Ազգային քաղաքական անկախության երկու կարևոր բաղադրիչները` ազգի մանդատը պետականության նկատմամբ և այդ պետականությունում ազգային քաղաքականություն իրականացնելը դարեր շարունակ հայ ազգի համար մնացել է անհասանելի:
Հայ ազգի մանդատի վերականգնումը իր պատմական հայրենիքում պետականության նկատմամբ և իր պետականությունում ազգային քաղաքականություն իրականացնելը հայ ազգի քաղաքական օրակարգի կարևոր բաղկացուցիչն են:
Ուղիների փնտրտուքում, թե ինչպես կարելի է լիովին վերականգնել կորցրած ազգային քաղաքական անկախությունը, դառնալ ազգային, անկախ և ազատ պետականության քաղաքացի, անհրաժեշտ է գնալ հայ ազգի պատմության խորք` գնահատել 1045 թվականից հայոց պետականության անկման պատճառները և, որպես արդի անդրսահմանային ազգ, մշակել այնպիսի քաղաքական ուղեգիծ և շարժում, որոնք հիմք կդառնան իրական ազգային և անկախ պետականության ստեղծման համար: Պետականություն, որտեղ մարդն ազատ է, իրավատեր և արժանապատիվ:
Երկար ժամանակ չունենալով քաղաքական անկախություն, մենք` որպես ազգ, կորցրել ենք նաև բարօր, արժանավայել ապրելու հնարավորությունը, չնայած հազարամյա մեր մշակույթով և քաղաքական պատվախնդրությամբ ստեղծել էինք ուրույն քաղաքակրթություն:
Լուսավորականությունը և ինդուստրիալ հասարակությանը բնորոշ գործընթացները հայ ազգը չդիմավորեց կազմակերպված քաղաքական հայտի ներքո:
Այսօր էլ մեր ազգի քաղաքական կազմակերպվածությունն ու քաղաքական հայտը լիովին ձևավորված չեն, և այդ բացը անհրաժեշտ է լրացնել հաստատակամությամբ:
«Երկիր Ծիրանի»-ն պատրաստվում է հետինդուստրիալ, գլոբալացված, թվային հասարակությունում նոր աշխարհաքաղաքական կարգի ձևավորումը դիմավորել կազմակերպված, անդրսահմանային հայ ազգի քաղաքական հայտով` ազգային, քաղաքական և միասնական պատասխանատվության գիտակցմամբ, ազգային զինված ուժերով և առաջադիմական կրթությամբ ընտրանիով:
Մեր գաղափարներն ու քաղաքական հայացքները բխում են ազատատենչ մեր նախնիների փորձից և նրանց պետաիրավական մտքի զինանոցից: Հայ ազգը քաղաքական իր անկախությունից զրկվելուց հետո` 18-րդ, 19-րդ և 20-րդ դարերում չկարողացավ համընթաց քայլել աշխարհում տեղի ունեցող գլոբալ զարգացումներին՝ լուսավորական շարժում, ֆրանսիական հեղափոխություն, Առաջին համաշխարհային պատերազմ, կայսրությունների փլուզում և այլն: Բուն Հայաստանում հնարավորություն չեղավ ստեղծելու քաղաքական ու իրավական մտքի հարթակներ և դրանց ցանցի վրա հիմնելու դպրոցներ:
Չնայած այս հանգամանքին՝ հայոց քաղաքական, պետական և իրավական արդի գաղափարը ձևավորվեց Հայաստանից դուրս` հայկական գաղութներում: Ամենանշանավորը Մադրասի հայրենասիրական խմբակի գործունեությունն էր, որը մեզ փոխանցեց հայ քաղաքական և իրավական մտքի այնպիսի հրաշալի գործեր, ինչպիսիք են Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ»-ը, Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ Փառաց»-ը և «Նշաւակը»: Ընդ որում` «Որոգայթ փառացը» (1773թ.) աշխարհում Սահմանադրական հանրապետություն ստեղծելու առաջին ծրագիրն էր։
Մադրասյան հայրենասիրական խմբակն իր գործունեությամբ առաջին անգամ ժամանակակից հայ ազգի քաղաքական օրակարգ մտցրեց միաժամանակ ազատականության, ազգային ազատագրության, աշխարհիկ իրավաբանության և լուսավորականության սկզբունքների վրա հիմնված գաղափարախոսություն: Մովսես Բաղրամյանի, Շահամիր Շահամիրյանի, Հովսեփ Էմինի և այլոց առաջադիմական գաղափարները, որոնք հետագայում զարգացում ու տարածում ստացան Րաֆֆիի, Միքայել Նալբանդյանի, Լեոյի, Ռաֆայել Պատկանյանի, նշանավոր մեր մյուս մտավորականների, ազգային գործիչների կողմից, մեզ համար դարձան ուղենիշ:
Ազգային քաղաքական փիլիսոփայության և ազատականության հիման վրա քաղաքական դպրոցների ու կազմակերպությունների գրեթե բացակայությունն իրեն զգալ տվեց ազգային անկախության հռչակման ժամանակ` և´ 1918-ին, և´ 1991-ին, ինչն էլ, իր հերթին, բացասական դեր խաղաց հայրենի բնօրրանի ու տարածքների կորստի, արդի հայկական պետականության քաղաքական անկախության և ժողովրդավարության չկայացման գործում:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ներկայիս քաղաքացիական հասարակությունների հաջողությունների հիմքում ընկած են իրավունքի գերակայության, իշխանությունների տարանջատման, դրանց` իրարից անկախ գործելու, միմյանց հակակշռելու ու զսպելու սկզբունքները, ազատ, հավասար պայմաններում ընտրելու և ընտրվելու երաշխիքները, քաղաքական կյանքում կանանց լիարժեք ներգրավվածության ապահովումը: Այս ամենի առանցքային խարիսխը քաղաքացու իրավունքն է: Այն ազգերը, որոնք կարողացել են իրենց կյանքը կառուցել վերոնշյալ հիմունքներով, գնահատել ու տարածել իրավունքի գերակայության մշակույթը` ստեղծել են ուժեղ, ազգային և մրցունակ պետություն ու հասարակություն:
Մեր սկզբունքները, գաղափարախոսությունը և ծրագիրը ընդունում ու ճանաչում են հետևյալ հիմնադրույթները.
-Մենք համոզված ենք` իդեալական քաղաքական կառավարում տեղի է ունենում այն դեպքում, երբ կա հանրային պայմանագիր, որն ապահովում է իշխանության ճյուղերի անկախությունը, նրանց միջև առկա հակակշիռների և զսպումների քաղաքական կառուցակարգը, որն իրականացնում է ազգային շահից բխող և մարդու հիմնարար իրավունքները հարգող գործառույթներ:Մենք համոզված ենք` իդեալական քաղաքական կառավարում տեղի է ունենում այն դեպքում, երբ կա հանրային պայմանագիր, որն ապահովում է իշխանության ճյուղերի անկախությունը, նրանց միջև առկա հակակշիռների և զսպումների քաղաքական կառուցակարգը, որն իրականացնում է ազգային շահից բխող և մարդու հիմնարար իրավունքները հարգող գործառույթներ:
-Մենք առաջնորդվում ենք քաղաքական փիլիսոփայության այն սկզբունքով, որ հայ հասարակությունը, անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է ապրում, գործոն և ուժ է, երբ մասնակցում է իր ազգային քաղաքականության բոլոր գործընթացներին` ազգային քաղաքական հայեցակարգի կենսակոչմանը, քաղաքական վերնախավի ստեղծմանը, կառավարման մարմինների ձևավորմանը և քաղաքական որոշումների կայացմանը:
-Մենք գտնում ենք, որ ժամանակակից հայ ազգը պետք է ապրի ինքնուրույն՝ ապավինելով իր ուժին, որի երաշխիքն անկախ, ազգային և ժողովրդավար պետականությունն է սեփական` հայրենի բնօրրանում:
-Մենք ճանաչում ենք անդրսահմանային հայ ազգի քաղաքական իրավունքները հայոց արդի պետական կառավարման մեջ:
-Մենք դիտարկում ենք ներկայիս հայկական պետականության՝ հայրենի բնօրրանի42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը, որպես հայ ազգի տարածքային ու մարդկային կորուստների վերականգնման և նրա երջանիկ ապրելու քաղաքական հայտի հիմք, որը ստանձնում է համահայկական քաղաքական կենտրոնի դեր և շաղկապում տարբեր պետություններում ապրող հայ ազգի հատվածներին:
-Նախքան հայոց տարածքային ամբողջականության վերականգնումը Հայկական բարձրավանդակում ու նրա հարակից տարածքներում՝ հայկական պետականությունը կազմված է Արցախի և Հայաստանի ներկայիս տարածքներում ձևավորված պետություններից, որոնք ունեն մեկ դրամական միավոր, միացյալ ազգային զինված ուժեր, հանրային իշխանության ձևավորման մեկ միասնական համակարգ և մեկ քաղաքացիություն ու բազմաքաղաքացիություն:
-Մենք կրում ենք սոցիալական ազատական գաղափարախոսություն:
-Մենք ջատագովն ենք սոցիալական ազատական տնտեսության, որտեղ բացառված են մենաշնորհները:
-Մենք հրատապ անհրաժեշտություն ենք համարում գաղտնազերծման անցկացումը, որը վերաբերում է1991 թվականից մինչ օրս գործող ավտորիտար վարչակարգի ներկայացուցիչներին, ովքեր ներգրավված են եղել մարդու իրավունքները ոտնահարող գործողությունների մեջ, զավթել են իշխանությունը, ապօրինաբար հարստացել ու կապ են ունեցել և համագործակցել օտար երկրների հատուկ ծառայությունների հետ:
-Մենք դատապարտում ենք ներկայիս հայկական պետականության` 1991 թվականից առ այսօր գործող ավտորիտար վարչակարգը և հաստատում, որ այդ վարչակարգի քաղաքական որոշումներ կայացնող անձինք և բոլոր նրանք, ովքեր կապ են ունեցել մարդու իրավունքների ոտնահարման հետ, զավթել են իշխանությունը, ապօրինի հարստացել և ծառայություն են մատուցել օտար երկրների հատուկ կառույցներին, չեն կարող քաղաքական ընտրանու մաս կազմել:
-Մենք բանեցնելու ենք դիվանագիտություն, փնտրելու և ձեռք ենք բերելու գործընկերներ հնարավոր բոլոր պետություններում` հանուն մեր ազգային շահի:
-Մենք հատուկ ուշադրություն և հատուկ վերաբերմունք ունենք բոլոր այն պետությունների նկատմամբ, որտեղ կան հայահոծ համայնքներ և համարում ենք, որ այդպիսի ցանկացած պետության հանդեպ պետք է վարել յուրահատուկ քաղաքականություն՝ ի շահ անդրսահմանային հայ ազգի:
-Մենք գերակա ենք համարում հակամարտությունների կարգավորումը դիվանագիտական եղանակով, խաղաղ ճանապարհով, սակայն, միևնույն ժամանակ, մեր դեմ տեղի ունեցող հարձակումը դիտարկում ենք որպես բարբարոսություն և մեր սրբազան պարտքն ենք համարում բոլոր միջոցներով պաշտպանել մեր հայրենիքը:
-Հայրենիքի անվտանգության ապահովումը հայկական ազգային զինված ուժերի բացառիկ մենաշնորհն է:
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն