Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հնարավոր չէ բավարարել միության բոլոր անդամների ցանկությունները»

Նոյեմբեր 03,2017 14:30

Էդուարդ Թոփչյանը՝ հայ հեղինակներին անդրադառնալու եւ Կոմպոզիտորների միության «կնճիռների» մասին

Օրերս կայացած Հայաստանի կոմպոզիտորների միության համագումարը վերընտրեց գործող նախագահ Արամ Սաթյանին, ձայները բաշխվեցին 56 կողմ, 28 դեմ եւ 1 անվավեր հարաբերակցությամբ: Նախկին չորս տարիներին՝ Սաթյանի պաշտոնավարման օրոք, նրա համախոհների մեծ մասը դժգոհում էր իրենց ստեղծագործությունները հայաստանյան պետական կոլեկտիվների կողմից հազվադեպ կամ ընդհանրապես չկատարելուց: Վստահ ենք, որ նույնը կատարվելու է առաջիկայում:

Դիպուկ էր նախագահի թեկնածու Վարդան Աճեմյանի խոսքը. նա միությունը համեմատել էր ԺԷԿ-ի հետ, «որտեղ փորձում են գոհացնել բոլորին, սակայն ի վերջո բոլորն էլ դժգոհ են մնում»:

Հայտագրերից կարելի է հետեւություն անել, որ, օրինակ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Երիտասարդական եւ Կամերային նվագախմբերը եթե ոչ մշտապես, ապա ժամանակ առ ժամանակ հնչեցնում են հայ դասական ու ժամանակակից կոմպոզիտորների երկեր: Ավելին, Երիտասարդականը վերջին շրջանում անցկացնում է կոնկրետ հայ կոմպոզիտորներին նվիրված փառատոների շարք՝ «Սարյան ֆեստ», «Բաբաջանյան ֆեստ», «Տերտերյան ֆեստ» եւ այլն:

«Առավոտը» Հայաստանի թիվ 1 նվագախմբի՝ ազգային ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանին խնդրեց թվերով ներկայացնել, ասենք, նախորդ համերգաշրջանի ընթացքում կատարված հայ հեղինակների գործերը: Մաեստրոն նշեց, որ ինքը չի բողոքում սեփական հիշողությունից, ասաց, թե այս պահին մեկառմեկ կարող է թվել: «2017թ. հունվարից մինչեւ համերգաշրջանի ավարտը՝ հուլիս, կատարել ենք 160 ստեղծագործություն, որից 81-ը՝ հայ դասական եւ ժամանակակից հեղինակի: Այդ թվում՝ Բաբաջանյանից՝ 29, Ազնավուրից՝ 23, Ամիրխանյանից՝ 19, Միրզոյանից, Սարյանից, Հովհաննիսյանից, Շարաֆյանից՝ մեկական, կատարել ենք կոմիտասյան երկու ստեղծագործություն, անցկացրել ենք երեկոներ՝ նվիրված Բաբաջանյանի, Ազնավուրի, Էդուարդ Թադեւոսյանի, Երվանդ Երկանյանի հոբելյաններին: Հրավիրված կոլեկտիվների եւ մեներգիչների հետ առաջին անգամ կատարել ենք Ռոբերտ Պետրոսյանի «Խաղաղություն աշխարհին» ստեղծագործությունը, Արաքս Մուշեղյանի «ԱՄԵՆ» ռոք օպերան»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Էդուարդ Թոփչյանը նշեց, որ մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են նաեւ երիտասարդ երաժիշտները, որոնք հաճախ են հանդես գալիս ֆիլհարմոնիկի հետ, ներկայացնելով հայ հեղինակների երկեր եւս: Բարձրաձայնեց երաժշտասեր հանրության կողմից ճանաչված կլարնետահար Էդուարդ Խորոզյանի, ջութակահարներ Պոլինա Շարաֆյանի, Դիանա Ադամյանի, շեփորահար Դանիել Մելքոնյանի, երգչուհի Ջուլիետա Ալեքսանյանի անունները:

Մեր զրուցակիցը հատուկ շեշտեց, թե «Մշակութային կանգառ» մարզային ծրագրերում, իր խոսքերով՝ «անպակաս են հայ հեղինակների գործերը»: Հավելեց նաեւ, թե նոյեմբերի 12-27-ը ֆիլհարմոնիկը Իսպանիայում եւ Գերմանիայում կայանալիք հյուրախաղերի ընթացքում, բնականաբար, կհնչեցնի նաեւ հայ կոմպոզիտորի, այս դեպքում՝ Խաչատրյանի եւ Միրզոյանի ստեղծագործությունները:

Հետաքրքրվեցինք՝ անդրադարձը ժամանակակից հայ կոմպոզիտորների ստեղծագործություններին ի՞ր մտահղացումն է, թե՞ Կոմպոզիտորների միության նախագահն էլ է «միջամտում» այդ հարցում: «Եղել են ու կլինեն միության հետ համատեղ համերգներ, բայց հավատացնում եմ՝ հնարավոր չէ բավարարել միության բոլոր անդամների ցանկությունները՝ իրենց ստեղծագործությունները կատարելու առումով: Խորհրդային տարիներին, երբ գոյություն ուներ հեռուստատեսության եւ ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը, կար պլան՝ ոչ միայն կատարել, այլեւ ձայնագրել որոշակի թվով դասական, ժամանակակից հեղինակների երկեր: Կարծում եմ ու համոզված՝ այն ժամանակ էլ նույն դժգոհությունները կային…»,- ասաց դիրիժորը:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Էդ. Թոփչյանը (աջից) կոմպոզիտոր Լ. Շարաֆյանի
եւ թավջութակահար Ս. Բագրատունու հետ:

 

«Առավոտ»

02.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ափսոսում եմ, որ հայ երաժշտական աշխարհը ոչնչով չնշեց Շուշիի Փառապանծ հաղթանակի 25- ամյակը և այս ամսին լրանալիք Մեծ հերոս Մոնթե Մելքոնյանի 60-ամյակը, որը բոլոր հայերիս առաջնահերթ պարտքն է … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930