«Համաձայնագիրը տպագրված է, կարող եք ծանոթանալ, այնտեղ կան շատ լուրջ հատվածներ, այդ թվում՝ տնտեսական ոլորտին վերաբերվող»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի մասին:
Հարցին՝ Ադրբեջանի եւ ՀՀ արտգործնախարարների հանդիպում առաջիկայում կլինի՞՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ այդպիսի բան նախատեսված է:
Հարցին՝ Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո ստեղծված իրավիճակը հայկական կողմն ինչպե՞ս կգնահատի, արդյունք տվե՞ց այդ հանդիպումը՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, արդեն այն ջղաձիգ շարժումները, որոնք Բաքվում մենք տեսանք, խոսում են նրա մասին, որ այդ հանդիպումը ամենեւին էլ համենայնդեպս Ադրբեջանի նախագահին ձեռք չի տալիս»:
Օրերս Սերժ Սարգսյանը նշել էր, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում ցավոտ լուծումներ են լինելու, լինելու են փոխզիջումներ, հարցին՝ ի՞նչ է ակնարկում նախագահը՝ Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Եթե Ադրբեջանը խելքի գա եւ իրոք լուծումը լինի փոխզիջումային, ապա բնական է, որ դա կողմերի համար ցավալի կլինի, այսօր որեւէ նշան չկա, որ Ադրբեջանը պատրաստ է գալ կոնստրուկտիվ լուծումների…Ցանկացած նմանատիպ խնդիր, եթե գնում ես լուծման, ապա լինում են փոխադարձ քայլեր՝ փոխզիջումներ: Բայց ես հրաժարվում եմ խոսել հիմա որեւէ փոխզիջման մասին, որովհետեւ եթե մի կողմը ոչ թե խոսում է զիջումների մասին, ապա հակառակը՝ բարձրացնում է նշաձողը, ապա խոսել հայկական կողմի զիջումների մասին կոպիտ սխալ է, դա կլինի հենց զիջում, ոչ թե փոխզիջում: Այսօր դուք չեք կարող նշել Բաքվի կողմից որեւէ մեկ հայտարարություն, որ ինքը պատրաստ է ինչ-որ բան զիջել, այդ դեպքում ես համարում եմ մազոխիզմ՝ անընդհատ այդ հարցը տալ»:
Հարցին՝ ժողովրդին ե՞րբ եք նախապատրաստելու ցավոտ զիջումների՝ նա պատասխանեց. «ժողովրդին մենք որեւէ զիջումների չենք պատրաստում, քանի Ադրբեջանը պատրաստ չէ որեւէ զիջման»:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իհարկե, նման խեղճամիտ, համարվողական ու անհավակնորդ ղեկավարներ ունեցող ազգը ցավից ու կորուստներից բացի այլ բան չի ստանալու: Եթե չեք կարողանում ղեկավարել, ինչու եք այդ աթոռների կպել, հելեք-գնացեք ձեր բիզնեսներով զբաղվեք, թող երկրի ղեկի մոտ գան նոր ու թարմ ուժեղներ: