2004 թվականին ԱՄՆ-ում մի հեռուստաշոու ի հայտ եկավ, որ կոչվում էր The Apprentice: Հայերեն մոտավոր թարգմանությամբ՝ «Աշակերտը»: Այն միանգամից մեծ ժողովրդականություն վայելեց ու դիտվում էր մեծ սպասումով ու հետաքրքրությամբ: «Աշակերտը» հեռուստաշոուն իրական ցուցադրում էր: Այն ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրն էր ու այն վարում էր հենց ինքը՝ Թրամփը: Շոուի էությունը հետեւյալն էր: Առաջին եթերաշրջանի ժամանակ Թրամփն ընտրել էր 16 մրցակից՝ 8 տղամարդ եւ 8 կին: Նրանք բոլորն արդեն հաջողել էին բիզնեսի բնագավառում: Նրանք բաժանվել էին երկու թիմերի ու ամեն շաբաթ Թրամփը նրանց մի նոր բիզնես հանձնարարություն էր տալիս: Պարտվող թիմը, որն ավելի ցածր արդյունք էր ներկայացնում, հանդիպում էր Թրամփի հետ ու քննարկում էին պարտության պատճառները (օրինակ, հանձնարարություններից մեկը Նյու Յորքի փողոցներում լիմոնադ վաճառելն էր, ու հաղթանակը տրվում էր այն թիմին, ով ավելի շատ լիմոնադ կվաճառեր այդ ընթացքում): Քննարկման ընթացքում որոշվում էր, թե ով է թիմի ամենաթույլ օղակը ու նրան ուղարկում էին տուն: Այսպես ամեն շաբաթ մի հոգի կրճատվում էր ու վերջում հաղթողին Թրամփն առաջարկում էր ղեկավարել իր մեծ բիզնես ծրագրերից մեկը՝ բարձր աշխատավարձով:
Առաջին եթերաշրջանի ժամանակ այս շոուն դարձավ ԱՄՆ-ում ցուցադրվող 7-րդ ամենադիտվող շոուն: Ամեն շաբաթ այն դիտում էր 20 միլիոն մարդ ու այն մարդկանց մեջ տարածում էր գործարարությամբ ու ստեղծարարությամբ, բիզնեսով զբաղվելու մոդայիկությունը: Դա լավ էր երկրի տնտեսության զարգացման համար:
Մեր գյուղատնտեսությունը
Սեպտեմբերի կեսերին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց գյուղատնտեսությամբ զբաղվելը մոդայիկ դարձնելու անհրաժեշտության մասին: Տեսանելի է, որ բավական աշխատանք է տարվել ու գյուղատնտեսության մասին լուրերով հաղորդումներն ավելի հաճախակի են դարձել հեռուստատեսությամբ: Բայց եկեք ավելին անենք: Օրինակ, պատկերացրեք Հանրային հեռուստատեսությամբ լինի բիզնես շոուի պես մի ծրագիր, որտեղ 16-20 երիտասարդներ կբաժանվեն երկու կամ երեք խմբերի ու նրանց կհանձնարարվի կատարել գյուղատնտեսական մի ծրագիր: Օրինակ, ամեն մի խմբին տվեք մի ջերմոց ու թող աճեցնեն լոլիկ կամ վարունգ: Կհաղթի այն խումբը, որը կկարողանա ավելի շատ աճեցնել ու իրացնել:
Նկարահանող խումբը կնկարի ու կցուցադրի այս ամբողջ գործընթացը, թե ինչպես են երիտասարդները ծրագրում ու կառավարում իրենց գործը, ինչպես են սովորում ու հոգ տանում բերքատվության առատության մասին ու ինչպես են տարբեր մարկետինգային ծրագրերի միջոցով ձգտում իրացնել իրենց արտադրանքը: Պատկերացրեք՝ քանի մարդ կդիտի այդ ծրագիրը, որ կգնա մի ամբողջ եթերաշրջան: Պատկերացրեք՝ քանի մարդ կոգեւորվի ու ինքն էլ քաջալերվելով՝ կուզենա նման գործով զբաղվել:
Գյուղատնտեսությունը եւ դրա մարտահրավերը հաղթահարելը կդառնա ավելի մոդայիկ, որովհետեւ ցույց են տալիս հեռուստատեսությամբ իրական մարտահրավերի տեսքով, կոնկրետ մարդիկ, ովքեր արդեն դառնում են քեզ ճանաչելի, զբաղվում են դրանով ու դու սկսում ես տեսնել ու խանդավառվել հողից բերք քաշելու հաճույքն ու վայելել դրա բերկրանքը: Մարդը նման բաներ տեսնելով հավեսի է ընկնում, թասիբի է ընկնում: Սրանք իրական զգացումներ են, որ կարող են օգնել մարդկանց զբաղվել գյուղատնտեսությամբ: Օրինակ, սովորական գյուղատնտեսը, որն իր հողի մշակման մեջ ոչ մի ապագա չի տեսնում, ու իր հարեւաններն էլ ամբողջ օրը բողոքում են, թե սերմը թանկ է, պարարտանյութը թանկ է, կսկսեն այս երիտասարդների պես պրպտել, փնտրել ու գտնել նորանոր միջոցներ, նորանոր տեխնոլոգիաներ՝ հողի մշակումն ավելի արդյունավետ դարձնելու համար: Այն, ինչի մեջ դու ապագա չէիր տեսնում, մեկ էլ տեսնում ես հեռուստատեսությամբ են ցույց տալիս, մարտահրավերի ու իրական «սերիալի» տեսքով: Քո ուշքն ու միտքը քաղաքի վրա էր, մեկ էլ տեսնում ես, որ քաղաքի կրթված երիտասարդներն են գալիս գյուղ ու զբաղվում նրանով, ինչը որ քեզ համար այդքան մատչելի ու մոտ է: Ու դու տեսնում ես, որ շատերը մամուլում եւ Ֆեյսբուքում խոսում են այդ մասին: Ի՞նչ կկատարվի սրանից հետո…
Ավելի շատ մարդիկ կսկսեն զբաղվել գյուղատնտեսությամբ: Կլինի այնպիսի խանդավառություն, ինչպիսին եղավ ԱՄՆ-ում գործարարությամբ զբաղվելու հետ կապված, երբ ամբողջ մամուլը, սոցիալական ցանցերն ու բլոգները գրում էին «Աշակերտը» շոուի հերթական դրվագի մասին:
ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
«Առավոտ»
02.11.2017