Ճապոնացի հայտնի գրող Ֆումինորի Նակամուրայի «Գրպանահատը» գիրքը , որը թարգմանվել է 12 լեզուներով, արդեն հասանելի է հայ ընթերցողին: «Բյուրոկրատ» գրախանութում նոյեմբերի 3-ին թարգմանիչ Ալեքսանդր Աղաբեկյանի, խմբագիր Կարինե Աղաբեկյանի, և Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ պարոն Էյջի Թագուչիի՝ մասնակցությամբ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը:
Թարգմանչի խոսքերով՝ այս գրքի յուրահատկությունն այն է , որ թեև գրված է քրեավեպի տեսքով, գրական արձակ է: «Նակամուրան գրքում մի պատկեր ունի, որն աշտարակի տեսքով է, բայց իրականում հերոսի մեղքի խորհրդանիշն է : Ամեն անգամ գրքի հերոսը իր սխալ արարքից հետո աչքի առաջ տեսնում է աշտարակը»:
Նրա խոսքերով` թեև գիրքը շատ անորոշ է ավարտվում, բայց հենց դա էլ ապահովում է գրքի հետարքրքությունը: Գրքի թարգմանության հետ կապված խնդիրներին անդրադառնալով՝ Ալեքսանդր Աղաբեկյանը նշեց, որ խնդիրն այն էր, որ գիրքը հենց բնագրից չի թարգմանվել, թարգմանիչ չլինելու պատճառով:
«Խնդիրը լուծում ենք հետևյալ կերպ՝օգտվում ենք անգլերեն և ֆրանսերեն թարգմանություններից: Դա նաև հնարավորություն է տալիս թարգմանելիս երկու լեզուների միջև համեմատություն անցկացնել»,-նշեց թարգմանիչը։ Նա նաև ավելացրեց, որ մի քանի լեզվից թարգմանելը օգնում է խուսափել մեկ լեզվի լեզվամտածողության ազդեցության տակ ընկելուց։ Նաև բերեց օրինակներ, երբ մի լեզվով թարգմանելիս հանդիպել են սխալների։ «Կոելյոյի «11 րոպե»-ն թարգմանելիս՝ խմբագիրը՝ Կարինեն, սխալ էր տեսել ֆրանսերեն տարբերակում։ Մենք համեմատեցինք պորտուգալերենի հետ և տեսանք, որ իսկապես կա անհամաձայնություն։ Գրեցինք Կոելյոյին և նա ասաց, որ ճիշտ ենք՝ սխալ է թույլ տրվել»,-հավելեց նա։
Ըստ թարգմանչի՝ զարգացած երկրներում գրողները ներկայացնում են իրենց գործերը քրեավեպի տեսքով, որովհետև դրանց ավելի լավ վաճառք ունեն։ Հայաստանում իրավիճակը մի փոքր այլ է․ այստեղ գրքեր չեն գնում։
Զրուցեցինք նաև Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ պարոն Էյջի Տագուչիի հետ։ Նա նշեց, որ կարդացել է գիրքը հենց ճապոներեն մի քանի տարի առաջ և կարծում է, որ այն բավականին հետաքրքիր է ստացվել։ «Սա շատ լավ ընտրություն է, և իսկապես պետք է, որ այն թարգմանվեր նաև հայերենով»։
Նա պատասխանեց մեր հարցին՝ խոսելով ամերիկյան և ճապոնական գրականության տարբերությունների մասին։ «Բացի լեզվական տարբերությունից, ճաշակները և մոտեցումները նույնպես տարբեր են։ Թեև պետք է նշեմ, որ շատ զարմանալի է, թե ինչպես են թարգմանիչները կարողանում ընկալել ճապոնական իրականությունը և այն ներկայացնել ընթերցողին »,-հավելեց դեսպանը։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Կեցցես, Կարինե: Հոյակապ ներկայացրել եք ամեն ինչ: Արհեստավարժ լրագրողի գործ է: Նկարները նույնպես շատ լավն են: «Առավոտը» միշտ որակյալ է:
Կեցցեք, Կարինե: Հոյակապ ներկայացրել եք շնորհանդեսը: Արհեստավարժ լրագրողի գործ: Նկարներն էլ շատ լավն են: «Առավոտ»-ը ՀՀ-ի ամենալավ թերթն է, իր ամբողջ կազմով: