ՏԻՄ ընտրություններում քվեարկությունը կազմակերպվելու է նոր «Ընտրական օրենսգրքի» կանոնակարգումների համաձայն, այսինքն, տեղամասային կենտրոններում գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների օգնությամբ՝ մատնահետքով: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Սակայն նա տեղեկացրել էր, որ ուղիղ հեռարձակում ՏԻՄ ընտրություններում չի լինելու: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իհարկե, լավ կլինի ուղիղ եթերով հեռարձակվի, բայց պետք էլ չէ դրա հետ մեծ հույսեր կապել. «Այնպես չէ, որ խորհրդարանական ընտրություններում ուղիղ հեռարձակման դեպքում անօրինականություններ չեղան: Եղան: Մեկ բան պիտի արձանագրենք՝ մեզանում ցանկացած ամենակատարյալ օրենք, եթե չկա կամք, չկա նպատակ ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու, ուզում եք ամբողջը եթեր հեռարձակեք, ուզում եք՝ մարդկանց ռենտգենի ենթարկեք, նոր մտնեն քվեախցիկ, միեւնույն է: Մենք այս տարիների ընթացքում պիտի որ վարժված լինեինք այն մտքին, որ ուզում եք հենց հիմա բերեք ռենտգեն ապարատ դրեք կամ կատե դրեք՝ բոլորին կատեով անցկացրեք, նոր ուղարկեք քվեարկության, ուզում եք ԴՆԹ-ի անալիզ անցկացրեք՝ միեւնույն է, եթե նպատակը տեղամասում կամ տեղամասից դուրս անօրինականություն անելն է՝ անելու են»:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վաղը կփորձի ԿԸՀ-ից ճշտել, թե ինչու չի հեռարձակվելու, բայց եթե նպատակ է դրված ինչ-որ կերպ միջամտել ընտրական գործընթացին ոչինչ չի խանգարի. «Մենք համոզվել ենք քանիցս, որ միշտ էլ գտնվում է Նյուտոնի 3-րդ հայտնի օրենքը, որ ցանկացած ուժ ունի իր հակաուժը, այսինքն՝ ցանկացած օրենք անմիջապես գտնում է իր կիրառման հակամեթոդը»:
Մեր հարցին՝ Գագիկ Ծառուկյանը նախորդ ընտրություններում տեսախցիկներով ապահովել էր տեղամասերը, կարո՞ղ են այդ տեսախցիկները ՏԻՄ ընտրություններում կիրառվել՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք հարցը կքննարկենք կուսակցությունում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ