Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տարածաշրջանային խոստումնալից ծրագիր է Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի համար եւ հավակնում է ավելի մեծ նախագիծ դառնալ, եթե դրան միանա Չինաստանը: «Հոդված 3» մամուլի ակումբում այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք արտահայտեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին բացվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որն անցնում է Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք տարածաշրջանով: Թեեւ բեռնափոխադրումների գները դեռ հստակ չեն, Մելիքյանը նշեց. «Ենթադրենք, եթե սակագները ցածր լինեն, երկաթուղին կմրցի Վրաստանի նավահանգիստների հետ, որոնցից օգտվում է Հայաստանը: Այդ դեպքում մեզ համար շահեկան իրավիճակ կստեղծվի, որովհետեւ վրացական նավահանգիստները կսկսեն վերանայել իրենց սակագները»:
Փորձագետի խոսքով՝ պարզ է, որ տնտեսական ծրագիր համարվող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին նաեւ քաղաքական ենթատեքստ ունի. «Մասնավորապես Ադրբեջանը չի թույլատրի Հայաստանի մասնակցությունն այդ ծրագրին, քանի դեռ լուծված չէ Արցախյան հակամարտությունը»:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ նկատեց՝ Հայաստանը նախընտրել է ռուսական մենաշնորհը, այդ պատճառով ՀՀ-Իրան երկաթգիծը չի կառուցվում՝ ի հակակշիռ նոր գործարկված երկաթուղու. «Այդ երկաթուղու շնորհիվ Վրաստանն ու Ադրբեջանն ավելի անկախ են դառնում, եւ Ռուսաստանը, ցանկանա, թե ոչ, բայց ադրբեջանական բեռների համար ստիպված է իջեցնել սակագները»:
Ստեփան Գրիգորյանը եւս կարծում է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս»-ը քաղաքական նախագիծ է, որը, սակայն, առաջիկայում կդառնա տնտեսական ծրագիր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարը՝ «Հոդված 3»-ի: