Ժնև, 3-ը նոյեմբերի, 2017թ. – Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, ահռելի թվով երեխաներ, որոնցից շատերը ընդամենը տասներկու ամսական են, բռնության են ենթարկվում հաճախ այն անձանց կողմից, ում վստահված է նրանց խնամքը։
«Ծանոթ դեմք. բռնությունը երեխաների և դեռահասների կյանքում» զեկույցը պարունակում է նորագույն տվյալներ՝ լույս սփռելու այն հանգամանքի վրա, որ երեխաները բռնության են ենթարկվում մանկության բոլոր փուլերում աշխարհի բոլոր անկյուններում:
«Անընդունելի է, որ աշխարհի բոլոր տարածաշրջանների երեխաները բռնության են ենթարկվում վայրերում, որտեղ նրանք ամենաապահովը պիտի լինեն՝ իրենց տներում, դպրոցներում և համայնքներում: Բռնության հետևանքները կարող են ուղեկցել երեխային կյանքի որջ ընթացքում և հաճախ սերնդեսերունդ փոխանցվել»,- նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրեն Աֆշան Խանը (Afshan Khan): «Այս բացահայտումները պետք է արթնացման կանչ լինեն՝ բռնությունից պաշտպանելու յուրաքանչյուր երեխայի»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնահերթություն է տալիս բռնության վերացմանը, այդ թվում՝ աջակցելով կառավարության ջանքերին բարելավել բռնության ենթարկված երեխաներին մատուցվող ծառայությունները, մշակելով երեխաներին պաշտպանող քաղաքականություն և օրենքներ և օժանդակելով ծնողներին, համայնքներին ու երեխաներին կանխել բռնությունը մի շարք գործնական ծրագրերի միջոցով, ինչպես օրինակ՝ ծնողավարության դասընթացների ու ընտանեկան բռնության դեմ ուղղված գործողությունների։
Երեխաների դեմ բռնությանը վերջ դնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին կոչ է անում անհապաղ գործի անցնել և միանալ «ՈԳԵՇՆՉԵ՛ՆՔ» (INSPIRE) անունը կրող օրակարգին, որը ներառում է հետևյալ կետերը՝
Կազմել լավ համակարգված ազգային պլաններ երեխաների հանդեպ բռնությունը կանխելու համար՝ ներգրավելով կրթության, սոցիալական ապահովության, իրավադատական և առողջապահական համակարգերը, ինչպես նաև՝ հենց համայնքներն ու երեխաներին:
Փոխել չափահասների վերաբերմունքը և վերացնել այն գործոնները, որոնք նպաստում են երեխաների հանդեպ բռնությանը, ինչպես օրինակ՝ տնտեսական ու սոցիալական անհավասարությունները, բռնությունն արդարացնող սոցիալական ու մշակութային նորմերը, անհամապատասխան քաղաքականությունն ու օրենսդրությունները, բռնությունից տուժածների համար նախատեսված թերի ծառայությունները և արդյունավետ կերպով բռնությունը կանխարգելող և բռնությանը հակազդող արդյունավետ հատկացվող սահմանափակ միջոցները:
Ազգային քաղաքականությունը կենտրոնացնել բռնի վարքագիծը նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ նվազեցնելով անհավասարությունները և սահմանափակելով զենքի և զինամթերքի հասանելիությունը:
Կառուցել սոցիալական համակարգեր և վերապատրաստել սոցիալական աշխատողներին բռնության ենթարկված երեխաներին ուղղորդելու և խորհրդատվական ու թերապևտիկ/հոգեբանական ծառայություններ մատուցելու համար:
Երեխաներին, ծնողներին, ուսուցիչներին ու համայնքի անդամներին սովորեցնել ճանաչել բռնությունն իր բոլոր ձևերով և հնարավորություն ընձեռել նրանց առանց վախի տեղեկացնել բռնության մասին համապատասխան մարմիններին:
Զատորոշված ու մանրամասն փաստեր հավաքագրել երեխաների նկատմամբ դրսևորված բռնության մասին և հետևել առաջխաղացմանը շարունակական մշտադիտարկման և գնահատման միջոցով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2015թ.-ի տվյալների, Հայաստանում՝
1-14 տարեկան տասը երեխաներից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ենթարկվել են հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի:
Հոգեբանական ագրեսիան ավելի տարածված է, քան ֆիզիկականը. երեխաների երկու երրորդից ավելին (65 տոկոս) ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի:
Բռնի մեթոդները գրեթե հավասարապես կիրառվել են թե՛ աղջիկների (67 տոկոս), թե՛ տղաների (71 տոկոս) նկատմամբ:
Մեկ և երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որևէ բռնի մեթոդ:
Դաստիարակության բռնի մեթոդները գրեթե նույն կերպով տարածված են քաղաքային (68 տոկոս) և գյուղական (71 տոկոս) բնակավայրերի երեխաների շրջանում:
Սյունիքի և Վայոց ձորի մարզերի երեխաներն ամենաքիչն են ենթարկվել դաստիարակության որևէ բռնի մեթոդի (համապատասխանաբար 56 և 59 տոկոս): Եվ հակառակը, Արագածոտնի և Լոռու մարզերի տասը երեխաներից մոտ ութի նկատմամբ կիրառվել է որևէ բռնի մեթոդ:
###
Զեկույցում ներառված էական փաստեր՝
Բռնություն երեխաների նկատմամբ իրենց ընտանիքներում․
Ընտանեկան բռնություն վաղ մանկության տարիներին.
Աշխարհում 2-ից 4 տարեկան երեխաների երեք քառորդը՝ գրեթե 300 միլիոն երեխա, իրենց տանը ենթարկվում է հոգեբանական ագրեսիայի և (կամ) ֆիզիկական պատժի իրենց խնամողների կողմից։
Համաձայն 30 երկրներից ստացված տվյալների, մեկ տարեկան յուրաքանչյուր 10 երեխայից գրեթե 6-ը պարբերաբար ենթարկվում է բռնի կարգապահության: Մեկ տարեկանների գրեթե մեկ քառորդին, որպես պատժամիջոց թափահարում են, և յուրաքանչյուր 10-ից մեկը հարվածներ է ստանում դեմքի, գլխի կամ ականջների շրջանում։
Ամբողջ աշխարհում մինչև 5 տարեկան երեխաներից 4-ից 1-ի (177 միլիոն) մայրը սեռական զուգընկերոջ կողմից գործածված բռնության զոհ է:
Սեռական բռնություն աղջիկների ու տղաների նկատմամբ․
Ամբողջ աշխարհում 15-19 տարեկան դեռահաս մոտ 15 միլիոն աղջիկ կյանքի ընթացքում բռնի սեռական հարաբերություն է ունեցել կամ ենթարկվել սեռական բնույթի այլ բռնության։
Սեռական բռնության զոհ դարձած աղջիկների միայն 1 տոկոսն է վկայում, որ դիմել է համապատասխան մասնագիտական օգնության։
Համաձայն 28 երկրներից ստացված տվյալների, բռնի ուժով սեռական հարաբերություն ունեցած դեռահաս աղջիկների 90 տոկոսը վկայել են, որ առաջին միջադեպի մասնակիցը իրենց ծանոթ է եղել։ Ըստ 6 երկրներից ներկայացրած տվյալների՝ ընկերները, համադասարանցիները և զուգընկերները առավել հաճախակի էին նշվում որպես դեռահաս տղաների նկատմամբ սեռական բռնություն գործած անձինք։
Բռնությունը դպրոցներում.
Դպրոցահասակ բնակչության կեսը՝ 732 միլիոն երեխա, ապրում են այնպիսի երկրներում, որտեղ ֆիզիկական պատիժը դպրոցներում լիովին արգելված չէ:
Եվրոպայի 39 երկրում և Հյուսիսային Ամերիկայում բնակվող յուրաքանչյուր 10 դեռահասից գրեթե 3-ը՝ 17 միլիոն, ընդունել է, որ դպրոցում հալածել է այլոց:
Վերջին 25 տարիներին դպրոցներում գրանցված կրակոցները տեղի են ունեցել ԱՄՆ-ում:
Ամբողջ աշխարհում, կամ գրեթե 3 աշակերտից ավելի քան 1-ը՝ գրեթե 130 միլիոն հալածանքի(բուլիինգի) են ենթարկվում: