Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դեպքում չեն բողոքելու

Նոյեմբեր 03,2017 10:15

Հայաստանում չի եղել որեւէ վարչապետ, որն իր ասուլիսի ժամանակ չնշեր ինչ-ինչ թվեր, որոնք վկայում են տնտեսական եւ սոցիալական ոլորտներում առաջընթացի մասին: Նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մեր բնակարանների մի անկյունում կուչ էինք գալիս «ֆուջիկայի» շուրջ եւ ցնծում էինք, երբ երկու ժամով լույս էին տալիս, նույնիսկ այն ժամանակ ասուլիսների ժամանակ գտնվում էին ինչ-որ տոկոսներ, որոնք վկայում էին որոշակի բարելավումների մասին: Իսկ ի՞նչը կարող է արձանագրել իսկական, շոշափելի առաջընթացը, ի՞նչ պետք է տեղի ունենա, որ մարդիկ իսկապես գոհ լինեն կյանքից: Այդ հարցին չկա պարզ պատասխան:

Ես, ի դեպ, կյանքից չէի բողոքում «ֆուջիկայի» ժամանակ, չեմ բողոքում նաեւ հիմա՝ արժանապատվությունիցս ցածր եմ համարում տրտնջալը: Նրանք, ովքեր բողոքում էին այն ժամանակ, կա՛մ վաղուց արդեն Հայաստանում չեն, կամ էլ շարունակում են բողոքել: Եթե տնտեսական աճը կազմի ոչ թե 5, այլ 15 տոկոս (ի դեպ, այդպես արդեն եղել է), եթե նվազագույն աշխատավարձը դառնա 200 հազար դրամ՝ այս գների պայմաններում, եթե «դուինգ բիզնեսով», տնտեսական ակտիվության եւ բոլոր այլ գործակիցներով Հայաստանը հայտնվի առաջին տեղում, իսկ ներդրումների ծավալը տասնապատկվի, մեր հասարակության մեծամասնությունը, միեւնույն է, կշարունակի դժգոհ լինել կյանքից եւ իշխանության մասին խոսել ճիշտ նույն բաները, ինչ խոսում են հիմա:

Խնդիրը, հետեւաբար, ՀՆԱ-ի կամ տարբեր տեսակի գործակիցների մեջ չէ. շատ ավելի բարդ է: Խնդիրը, որքան հասկանում եմ, մեր պետության գոյության իմաստի մեջ է: Ինչպես մարդը, անհատը պետք է հասկանա, թե ինչի համար է ապրում, այնպես էլ պետության քաղաքացիներիս պետք է միավորի մի ընդհանուր գիտակցություն՝ մենք պետք է իմանանք, թե որն է մեր պետության նպատակը: Դեռեւս Նիցշեն էր ասում, որ մարդը կարող է դիմանալ ամեն ինչի, բայց միայն մի դեպքում՝ եթե գիտի՝ հանուն ինչի:

Գուցե Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի համար այս «թիմային աշխատանքի» զգացողությունը պարտադիր չէ, բայց մեզ նման փոքր պետություններն առանց դրա չեն կարող զարգանալ: Ընդ որում, ընդհանուր նպատակը պետք է լինի պոզիտիվ, ոչ թե, ասենք, «թուրքերի հերն անիծելը»: Կլինի՞ մարդկանց մեջ նման դրական զգացողություն՝ նրանք կդիմանան բոլոր դժվարություններին, չի լինի՝ տնտեսական ոչ մի առաջընթաց (եթե նույնիսկ այդպիսին կա) մարդկանց վրա որեւէ տպավորություն չի թողնի: Ավելին՝ ոչ ոք չի հավատա, որ մեր պետությունում որեւէ լավ բան է տեղի ունենում:

…Գուցե վարչապետին նաեւ նման բաների մասին արժե հարցնել: Դե, համենայնդեպս, Կարեն Կարապետյանը ճիշտ է մի հարցում՝ չարժե 140-րդ անգամ հարցնել, թե ինչ է նա պատրաստվում անել 2018 թվականի ապրիլից հետո:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    “…մեր հասարակության մեծամասնությունը, միեւնույն է, կշարունակի դժգոհ լինել կյանքից եւ իշխանության մասին խոսել ճիշտ նույն բաները, ինչ խոսում են հիմա:” Այ քեզ հաջող ուրբաթ… Պարզվում է ժողովուրդը լավը չի, իշխանություններն ի՞նչ անել: Կոտորվեցին ժողովրդի համար ամեն ինչ անելով, բայց էլի դժգոհ են:

  2. joradzadza says:

    Գոհն ու դժգոհը չգիտեմ, բայց մեկը չկա՞, որ էս նոր վարչապետին բացատրի մի քանի բան. հընգեր չի, այլ ընկեր է, գորձ չի, այլ գործ է: Եվ բնականաբար գորձհընգեր էլ չի: Ես դժգոհ եմ՝լավ եմ անում: Հերիք եղավ, բոլ եղավ:

  3. Artur Lazarian says:

    Տարիներ առաջ դասախօսս մի այսպիսի միտք արտայայտեց, որ մինչ օրս տպաւորուել է. «Քրիստոսն էլ երկնքից իջնի, էս ժողովուրդը միեւնոյն է բողոքելու է»: Շատ չխորանանք (թէեւ ժամերով կարելի է զրուցել այս հետաքրքիր երեւոյթի շուրջ). պարզապէս լուռ խորհենք: Համաձայն էք չէ՞, որ բողոքաւոր ազգ ենք 🙂

    Յ.Գ. ‘պոզիտիւ’ ի՞նչ է նշանակում, յարգելի պարոն խմբագրապետ 😉

  4. Լավատես says:

    Երբ երեխային թույլ չեն տալիս որեւէ բան անի, նա բնազդաբար բողոքում է, երեխայի մեջ բնազդ կա՝ ուզում է շուտ մեծանա, ժողովուրդն էլ երեխայի նման բնազդաբար բողոքում է, ուզում է շուտ ազգ դառնա, խնդիրն այն է, որ եթե երեխային ինքնուրույնությունից զրկես, նա տարիքով մեծանա էլ միեւնույնն է երեխա կմնա, հայ ժողովուրդն էլ կորցնելով իր ինքնուրույնությունը ոչ մի կերպ իսկական ազգ չի կարողանում դառնալ։ Քանի որ մենք դարերով ինքնուրույն չենք եղել, ժողովրդի բնազդը ազգ դառնալու խիստ թուլացած է, դրա համար մեր մտավորականությունը պետք է ծնողի նման սիրով ու պահանջկոտությամբ դաստիարակի ու ներարկի ժողովրդի մեջ ազգային հատկանիշներ, մենք ազգ ենք դառնում մարտի դաշտում՝ շնորհակալ լինենք թշնամիներից, բայց մենք պետք է ազգ լինենք ամեն վարկյան նաեւ քաղաքական դաշտում, ի՞նչ կլիներ եթե զինվորը միայն իր անվտանգության ապահովության մասին մտածեր, նույն անհեթեթությունն է քաղաքացու սեփական անհատի պաշտամունքը քաղաքական դաշտում, կարճ ասած, խնդրի լուծումը՝ ստեղծել քաղաքացիական բանակ, քաղաքացիական զորք իր գլխավոր սպայակույտով։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930