Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ աշխատակցին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության չեն ենթարկել

Նոյեմբեր 03,2017 15:00

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ, արդարադատության ավագ լեյտենանտ Կ. Ավագյանը Ս. Կարապետյանին ճանաչել է տուժող՝ Խաչիկ Գեւորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործով: Դրանից հետո հանրապետությունը լքել եւ այլ պետության ծածկի տակ է ծվարել Խ.Գեւորգյանը, որը մեղադրվում է տիկին Ս.-ից 20 000 դոլար, 35 000 եվրո հափշտակելու համար:

Խ.Գեւորգյանը խոստացել էր «Հագենաս» ՍՊ ընկերության գործունեության հետ կապված՝ որպես բաժնետեր ներդնել գումար, դրան մասնակից էր դարձրել նաեւ ԱԱԾ աշխատակից քրոջ որդուն՝ Սմբատ Փիլիպոսյանին, որը տուժող Ս.-ից իր հերթին հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար՝ 50 000 դոլար: Ս.Կարապետյանը հավատալով նրանց «բիզնես ծրագրերին», վաճառել էր իր բնակարանը, ավտոմեքենան եւ հիմա իր անչափահաս դստեր հետ ձմռան նախաշեմին կարող է հայտնվել փողոցում:

Քննիչն իր որոշման մեջ արձանագրել էր, որ այդ արարքով տուժող ճանաչված տիկնոջն անմիջականորեն պատճառվել է գույքային մեծ վնաս:

Այս քրեական գործը հետագայում ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջան, ուր նախաքննություն է իրականացվում:

Հոկտեմբերի 26-ին տուժող Ս. Կարապետյանը ստացել է գլխավոր դատախազին ուղարկված նամակի պատասխանը Շենգավիթ համայնքի դատախազ Գ. Էլիզբարյանից: Տուժողն իր անհանգստությունն էր հայտնել Խ.Գեւորգյանի՝ հանրապետությունից բացակայելու հետ կապված, նրան հայտնաբերելու եւ քննությանը ներկայացնելու ուղղությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից բավարար միջոցներ չձեռնարկելու վերաբերյալ:

«Անհրաժեշտ է ուսումնասիրել դիմումը եւ քննության առարկա դարձնել դրանում բարձրացված հարցերը, անհրաժեշտության դեպքում կատարել քննչական եւ դատավարական գործողություններ»,-գրել էր դատախազ Էլիզբարյանը՝ համայնքի քննչական բաժնի պետ Ս. Մաթեւոսյանին:

Գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Ա.Հարությունյանն էլ տուժող Ս.Կարապետյանին գրավոր տեղեկացրել էր, որ տուժողին վարչությունում՝ նրա հետ ընդունելության ժամանակ, պարզաբանումներ են տրվել Խաչիկ Գեւորգյանի վերաբերյալ, իսկ ԱԱԾ աշխատակցի՝ Սմբատ Փիլիպոսյանի մասով գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւորագույն գործերով քննության վարչություն:

Ս. Կարապետյանը պահանջում է, որպեսզի խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակման գործը քննվի Հատուկ քննչական ծառայությունում, միացյալ, քանի որ Խ. Գեւորգյանը միայնակ չի գործել, այլ գործել է ԱԱԾ աշխատակից հարազատի հետ, որը նաեւ բանկում գրավադրված մեքենա էր գրավ դրել տուժողի մոտ: Մեքենան շուրջ երեք ամիս փաստացի գտնվել է տուժողի տրամադրության տակ, տուժողը վարձել է կայանատեղի, իր միջոցներից վճարել, իսկ այդ ժամանակահատվածում Խ.Գեւորգյանը խոստացել էր, թե կուղարկի համաձայնագիր, մեքենան տուժողի անվամբ առքուվաճառքի պայմանագրով ձեւակերպելու համար. «Փաստացի, Սմբատը քաջ գիտակցելով, որ մեքենան գրավի առարկա է, առանց ինձ տեղեկացնելու, մեքենան ներկայացնելով իբրեւ Գեւորգյանի սեփականություն, գումարի դիմաց թողել էր մոտս, ստացական է գրել լկտիաբար, ստելով, թե որոշ ժամանակ անց մեքենան որպես սեփականություն կհանձնվի ինձ: Տարիներ շարունակ Փիլիպոսյանն ու Գեւորգյանը տարբեր պատճառաբանություններով, կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, թե իբր իմ գումարները բիզնես ծրագրերով ներդրված են Պանամական բանկում, կարող եմ հանգիստ լինել, սակայն տեղեկացել եմ, որ այս երկուսի գործողություններից այլ քաղաքացիներ էլ են տուժել, որոնց գումարները նույնպես չի վերադարձվել»,-«Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է խարդախության զոհ դարձած քաղաքացին:

Նշեմ, որ երկու տարի առաջ սեպտեմբերին Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Ա. Չիչոյանի որոշմամբ արգելանք էր դրվել Սմբատ Փիլիպոսյանին պատկանող գույքի, դրամական միջոցների վրա, նրա դեմ Ս. Կարապետյանի հայցագնի՝ 50 000 դոլարի պահանջի գործով: Միայն անցյալ տարվա մայիսին պատասխանողի ներկայացուցչի միջնորդությունը լսելիս, փոխվեց արգելանքը: Ներկայացուցիչը դատարանին հայտնեց, թե Ս. Փիլիպոսյանն աշխատավարձից բացի, այլ եկամուտներ չունի, անչափահաս երեխաներ է պահում, վերջինս հայտնվել է ծանր կացության մեջ: Դատարանը աշխատավարձի վրա կիրառված մասով մասնակի վերացրեց իր իսկ որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցը:

Դատարանում փորձել էր պատասխանողը հերքել, թե ինքը ստացական չի տվել, սակայն փորձաքննությունների ազգային բյուրոյից ստացված փորձագիտական եզրակացության համաձայն, հաստատել էր, որ այն կատարվել է անվտանգության համակարգը ներկայացնողի ձեռամբ. «Սմբատ Փիլիպոսյանի անունից գրված ստացական բառով սկսվողը…կատարվել է Սմբատ Փիլիպոսյանի կողմից»: Ըստ էության, հաստատվել էր, որ նա ճիշտ է՝ դատարանում ստորագրություն է տվել սուտ ցուցմունք չտալու մասին, բայց, փաստորեն, չէր հարգել իր ստորագրությունը նույնպես, եւ այն խորհրդանիշը, որի տակ ստորագրել էր:

Ս. Կարապետյանի ձեռքի տակ է այս տարվա ապրիլի 18-ի թվագրությամբ կատարողական թերթիկը Ս. Փիլիպոսյանից 50 000 դոլարին համարժեք դրամի բռնագանձման մասին: Դատարանի վճիռն ըստ էության օրինական ուժի մեջ է այս տարվա օգոստոսի 9-ից, սակայն այն դեռ չի կատարվել:

«Տեսնելով, որ ես միայնակ եմ, մինչ օրս չեմ ունեցել փաստաբան, իմ թիկունքին ոչ ոք կանգնած չէ, հայտնվել եմ ֆինանսապես ծանր վիճակում, գործին մինչ օրս պատշաճ լուծում չի տրվել: Նրանց պատճառով կուտակված պարտքերի համար իմ տունը հանվել է վաճառքի»,-«Առավոտին» ասում է տուժող Ս. Կարապետյանը:

Տուժողը բազմաթիվ անգամ դիմել է քննիչին, որպեսզի առերեսում կազմակերպվի իր եւ Սմբատ Փիլիպոսյանի միջեւ, սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել այդ ուղղությամբ:

«Ես զանգեցի քննիչին, ասաց, թե կապվել է Սմբատի հետ, նա փաստաբանի հետ կներկայանա: Սակայն այդպես էլ չներկայացավ: Քննիչն ասաց, թե գնացել է Սմբատի տուն, բայց տանը միայն մայրն է եղել: Քննիչն ինձ ասաց, թե Սմբատին բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել: Ես գնացի նրա մոտ, պահանջեցի, թե ծանուցագրերը, թե բերման ենթարկելու մասին որոշումը, պարզվեց՝ այդ ամենը սուտ էր, ոչինչ չկար: Հետագայում տեղեկացա, որ Սմբատը իր քեռի Խաչիկի նման Հայաստանում չէ»,-ասում է Ս. Կարապետյանը:

Տուժողը տեղեկացել էր, որ Գերմանիայում գտնվող Խ.Գեւորգյանը հինգ միլիոն դրամից ավելի գումար է վերցրել տարբեր մարդկանցից, ունի հսկայական պարտքեր:

«Խ.Գեւորգյանը սոցիալական կեղծ կայքի միջոցով ինչ-որ մեկի անունից ուղարկել է հաղորդագրություն, թե իբր «Հագենաս» ՍՊ ընկերությանը պատկանող գույքը ընդհանուր ժողովի որոշմամբ թույլատրվել է վաճառել ինձ՝ պարտքի դիմաց, սակայն նշված փաստաթուղթը իրավական փաստաթուղթ չի եղել, քանի որ օրենքով սահմանված կարգով երբեւէ իրավական ձեւակերպում չէր ստացել, քանի որ «Հագենասը» դադարեցրել է իր գործունեությունը»,-հանցագործության մասին հաղորդման մեջ հայտնել էր տուժողը:

Խ.Գեւորգյանը եղել է տուժողի հանգուցյալ եղբոր ընկերը:

«Հագենասը» զբաղվել էր դեղագործական, բուսական յուղերի արտադրությամբ: Եվ քանի որ բարձրագույն կրթությամբ տուժողն աշխատանք չի ունեցել, հավատացել էր մեղադրյալի խոստմանը, համաձայն որի՝ արտադրության ծավալները կմեծանան, իրենց ապրանքը դուրս կգա Չինաստան, իսկ տիկին Ս.-ն էլ կդառնա բաժնետեր, կստանա իր ներդրած գումարից ավելին:

Գործում կա դրվագ, երբ Խ.Գեւորգյանը իբր երկու շաբաթով Չինաստանում է՝ գումարները տուժողից ստանալուց հետո, սակայն պարզվել էր, որ նա գտնվել է Հայաստանում:

«Հարկ եմ համարում հայտնել, որ ԱԱԾ աշխատակից Ս. Փիլիպոսյանը հանցավոր համագործակցության մեջ լինելով Խ.Գեւորգյանի հետ, ինձ հետ պարտավորագիր կնքելիս տրամադրել էր ուժը կորցրած լիցենզիա: Այն թողել էր մոտս որպես երաշխիք, որ ես վստահեմ իրենց եւ տրամադրեմ գումար»,-ասում է տուժողը:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

02.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930