Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեն ընդամենը առիթ է արձանագրելու այն երկակի վիճակը, որի առաջ կանգնած է Հայաստանը 2018 թվականին ընդառաջ. «Ժամանակ»

Նոյեմբեր 03,2017 11:34

Երեկ հերթական անգամ պարզ դարձավ, որ 2018 թվականի համար բյուջեի նախագիծ է ներկայացրել մի վարչապետ, որը շարունակում է չզբաղվել քաղաքականությամբ, շարունակում է մնալ լոկ մենեջերական կարգավիճակում, իր պաշտոնը դիտարկում լոկ տնտեսական կատեգորիաների շրջանակում: Գիտակցաբար է Կարապետյանը դա անում, թե ոչ՝ հարցի մյուս կողմն է, բայց տվյալ դեպքում ոչ էական նշանակություն ունեցող, որովհետև թե՛ քաղաքացիները, թե՛ ներդրողները հեռուն են նայում հենց այդ պրիզմայով: Եվ հենց այդ պրիզմայով են նրանք մշակում իրենց մոտեցումները, ոչ թե բյուջեի նախագծով, որովհետև, մեղմ ասած, երաշխիք չկա, որ 2018-ի բյուջեն կշարունակի կատարել այն կառավարությունն ու վարչապետը, որը ներկայացրել է այդ բյուջեի նախագիծը:

Տվյալ պարագայում, իհարկե, բյուջեն ընդամենը առիթ է արձանագրելու այն երկակի վիճակը, որի առաջ կանգնած է Հայաստանը 2018 թվականին ընդառաջ: Վիճակ, որը նույնիսկ ամենևին երաշխավորված չէ, որ կհանգուցալուծվի հենց 2018-ին, և պարզ կլինի, թե ի վերջո ով է Հայաստանի, այսպես ասած, գոնե միջնաժամկետ հեռվի պատասխանատուն: Սերժ Սարգսյանը մինչև 2040 թվական ռազմավարություն է ներկայացնում և անում նպատակադրումներ, սակայն որևէ որոշակի բան չի ասում 2018 թվականի համար: Միևնույն ժամանակ, Կարեն Կարապետյանն էլ որևէ որոշակի բան չի ասում Սերժ Սարգսյանի դրած նպատակների համար:

Հիմա մեզ դնենք արտերկրի ներդրողի տեղը և պատկերացնենք, որ ուզում ենք ներդրում անել Հայաստանում կամ ուզում ենք Հայաստանի հետ որևէ կարևոր միջազգային հարց քննարկել, պայմանավորվել: Խնդիրն այն էլ չէ, թե ով կլինի վարչապետ, որովհետև եթե նույնիսկ Կարեն Կարապետյանը մնում է վարչապետ, նրա ներկայիս, մեղմ ասած, ապաքաղաքական կեցվածքը պարզ մի բան է վկայում, որ դե յուրե լինելով թիվ մեկ դեմքը՝ դե ֆակտո նա չի տիրապետելու քաղաքական իրավիճակին, հետևաբար հարկ է լինելու պայմանավորվել Սերժ Սարգսյանի հետ: Այլ կերպ ասած՝ Հայաստանը կանգնած է խորհրդարանական և պարզապես գորշ կարդինալական կառավարման համակարգերի ճամփաբաժանում, ինչն իրավիճակի երկակիության մեկ այլ խոսուն դրսևորումն է:

Եվ այս իմաստով, իհարկե, տարվա, այսպես ասած, գլխավոր պլանն ամենևին այն չէ, ինչը կառավարությունը ներկայացրել է խորհրդարանի դատին, որը, այսպես ասած, պետության կյանքի սցենարական առանցքն է: Տարվա գլխավոր փաստաթուղթը, սցենարը կամ պլանը այն է, որը ոչ մեկին ներկայացված չէ և գտնվում է ոչ թե խորհրդարանում կամ որևէ այլ պետական ինստիտուտում, այլ Սերժ Սարգսյանի գլխում: Դա է հարցը, թե այնտեղից ինչ է նշմարվում հեռվում:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930