Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ

Նոյեմբեր 03,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր իններորդ

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ

Եվ Ֆելոն միանգամայն լուրջ տոնով Ֆրունզիկին ասաց՝ «այնուամենայնիվ, անփոխարինելի լինելը հավանաբար հաճելի բան է» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «այդպես չէ՞, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «կարելի՞ ա՝ մի բան էլ ես քեզ հարցնեմ, Ֆելո ջան», եւ Ֆելոն ժպտալով ասաց՝ «խնդրեմ, ընկեր Մկրտչյան», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ֆելոյին հարցրեց՝ «էդ որ գրական լեզվով խոսում ես, դիտմամբ ե՞ս անում, թե՞ ինքնիրան ա ստացվում», եւ Ֆելոն զարմացած հարցրեց՝ «ես ե՞րբ եմ գրական լեզվով խոսել», եւ Ֆրունզիկը պատասխանեց ու ասաց՝ «հենց հիմա» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով Ֆելոյին հարցրեց՝ «կարող ա՞ էդ «այնուամենայնիվ» բառը ես ու Հակոբն ասեցինք», եւ Ֆելոն բավական երկար մտածեց ու ժպտալով Ֆրունզիկին հարցրեց՝ «այնուամենայնիվի փոխարեն ի՞նչ բառ պիտի ասեի», եւ Ֆրունզիկը մի  քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «չգիտեմ», եւ ես ժպտալով ասացի՝ «էդ այնուամենայնիվն անփոխարինելի բառ ա», եւ բոլորը ծիծաղեցին, եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «մեջներիս ամենահումորովն, այնուամենայնիվ, Արմենչոն ա» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «էդ այնուամենայնիվն, այնուամենայնիվ, շատ երկար բառ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «անփոխարինելի ա, ճիշտ ա, բայց շատ երկար ա», եւ հայրս ժպտալով ասաց՝ «շատ երկար բառ ա, բայց մեջը համարյա իմաստ չկա», եւ Վոլոդյան ժպտալով հորս հարցրեց՝ «շտո՞ զնաչիտ այնուամենայնիվ», եւ հայրս ժպտալով Վոլոդյային ասաց՝ «գիտես թե՝ մենք գիտե՞նք» եւ մի քիչ մտածեց  ու փռթկացնելով ավելացրեց՝ «Ֆելոն որ րոպեն մեկ էդ բառն օգտագործում ա, գիտես թե՝ իմաստը գիտի՞», եւ Ֆելոն զարմացած ասաց՝ «ո՞նց չգիտեմ», եւ Ֆրունզիկը ժպտալով Ֆելոյին ասաց՝ «որ գիտես, դե իմաստը բացատրի», եւ Ֆելոն բավական երկար մտածեց, ինչ-որ բան կմկմաց, հետո էլի մտածեց ու ոչինչ չասաց, եւ հայրս փռթկացնելով Ֆրունզիկին ասաց՝ «մինչեւ  Ֆելոն էդ բառի իմաստը բացատրի, ներկայացումդ կսկսվի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինձ թվում ա՝ էդ բառը ոչ մի իմաստ չունի», եւ Ֆրունզիկը զարմացած հարցրեց՝ «ո՞նց կարա բառը  իմաստ չունենա», եւ ես ժպտալով ասացի՝ «ձեւական բառ ա», եւ Ֆրունզիկը հիացմունքով նայեց ինձ ու ասաց՝ «վսյո ժե, մեջներիս ամենասրամիտն Արմենչոն ա», եւ հայրս ինքնագոհ ժպտալով բացականչեց՝ «գտա՜», եւ Ֆրունզիկը զարմացած նայեց  հորս ու հարցրեց՝ «ի՞նչը գտար», եւ հայրս ինքնագոհ ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «էդ այնուամենայնիվի իմաստը», եւ Ֆրունզիկը հարցրեց՝ «իմաստը ո՞րն ա», եւ հայրս ինքնագոհ ժպտալով Ֆրունզիկին ասաց՝ «այնուամենայնիվը քո ասած նույն էդ վսյո ժեն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց էդ վսյո ժեն էլ առանձնապես իմաստ չունի», եւ Ֆրունզիկը հիացած նայեց հորս, հետո հիացած նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «ձեւական բառեր են», եւ հայրս ասաց՝ «քերականության մեջ դրանք կոչվում են եղանակավորող բառեր», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց հորս ասաց՝ «վռազ էրեւում ա, որ ձեր տանը հայոց լեզվի ուսուցչուհի կա», եւ ես ասացի՝ «մաման ոչ մի կապ չունի» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «պապան հայոց լեզվից շատ ուժեղ ա», եւ Վոլոդյան ասաց՝ «Ուստա Ակոպ ռուսերենից էլ շատ ուժեղ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել