Լրահոս
Օրվա լրահոսը

Վկա. «Սեֆիլյանի, Պավլիկ Մանուկյանի, «Միայնակ Գայլի» պես տղեքին որ դատում են, հեչ սրտովս չի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 03,2017 13:05

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում այսօր որպես վկա հարցաքննվեց Արցախում պայմանագրային զինծառայություն իրականացնող Հովհաննես Մինասյանը, որին մինչ այդ չէր հաջողվում հրավիրել դատարան (վկաների հարցաքննության փուլը կայացել է):

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ, մասնավորապես՝ զորամաս եւ Երեւանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ:

Վկայի ցուցմունքից պարզ դարձավ, որ նա համակրում է ՀԽ-ին եւ վերջինիս համարում հայրենասիրական կազմակերպություն: Մինասյանի խոսքով՝ Ժիրայր Սեֆիլյանին ինքը ճանաչում է որպես ազգի հերոս. «Կուզենայի, որ մեր երիտասարդներն այդպիսին լինեին…«Հիմնադիր» խորհրդարանը պայքարի էր դուրս եկել ազնիվ ճանապարհով, բայց թույլ չէին տալիս: Նրանք խուլիգանություն չեն արել…Սեֆիլյանի, Պավլիկ Մանուկյանի, «Միայնակ Գայլի» (նկատի ունի ազատամարտիկ, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արայիկ Խանդոյանին.-խմբ.) պես տղեքին որ դատում են, հեչ սրտովս չի…նրանք զենք են վերցրել ու կռվել հայրենիքի համար»:

Այնուհետեւ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում էական հակասություն կար: Մասնավորապես, նա քննիչի մոտ նշել է, թե ՀԽ-ի գաղափարները չի կիսում, քանի որ դրանք կապված են սահմանային իրավիճակի հետ եւ անկայունություն ստեղծելով՝ նպաստում են լարվածության աճին: «Իմ կարծիքով՝ լարվածությունը կայանում է նրանում, որ «Հիմնադիր խորհրդարանը» երկրի ներսում խառնաշփոթ կստեղծի, եւ թշնամին կօգտվի նրանից»,-ասված է նրա ցուցմունքում:

Լսելով հրապարակված ցուցմունքը՝ Հովհաննես Մինասյանը դատավորին զավեշտալի հարց ուղղեց՝ «կարո՞ղ եմ փոխել այն», ապա տարակուսանք հայտնեց, որ երկու տարի առաջ ասվածը գուցե ճիշտ գրված չէ. «Բաներ կան, որ իրականությանը չեն համապատասխանում, օրինակ, որ ՀԽ-ն հարձակում, բան է կազմակերպել…»,-ասաց նա:

Մինասյանն անգամ չհիշեց՝ ի՞ր ձեռքով է գրել ցուցմունքը, թե ոչ, ապա այն նայելուց հետո հայտարարեց. «Քննիչն է գրել, իմ ձեռագիրը չի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «որ դատում են, հեչ սրտովս չի… »,
    եւ այստեղ է արդէն Հայաստանի բնակչութեան մի հատուածի էական շփոթներից մին…

    սիրտը ի՞նչ կապ ունի դատավարութեան հետ,
    զգացումները ի՞նչ կապ ունին Օրէնքի հետ…
    ոչ մէկ կապ

    դատը, Օրէնքի կիրառումը, բացառապէս ուղեղային, ծայրագոյն չափով առարկայական գործընթացներ են… այլապէս անիմաստ կը դառնան…

    նոյնիսկ պատիժի վերաբերող «մեղմացուցիչ հանգամանքների» պարագային, սոյն հանգամանքները սրտով չէ որ կը բնորոշուին, այլ փաստացի տուեալների առարկայական արժեւորումով…

    թերեւս երկիր համար այս տեսակի անձանց դատերի օգուտներէն մին լինելու է այն, որ քաղաքացիները հասկանալու են թէ ինչ է նշանակում Օրէնք, դատ… թէ որ չեն հասկանում, քանի որ ափսոս, ցարդ, բաւարար չափով չէ հաստատուած այդ իրականութիւնը երկրում, դա արդէն ուրիշ խնդիր է… այդ մասին բազմիցս գրել է այս թերթի Խմբագիրը… «ուրիշը Օրէնքը չի յարգում»ը օրինական պաշտպանութիւն չի կարող լինել… ի դէպ, դա բարոյական մակարդակի վրայ ել յանցագործութեան արդարացում չի…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930