Լրահոս
Օրվա լրահոսը

Համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի հավաքման ցուցանիշը Հայաստանում շարունակում է մնալ բավականաչափ ցածր. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 03,2017 11:20

Չնայած պետեկամուտների կոմիտեի հայտարարած բարեփոխումներին, ագրեսիվ վարչարարական միջոցառումներին եւ հարկային մուտքերի ավելացմանը, այնուհանդերձ համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի հավաքման ցուցանիշը Հայաստանում շարունակում է մնալ բավականաչափ ցածր։ Ավելին՝ վերջին տարիներին շատ դանդաղ է բարելավվում, եթե, իհարկե, այդպես կարելի է ասել։

Հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսում է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 21,3 տոկոսի։ Այն ընդամենը 0,1 տոկոսով ավել կլինի 2016թ. փաստացի կատարողականից։
Տարբերությունը ավելի մեծ է ընթացիկ բյուջեի համեմատ։ Հիշեցնենք, որ 2017թ. կառավարությունը ստանձնել է համախառն ներքին արդյունքի նկատմամբ հարկերի 21 տոկոս կատարողական ապահովելու պարտավորություն։ Թեպետ ենթադրվում է, որ այն ավելի ցածր կլինի՝ սպասվող համեմատաբար բարձր տնտեսական աճի եւ դրան ոչ համարժեք հարկերի ավելացման հետեւանքով։

2017թ. ՀՆԱ¬ում հարկերի հավաքման 21 տոկոս ցուցանիշը հաշվարկված է 3,2 տոկոս տնտեսական աճի համար։ Մինչդեռ ակնկալվում է, որ այն կլինի 4,3 տոկոսի սահմաններում։ Մի բան, որ նույնիսկ նախատեսված մուտքերի ամբողջական ապահովման պարագայում նվազեցնում է դրանց տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ։

ՀՆԱ նկատմամբ հարկերի հավաքման ցածր մակարդակը նշանակում է, որ տնտեսության մեջ ձեւավորվող հարկային եկամուտների հավաքման արդյունավետությունը բարձր չէ։ Դրա համար անշուշտ կարող են լինել բազում պատճառներ, այդ թվում՝ տնտեսության տարբեր հատվածներին տրամադրված հարկային արտոնություններն ու հարկերից ազատումը։
Նման խնդիր կա հատկապես գյուղատնտեսության բնագավառում։ Մյուս կողմից՝ վերջին տարիներին տնտեսական գործընթացները խթանելու ակնկալիքով առանձին ոլորտներին տրամադրվել են նաեւ տարբեր տեսակի հարկային արտոնություններ, որոնք բնականաբար նվազեցնում են ՀՆԱ¬ում հարկերի տեսակարար կշիռը։

Սակայն, իհարկե, առաջնայինը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ մնում է ստվերային տնտեսությունը, որը Հայաստանում շարունակում է բարձր լինել, չնայած իրականացվող վարչարարական խիստ միջոցառումներին եւ պետական բյուջեի եկամուտների ավելացմանը։ Առանձին ոլորտներում ստվերը հասնում է մինչեւ 40¬50 տոկոսի։

Հարկային մարմինների ձեռնարկած քայլերն այս ուղղությամբ առայժմ մեծ արդյունք չեն տալիս։ Չնայած բյուջետային մուտքերը զգալիորեն ավելացել են, այնուհանդերձ դա ՀՆԱ նկատմամբ հարկերի հավաքման քիչ թե շատ շոշափելի փոփոխության չի հանգեցնում։ Դա նշանակում է, որ ստվերի կրճատման կամ հարկերի հավաքման մակարդակը համարժեք չէ տնտեսության մեջ տեղի ունեցող զարգացումներին։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930