Նոյեմբերի 5-ին մեր երկրում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Այսօր ավարտվում է պաշտոնական քարոզչությունը: Լոռու մարզի Տաշիրի, Ստեփանավանի եւ Թումանյանի տարածաշրջանի 61 համայնքներ կմիավորվեն, ստեղծելով 10-ը խոշորացված համայնք՝ Ալավերդի, Ախթալա, Ստեփանավան, Գյուլագարակ, Տաշիր, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ եւ Օձուն: Եվս 2 համայնքում էլ՝ Մարգահովիտում եւ Շիրակամուտում տեղի կունենան հերթական ու արտահերթ ընտրություններ, կընտրվեն համայնքի ղեկավարներ:
Հոկտեմբերի 26-ին ավարտվել է թեկնածուների կողմից ինքնաբացարկ ներկայացնելու ժամկետը:
-Համայնքի ղեկավարի պաշտոնի համար սկզբից առաջադրվել էին 32 հոգի, նրանցից ինքնաբացարկ է հայտնել 9-ը: Այս պահին 12 համայնքների ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 23 թեկնածուներ: Իսկ ավագանու 195 թեկնածուներից ինքնաբացարկ են ներկայացրել 2-ը, արդյունքում 120 տեղերի համար կպայքարեն 193 թեկնածուներ,- Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը:
12 համայնքներից 6-ում համայնքի պաշտոնի համար կպայքարեն մեկական թեկնածուներ: Մնացած 6 համայնքներում պայքար կընթանա 2-ից մինչեւ 4 թեկնածուների միջեւ: Առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածուներից 13-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ են, 10-ը՝ անկուսակցական:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ