Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրաքահայերը կկարողանան լավագույն ձևով դրսևորվել նաև քաղաքականության մեջ. Աբդելբարի Ալ-Զիբարի

Նոյեմբեր 02,2017 19:20

Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Իրաքի խորհրդարանի Ներկայացուցիչների խորհրդի պատվիրակությանը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարիի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ հայ-իրաքյան առնչությունները դարերի վաղեմություն ունեն: «Մեր երկու ազգերի բարեկամության հիմքն այն հայերն են, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են Իրաքում, ապրել են, արարել և այսօր էլ շարունակում են համարվել Իրաքի լիիրավ քաղաքացիներ»,-նշեց նախարարը:

Պատվիրակության ղեկավար Աբդելբարի Ալ-Զիբարին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և սերտ համագործակցության համար: «Մենք շատ ուրախ ենք, որ մեր երկրում ապրում են հայեր, ովքեր առանձնանում են աշխատանքի մեջ իրենց ճշտապահությամբ, նվիրվածությամբ և վստահելիությամբ: Եվ այսօր արդեն քննարկում ենք այն հարցը, որ Իրաքի Ներկայացուցիչների խորհրդում լինեն նաև հայազգի պատգամավորներ: Վստահ ենք, որ Իրաքի ժողովրդի, այդ թվում նաև իրաքահայերի շնորհիվ, մեր երկիրը կբռնի բարգավաճման ուղին: Հայ ժողովուրդը, անցնելով բազում դժվարությունների միջով, այսօր ընթանում է զարգացման ճանապարհով, կարողանում հուսալի հանգրվան դառնալ նաև շատ փախստականների համար: Այս առումով մեզ համար չափազանց կարևոր է Հայաստանի փորձը»,-նշեց Աբդելբարի Ալ-Զիբարին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Իրաքի Ներկայացուցիչների խորհրդում ազգային փոքրամասնություններին պատգամավորական մանդատներ տրամադրելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունը և նշեց, որ իրաքահայերը, լայն գործունություն են ծավավելով տնտեսության, մշակույթի, կրթության բնագավառներում, կկարողանան լավագույն ձևով դրսևորվել նաև քաղաքականության մեջ:

«Այսօր շուրջ 1000 իրաքցիներ ապրում են Հայաստանում՝ աչքի ընկնելով իրենց համեստությամբ և աշխատասիրությամբ: Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստանում են հաստատվել 22 հազար սիրիահայեր: Պետությունը հոգ է տանում նրանց մասին, նպաստում  նրանց տնտեսական, հասարակական, մշակութային ինտեգրմանը: Նրանք անվճար կրթություն են ստանում, օգտվում առողջապահական անվճար ծառայություններից, ստանում արտոնյալ վարկեր, մասնակցում են լեզվի ուսուցման դասընթացների: Յուրաքանչյուր տեղահանված մարդու բնականոն կյանքը շարունակելու համար պետք է նախևառաջ 3 պայման՝ կացարան, աշխատանք և կրթություն: Մենք փորձում ենք ապահովել այս պայմանները»,-նշեց Հրանուշ Հակոբյանը:

Ներկայացնելով Սփյուռքի նախարարության գործունեությունն ու հայկական սփյուռքի առանձնահատկությունները՝ նախարարն ընդգծեց, որ Ցեղասպանության հետևանքով հայերը սփռվել են ամբողջ աշխարհում՝ հաստատվելով 118 երկրներում: «Մենք աշխատում ենք Սփյուռքի բոլոր հայ համայնքների հետ՝ առաջնորդվելով այն կարգախոսով, որ հայ է նա, ով իրեն հայ է զգում: Մենք փորձում ենք օգնել մեր հայրենակիցներին պահել նրանց ինքնությունը, վերադառնալ ազգային արմատներին և  միաժամանակ լինել իրենց բնակության երկրի օրինապահ ու օրինակելի քաղաքացիներ: Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ Սփյուռքը մոտենա Հայրենիքին»,-նշեց Սփյուռքի նախարարը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին հանդիպման համար և հույս հայտնեցին, որ Հայաստանի փորձը կնպաստի Իրաքի հետագա զարգացմանը:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը պատվիրակության ղեկավար Աբդելբարի Ալ-Զիբարիին նվիրեց լուսանկարիչ Ռուբեն Մանգասարյանի «Հայաստան» ալբոմը:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930