Aravot.am-ին են դիմել «Նայի՛ր դրոշակին» երիտասարդական նախաձեռնության անդամներ Հայկ Մանուկյանը, Աննա Հարությունյանը, Հարություն Գրիգորյանը և Շաքե Սիմոնյանը՝ ցանկանալով բարձրաձայնել Մանկական երկաթուղի տանող թունելի վերանորոգման խնդիրը:
Նրանք նշեցին, որ ամիսներ շարունակ նամակներ են հղել Երեւանի քաղաքապետարանին՝ խնդրելով պարզաբանել, թե երբ է նախատեսվում թունելը նորոգել, սակայն պետական մարմնի պատասխանները հուսադրող չեն:
Մոտ 400 մետր երկարությամբ թունելի վիճակը, մեղմ ասած, ոչ բարվոք է: Մեզ հետ զրույցում «Նայի՛ր դրոշակին» նախաձեռնության անդամներից Հարություն Գրիգորյանը փաստեց, որ թունելն անվտանգ չէ երեխաների անցման համար, էլ չասած՝ հայհոյանքներով «հարուստ» պատերի, գարշահոտության եւ աղբի մասին:
«Ի պատասխան ժամանակին այս խնդրով իրականացված ստորագրահավաքի՝ Քաղաքապետարանը նշել էր, որ նախատեսվում է թունելի վերանորոգում: Սակայն դրանից անցել է 4 տարի եւ ոչինչ չի փոխվել…»,-պատմեց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ այս տարի Քաղաքապետարանին անգամ իրենց՝ երիտասարդների կամավոր օգնությունն են առաջարկել թունելի նորոգման եւ բարեկարգման հարցում, սակայն՝ կրկին անարդյունք:
Մանրամասները՝ տեսանյութում:
Երեւանի քաղաքապետարանից պարզաբանում կստանանք առաջիկայում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ