներ իրականացնել»:
Նախարարն ասաց, որ առողջապահական, կրթական, սոցիալական որոշակի պայմաններ առաջարկեն:
Հարցին՝ հաշվի առնելով, որ հիմա երկրից ավելի շատ գնում են, արտագաղթում են, քան վերադառնում, ինչպե՞ս պիտի շահագրգռեք, որ հետ գան՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց, որ հազարավոր մարդիկ վերադառնում են. ««Առավոտ լուսո» ծրագրում ամեն օր հայրենադարձներ են խոսում, ունենք «Մերոնք ծրագիրը, որտեղ նկարում, կամ այցելում ենք այդ ընտանիքներ, հասկանում ենք, թե ինչպես են նրանք եկել, հաստատվել: Վկան նաեւ այն 22 հազար սիրիահայերն են, որոնք չգնացին Շվեդիա կամ Կանադա, չգնացին Լիբանան կամ Թուրքիա, եկան եւ հաստատվեցին ՀՀ-ում, կարողացան բիզնես դնել, գործ անել, աշխատանք տանել, այսինքն, ցանկության դեպքում, եթե ուզենաս, միշտ էլ գործ կարելի է գտնել»:
Հարցին՝ ձեր կարծիքով ինչո՞ւ են արտագաղթում ՀՀ-ից՝ նախարարը պատասխանեց, որ տարբեր են պատճառները. «Մեկը գնում է ավելի բարձր աշխատավարձ ստանալու, մեկը գնում է ընտանիքի հետ միավորվելու, մեկը ինչ-որ մեկից նեղանում, վիրավորվում է, գնում է»:
Հրանուշ Հակոբյանն ասաց, որ պետք է Հայաստանը հզորացնենք, տնտեսությունը զարգացնենք, ավելի բարելավենք վիճակը, որ չարտագաղթեն, հետ գան:
Aravot.am-ը հարցրեց՝ Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովը ցույց տվեց, որ սփյուռքահայերին այլեւս ռոմանտիկ գաղափարներով չի լինում գայթակղել, նրանք դրանցով այնքան էլ տոգորված չեն, շատ բողոքներ հնչեցին, օրինակ՝ Զարեհ Պալյանը բողոքեց: Հրանուշ Հակոբյանը արձագանքեց. «Իսկ դուք իմացա՞ք, որ Զարեհ Պալյանի հայտարարությունները բոլորը ճիշտ չեն, հիմա ուսումնասիրվում է: Նա այստեղ 4 բիզնես չի դրել, նա ընդամենը մի ընկեր է ունեցել, ինչ-որ գումար է տվել ընկերոջը, ընկերը վերցրել է, գնացել է Վրաստան կամ Ռուսաստան եւ ինքը այդ ընկերոջը չի գտնում: Հիմա ինքը նամակ է գրում, ասում է, որ այդպես չի, ինձ սխալ են հասկացել: Մենք էլ ասացինք հարցեր ուղարկենք, թող պատասխանի, որ պարզ լինի: Մեկ օրինակը, երկու օրինակը չի կարող…»:
Երբ ասացինք, որ միայն Պալյանը չէր բողոքում, Շխրտումյանը եւ մի շարք այլ սփյուռքահայեր դժգոհություններ ունեին՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Դե հիմա կարող է, իսկ ո՞վ ասեց, որ 100 տոկոսով բոլոր բիզնեսները կայանում են: Բիզնես կա, որ կայանում է, իսկ ինչո՞ւ չեք տեսում Էռնեկյանի բիզնեսը, ինչո՞ւ չեք տեսնում մյուսների բիզնեսը՝ Սերգեյ Համբարձումյանի, Կարապետյանի բիզնեսը, Վարդանյանի, մյուսներինն էլ տեսեք: Ով որ ուզում է գործ անել՝ գործ է անում, ով որ չի ուզում գործ անել, բայց իրեն հայրենասերի տեղ է դնում, սկսում է քննադատել: Պետք է գործ անել, գործ անելու ընթացքում կլինեն լավ բաներ, վատ բան էլ, առաջընթաց էլ, հետընթաց էլ, բայց գործ անողը արդյունքի է հասնում: 3 տարում ինչպե՞ս է կարողանում սիրիահայը բիզնես զարգացնել, բայց մենք մենակ խոսում ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ