«Արմավ» հրատարակչությունը տպագրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանի «Վահագնի եւ Աստղիկի հարսանիքը» առասպելածիսական հեքիաթ- վեպը: Այն սոսկ առասպելի հերթական մշակումը չէ: Գրողը համաժամանակյա գեղարվեստական տարածության մեջ հայ միախառնվածքի, խաղի ու զվարթախոհության մի պատում է ստեղծել, որը հետաքրքիր է դարձնում ընթերցանությունը` թե մանուկների, թե մեծերի համար:
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանի բնորոշմամբ, Վանո Եղիազարյանն առավել հայտնի է հայ հին եւ միջնադարյան գրականության հարցերին իր ուշագրավ քննություններով:
«Վանո Եղիազարյանը պահպանելով ծիսական ընթացակարգը, իր առասպելն է հյուսում: Վիշապաքաղ Վահագնը եւ Աստղիկ դիցուհին, ինչպես նաեւ մի շարք աստվածներ եւ առասպելական կերպարներ, ասենք` Երկիրը, Երկինքը եւ այլն, ի հայտ են գալիս մարդկային բնավորություններով եւ ներկայացված են իրապատում կերպով, սակայն գրողը դեպքերն ու ժամանակները խառնում է ինչպես հեքիաթում, եւ վիպական տարածության մեջ իրար կողքի են հայտնվում տարաժամանակյա մշակութային գործիչներ»,-գրում է Արմեն Ավանեսյանը:
Իսկ այդ գործիչներն են հայոց ազգային ոգին որոնող Խորենացին, Նարեկացին` Վարդավառի վարդը ձեռքին, խորամանկ ու ճարպիկ Հովնաթանը, ծիծաղն երեսին Պարոնյանը, գլուխը մարմնից անհամեմատ մեծ Րաֆֆին, խոհուն Շահենը եւ ուրիշներ: Նրանց շարքում են Սեւակը, որ թիկնել է մի մեծ ափի, իբրեւ բազկաթոռի մեջ, Շիրազն իր յոթ որդիներով, ոսկեբերան Համոն, չխոսկան, պերճախոս Հրանտը, բոլորը…
«Անշուշտ այս ստեղծագործությունն այլաբանական ռեալիզմ է, որն այս արտասովոր վեպին անկաղապար հմայք է տալիս: Առասպելն ու առասպելական կերպարները զուտ ֆոնի դեր են կատարում, որոնց միջոցով հեղինակը նպատակ ունի ներկայացնել հայոց հարսանեկան ծեսը` իր բոլոր նրբերանգներով. խաղ-զվարթախոհություն, երգ ու պար, հեքիաթային մոգականություն եւ մշակույթ, որոնք այս օրերին կամաց-կամաց ոչնչանում են հայ իրականության միջից: Վեպը դառնում է ծեսի պատմություն, որտեղ հերոսներ կարող են լինել ամենքը»,-գրել է Արմեն Ավանեսյանը:
Ի դեպ, վեպն ավարտվում է ավանդական հեքիաթի վերջաբանով՝ վերեւից ցած է ընկնում երեք խնձոր: Տվյալ պարագայում՝ մեկը ասող-լսողին, մյուսը` կարդացող- հասկացողին, երրորդն էլ Սիրո ու Գեղեցկության հարգն իմացողին:
Պատրաստեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ»
02.11.2017
Կարդացինք, բավականին խառնիխուռն և թույլ գործ է: Ավելի լավ է գրականգետը զբաղվի իր գործով: