Նոյեմբերի չորսին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանի վերադարձի համերգը, որն իրականում երախտիքի խոսք է բոլոր նրանց, ովքեր 9 տարի առաջ Արտակին օգնեցին մեկնել Գերմանիա՝ դժբախտ պատահարից հետո վերականգնողական բուժօգնություն ստանալու:
Ծանր դիպվածն Արտակի կյանքը փոխեց 2008-ին. Առաջին Հանրապետության 90-ամյակին նվիրված համերգի գլխավոր փորձն էր Սարդարապատի հուշահամալիրում: Հանկարծակի բարձրացած քամին 3.5 տոննա կշռող լուսարձակը շրջեց բեմում գտնվողների վրա: Իսկ բեմում մոտ 120 մարդ կար, հիմնականում՝ երեխաներ: Մի քանի դպրոցահասակ երեխաների կյանքը փրկելով, այդ օրը լուրջ վնասվածքներ ստացավ նաև օպերային երգիչ Արտակ Կիրակոսյանը:
Ընկերների ու բարեգործների շնորհիվ Արտակը մեկնեց Գերմանիա, որտեղ էլ մինչ օրս ապրում ու շարունակում է բուժումը:
Հայաստանում ապրելու մասին առայժմ չի էլ կարող մտածել, քանի դեռ չի ապաքինվել վերջնականապես.
«Ես վստահ եմ՝ եթե Երևանում լինեի, անգամ այս վիճակով, Օպերային թատրոնի բեմում կլինեի: Առաջիկա համերգը իմ վաղեմի երազանքն էր, որը իրականություն է դառնում շնորհիվ իմ ընկերների և մասնավորապես՝ Արմեն Ամիրյանի»,- համերգին նախորդած մամուլի ասուլիսում այսօր ասաց երգիչը:
Արտակը մինչ օրս անվասայլակով է, բայց չի հանձնվում. վստահ է՝ մի օր ամուր ոտքերի վրա է կանգնելու ու բեմ է բարձրանալու՝ ամուր քայլերով: Իսկ երգեցողությունից երբեք չի կտրվել. հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ:
Ինչը՞ ուժ տվեց՝ հաղթահարելու այդ դժվարությունները։ Արտակը պատասխանեց՝ առաջին հերթին հավատքն առ Աստված:
«Ես «Նարեկ»-ով եմ սկսել «կյանքի գալ»: Դեպքից հետո շաբաթներ շարունակ ինձ տանջում էր մի հարց՝ ինչու՞ , բայց հետո աստիճանաբար հասկացա, որ ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել: Բացի այդ, ինձ շատ մեծ ուժ տվեց ընտանիքս, հատկապես կինս, և իհարկե ընկերներս, որոնք անընդհատ կողքիս էին, ինչպես և այսօր: Օրս այնպես էին լցնում, որ թվում էր՝ ոչինչ էլ չի պատահել, ընդամենը վերևի դարակից չեմ կարող վերցնել բաժակը»,-կատակում է Արտակը՝ միաժամանակ նշելով, որ արտերկրում ամենից շատ հենց ընկերներին է հիշում ու կարոտում:
Կարոտում է նաև իր հարազատ Երևանի օպերային թատրոնը, որը, ինչպես պնդում է բազմաթիվ բեմերում հանդես եկած երգիչը, անփոխարինելի է, իսկ երևանյան հանդիսատեսը՝ ամենաջերմը:
Արտակը պատմեց, որ իր հարազատ բեմում վերջին անգամ հանդես է եկել 2008-ի մայիսի 3-ին՝ չարաբաստիկ դեպքից ընդամենը օրեր առաջ: Սարոյի դերերգով էր բեմում…
Արմեն Ամիրյանը վստահեցրեց. «Լավ ժամանակներն առջևում են, և Երևանի օպերային թատրոնի բեմում Արտակին մենք տեսնելու ենք ամենատարբեր դերերգերով: Ես վստահ եմ դրանում, և ամենակարևորը՝ Արտա՛կն է վստահ: Ինչպիսի հերոսությամբ նա փրկեց երեխաների կյանքը, նույն հերոսությամբ այսօր պայքարում է առողջության, կյանքի ու արվեստի համար: Իսկ առաջիկա համերգին մենք տեսնելու ենք հենց այդ պայքարի դրսևորումներից մեկը»,-ասաց Ամիրյանը:
Ալիսա Գևորգյան
ՀՀ Մշակույթի նախարարություն