Լրահոս
Օրվա լրահոսը

«Չարի սերմերը» պտուղ տվեցին

Նոյեմբեր 03,2017 16:00

ՀՀ իշխանությունների թերահավատությունն
ու շնորհակալությունը եւ Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը

2005 թվականի մայիսի 25-ին Բաքվում Հայաստանի երեք հարեւանները` Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, ստորագրեցին Կարս-Թբիլիսի-Բաքու միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման հռչակագիրը: Դրա շրջանակներում էլ նախատեսվում է Կարս-Ախալքալաք երկաթգծի անցկացումը։ Երկաթգծի կառուցման «Թբիլիսյան հռչակագիրը» ստորագրվեց 2007 թվականի փետրվարի 7-ին: Այդ շրջանում Հայաստանի իշխող ուժի ներկայացուցիչները բավական թերահավատ էին վերաբերվում սույն համաձայնությանը, տնտեսական հաշվարկներ էին ներկայացնում դրա անօգուտ լինելու վերաբերյալ` երկրորդ պլան մղելով երկաթգծի քաղաքական նշանակությունը եւ դրան տրամադրվող թուրք-ադրբեջանական ջանքերը: Մերոնք անգամ պարծենում էին, որ իրենց լոբբիստական ջանքերի արդյունքում ԵՄ-ն խոստացել է չաջակցել այդ ծրագրին, ԱՄՆ որոշ կոնգրեսականներ էլ դեմ են արտահայտվել: ԵՄ-ին շնորհակալությունը հայտնում էր ԱԳ նախկին նախարար Օսկանյանը` ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստի ժամանակ: 2006-ին, երբ Բաքու-Թբիլիսի-Կարսը դեռ թղթային տեսք ուներ, իսկ ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն այսօրվա պաշտոնին էր` ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ, ասում էր. «Եթե մենք Հայաստանը դուրս ենք թողնում տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից, մենք ցանում ենք չարի սերմերը, որոնք վաղը տալու են իրենց դառը պտուղները. երկաթգիծը, որ շրջանցում է Հայաստանը, դանդաղ գործողության ռումբ է տարածաշրջանում»: Այս ամենով հանդերձ՝ Գագիկ Մինասյանը կասկածում էր, որ երկաթգիծը կկառուցվի: Գագիկ Մինասյանն այն ժամանակ լռում էր այն քայլերի մասին, որոնք անում է իշխանությունը, որ թույլ չտա «չարի սերմերը ցանել»: Ենթադրելով, որ չարի սերմերն այսօր արդեն պտուղ տվեցին, Գագիկ Մինասյանի լռությունը դեռ այն ժամանակ փաստում էր իշխանության անգործության մասին:

Բաքու-Թբիլիսի-Կարս նախագիծը գնահատվում էր 600 միլիոն դոլար, հետագայում այն կրկնապատկվեց՝ հասնելով 1.2 միլիարդ դոլարի։ Սկզբնական շրջանում այս երկաթգծի թողունակությունը կազմելու է տարեկան 6.5 միլիոն տոննա բեռ եւ 1 միլիոն ուղեւոր: Մոտ հեռանկարում նախատեսվում է եռապատկել այս թվերը` տարեկան հզորությունը հասցնելով 17 միլիոն տոննայի ու 3 միլիոն ուղեւորի: Փորձագետների կարծիքով՝ այս երկաթգծի նշանակությունը մեծանում է, երբ հաշվի ենք առնում այն, որ ավարտվում է նաեւ «Մարմարա» նախագծի իրագործումը՝ Բոսֆորի նեղուցով երկաթուղային թունելի կառուցումը: Սա նշանակում է, որ երկաթուղային ճանապարհ կբացվի դեպի Եվրոպա: Ի դեպ, նախատեսվում է կառուցել նաեւ «Կարս-Իգդիր-Նախիջեւան» նախագիծը, ինչի շնորհիվ Վրաստանով ու Թուրքիայով երկաթուղային ուղիղ կապ կստեղծվի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Նաեւ` այս օրերին Թեհրանում ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահները քննարկում են էներգետիկ համագործակցության եւ Հյուսիս-Հարավ (Իրան-Ադրբեջան-ՌԴ) երկաթգծի կառուցման հնարավորությունները:

ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը նկատում է` Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանին միշտ էլ թշնամական երկիր են համարել ու գաղտնի չեն պահել Հայաստանը թուլացնելու, տնտեսապես ոչնչացնելու եւ պարտության մատնելու իրենց նկրտումները: «Այդքանը լսելով եւ իմանալով` մենք չնստեցինք եւ սցենար չմշակեցինք` ի՞նչ անել, որպեսզի այդ երկաթգիծը մեր երկրի վրա չունենա այն ազդեցությունը, ինչ ակնկալում են իրենք, եւ ի հեճուկս իրենց՝ մենք կարողանանք հզոր տնտեսություն զարգացնել` ներգրավվելով տարածաշրջանի այլ ծրագրերի մեջ, որոնք թույլ կտային չեզոքացնել շրջափակումը»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ այսպիսով Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են նաեւ Վրաստանին կախվածության մեջ պահել` Հայաստանի համար նրա «դուռ եւ պատուհան» լինելու խնդիրը փակելու ակնկալիքով: Մեր զրուցակիցը նկատում է, որ ժամանակին Թուրքիան փակելով Հայաստանի սահմանն ու թույլ չտալով Գյումրի-Կարս երկաթգծի շահագործումը՝ նվազեցրեց տարածաշրջանում իր ազդեցությունը: Այժմ Բաքու-Թբիլիսի-Կարսը նաեւ տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացման հարցն է լուծում: Մինչդեռ այս ամենին Հայաստանի «հակադարձումը» եղավ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման ոդիսականը:

Հիմա, երբ կատարված փաստի առջեւ ենք կանգնած, Թեւան Պողոսյանին հետաքրքիր է` արդյոք հասկանալո՞ւ ենք, որ այլեւս իրավունք չունենք ապրել այնպես, ինչպես նախկինում, որ շատ բաներ պետք է փոխենք մեր առօրյայում, որպեսզի Հայաստանը գրավիչ դարձնենք միջազգային այնպիսի խաղացողների համար, ինչպիսիք են Չինաստանը եւ Իրանը:

Ինչ վերաբերում է Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծով հայկական ապրանքների տեղափոխման հնարավորություններին, մեր զրուցակիցը նկատում է` Վրաստանը պետք է լինի այնպիսի վիճակում, որ կարողանա դիմակայել թուրք-ադրբեջանական ճնշումներին. «Բայց Վրաստանն ինքն է այսօր կախվածության մեջ: Վրացական կողմից հավաստիացումներ հնչում են` ամեն ինչ կանենք, բայց արդյո՞ք Վրաստանն այդքան ուժեղ է: Թուրքիան եւ Ադրբեջանն ունեն նպատակ` հայկական ապրանքներն այդ ուղղությամբ չպետք է անցնեն: Իսկ ով վճարում է` նա էլ երաժշտություն է պատվիրում: Մանավանդ, եթե հաշվի առնենք Ալիեւի եւ Էրդողանի վարքագիծը Հայաստանի հանդեպ»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930