«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ այն խնդրահարույց է, եւ արդեն սկսել են քննարկումները, առաջիկա օրերին ՀՀԿ խմբակցությունը կներկայացնի իր առաջարկությունները: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ երեկ վստահեցրել է. «Օրենքի դրույթները էապես չեն փոխվելու, միայն հստակեցվելու են, որ մտահոգությունները իմ գործընկերների, այդ թվում՝ ՀՀԿ-ական, փարատվեն»:
Նախագծի հանրային քննարկման ժամանակ ընդդիմախոսները կարծիք են հայտնել, որ այս օրենքը պարտադրված է ԵՄ-ից, մասնավորապես Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի կառավարությանը դասեր է տալիս ու նշում, թե՝ տնային աշխատանքը պետք է կատարեք: Ըստ նախագծի ընդդիմախոսների՝ հենց այս հայտարարությունն էլ հուշում է, որ այն պարտադրված է ԵՄ-ից:
Նախարար Հարությունյանն այս առնչությամբ էլ վստահեցրել է. «Անկախ նրանից՝ մենք կընդունենք օրենք, չենք ընդունի, Հայաստանն ունի պատասխանատվություն. մենք ԵԽ անդամ ենք եւ մենք պարտավոր ենք կատարել դատարանի որոշումները: Խնդիրը չեմ ուզում պարզունակ դարձնենք եւ դարձնենք ԵՄ-ի հետ հարաբերությունների հենք: Սա մեր պարտականությունն է վաղուց արդեն, եւ մենք բազմաթիվ միջազգային փաստաթղթեր ստորագրել ենք այս առումով՝ սկսած 93-ից»:
Բացի այն, որ այս նախագիծը ԵԽ անդամ լինելով է պայմանավորված, Հայաստանի Հանրապետությունը նաեւ վավերացրել է ՄԱԿ-ի կոնվենցիաները. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, ՄԱԿ-ի՝ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին կոնվենցիան: Այսինքն՝ այն պնդումները, թե այս օրինագիծը պարտադրվում է ԵՄ-ից՝ առաջիկայում ասոցացման համաձայնագրի ստորագրման շրջանակներում, իրականությանը չեն համապատասխանում:
Փաստաբանների պալատի իրավական հարցերի փորձագետ Արտաշես Խալաթյանը, որը եւս դեմ է օրենքի նախագծի ներկայիս տարբերակին, «Առավոտի» հետ զրույցում հիշեցրեց՝ Փաստաբանների պալատը (ՓՊ) բազմիցս նշել է, որ ունի լուրջ վերապահումներ այս օրինագծի շուրջ, եւ դրանք ներկայացրել է արդարադատության նախարարությանը, որտեղից էլ վստահեցրել են, որ ակնկալում են կոնկրետ շարադրված առաջարկներ:
Խալաթյանը վստահեցրեց. «ՓՊ-ն մշտապես հանդես է եկել այս օրինագծի եւ ընդհանրապես ՀՀ-ի միջազգային պարտավորությունների հետ իբրեւ թե աղերսվող տարբեր օրինագծերը չքաղաքականացնելու դիրքորոշմամբ, քանի որ մեզ համար կապ չունի որեւէ օրինագծի ծագումնաբանությունը, թե որտեղից է եկել: Մենք ընդունում ենք, որ օրինագծի հետ կա խնդիր, այն մտահոգիչ դրույթներ է պարունակում՝ ընդհուպ մինչեւ հակասահմանադրականություն»: Խալաթյանի ներկայացմամբ՝ իրենց նպատակն է՝ օրինագծի խնդրահարույց ձեւակերպումները փոփոխվեն. «Եվ դրանք պետք է ձեռք բերեն առնվազն ընդունելի ձեւակերպումներ հայ հանրության, հայ հասարակության համար: Այդ քաղաքական բնույթի հայտարարությունները, որ անում են տարբեր շրջանակներում, մեզ համար էական չեն: Մեր կարծիքով՝ օրինագիծը Հայաստանի ավանդական ընտանեկան արժեքների համար լուրջ վտանգ է ներկայացնում: Մենք կիսում ենք այն մտահոգությունը, որ ընտանեկան բռնությունը պետք է կանխարգելել, սակայն սահմանված մեխանիզմները կարող են բերել ընտանեկան արժեքների խաթարման: Մեր գերնպատակն է բարեփոխել այնպես, որ նախագիծը վտանգ չներկայացնի ազգային արժեքներին ու հասարակության եւ ընտանիքի գաղափարին»:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այս օրինագծի կողմնակիցները պնդում են, թե այն ԵՄ-ի կողմից պարտադրված է, մինչդեռ փաստերը խոսում են այն մասին, որ ԵՄ-ն այս նախագծի հետ կապ չունի, Խալաթյանն ասաց, որ թեեւ մանրամասն չի ծանոթացել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին, սակայն որքան որ այն դիտարկել է, կարծում է, որ համաձայնագիրն ինքնին չի պարունակում որեւէ ուղղակի պարտադրանք այս կամ այն օրինագծի ընդունման կապակցությամբ: «Մի կողմից՝ երբ դիտարկում ենք Վրաստանի փորձը՝ եվրաասոցացման շրջանակներում, թե ինչ քայլեր են ձեռնարկել, Վրաստանում այս օրենքը ընդունվել է: Հետեւաբար ես ոչ կարող եմ հաստատել, ոչ էլ կարող եմ հերքել: Միգուցե ասոցացման գործընթացում կարող է առաջանալ նման օրինագծի ընդունման անհրաժեշտություն՝ ասոցացող երկրի համար: Բայց նախ պետք է հիշել, որ մենք ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագիր չենք կնքում եւ եվրաինտեգրացիայի այն ձեւաչափը չենք ընտրել, ինչ Վրաստանը, որը օրենսդրության շատ ավելի սերտ մոտարկում է ենթադրում, քան մերը»,- ասաց Խալաթյանը: Նրա խոսքով՝ ՀՀ-ի հետ կնքվող համաձայնագիրն էլ հավակնոտ է, սակայն Եվրաասոցացման համաձայնագրի համապարփակ այդ ինտեգրացման բնույթը չունի. «Հետեւաբար մեզ համար եվրաինտեգրման պարտավորությունները չունեն նույն շրջանակը, ինչ Վրաստանի, Ուկրաինայի կամ Մոլդովայի համար: Մեր կողմից կնքվելիք շրջանակային համաձայնագիրը այդ հավակնությունը չունի եւ ուղղակի պարտավորությունների ծավալի եւ աստիճանի առումով էլ զիջում է, ուստի մենք այդ առումով էլ այդքան կաշկանդված չենք: Եվ հետո՝ որեւէ ապացույց չկա, եւ Սվիտալսկին էլ հրապարակային իր ելույթներում նշել է, որ դա ԵՄ-ի կողմից պարտադրված նախաձեռնություն չէ, եւ մենք իրավունք չունենք հարգարժան դեսպանի հայտարարություններին հավատ չընծայելու»:
Այդուհանդերձ, Խալաթյանը նշեց, որ ԵՄ-ն տող առ տող կամ կետ առ կետ չի ստուգում որեւէ օրինագծի բովանդակությունը, եւ եթե նույնիսկ մենք ընդունեինք, որ ԵՄ-ի կողմից առաջարկվեր նման օրինագիծ ընդունել, մեր ձեռքում է, որպես ինքնիշխան պետություն, որոշել՝ ինչպիսի բովանդակությամբ օրինագիծ պետք է ընդունել. «Ի վերջո, ցանկացած օրենքի տեղայնացման կարեւոր պայմաններից մեկը տեղական սոցիալական միջավայրի ուսումնասիրությունն է եւ այդ օրինագծի համապատասխանեցումը տվյալ երկրի սոցիալական իրականությանը»:
Արտաշես Խալաթյանը նաեւ վստահեցրեց, որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը առաջարկություններ է ներկայացնելու այս օրինագծում փոփոխություններ անելու համար: Խալաթյանը, ինչպես բազմիցս նշել է, այս անգամ էլ կրկնեց՝ ՓՊ-ի համար խնդրահարույց դրույթները ընտանեկան բռնության տարատեսակների սահմանումն է՝ հոգեբանական եւ տնտեսական բռնությունը. «Բացի այս, նաեւ ոստիկանությանը տված անհամաչափ լիազորությունները՝ բռնությունների կանխարգելման ոլորտում»:
Արդյոք այդ աշխատանքային խմբում ներառվելո՞ւ են օրինագծի հեղինակներն ու կողմնակիցները, ասենք՝ հասարակական կազմակերպություններից, մեր այս հարցին ի պատասխան՝ Խալաթյանն ասաց. «Քաղաքացիական հասարակությունից են ներկայացուցիչներ լինելու, պալատի ներկայացուցիչներ եւ նաեւ՝ հ/կ-ներից, որպեսզի լայն կոնսենսուսով ընդունվի: Հ/կ-ների ներկայացուցիչների հետ կոնսուլտացիաներ ենք ունենում: Շահագրգիռ սուբյեկտների հետ հանդիպում էլ կլինի, որպեսզի նրանց կարծիքն էլ հստակեցվի ու հնարավորինս պարզ լինի, թե ինչպիսի գործիքակազմով է հնարավոր փարատել մեր այդ խմբի համերկրացիների մտահոգությունը, որովհետեւ, ի տարբերություն նրանց, որոնք բավականին սուր ու ցավոտ են արձագանքում մեր քննադատություններին, մենք այդպես չենք վերաբերվում նրանց»:
Երբ առաջարկությունների փաթեթը վերջնական պատրաստ լինի, ըստ Խալաթյանի, այն կներկայացնեն հանրությանն ու կամ Ազգային ժողով, կամ կառավարություն:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
02.11.2017