Լրահոս
Օրվա լրահոսը

Կնոջը հալածած եւ սպանած տղամարդուն 9 տարով ազատազրկեցին

Նոյեմբեր 02,2017 19:07

Նոյեմբերի 2-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Նարինե Դանիելյանի սպանության գործով դատական վերջին նիստը։

Երևանի 38-ամյա բնակիչ Նարինե Դանիելյանն ամուսնացել էր 14 տարեկանում: Ամուսնական համատեղ կյանքի 25 տարիների ընթացքում ամուսինը՝ 42-ամյա Արթուր Մելիքսեթյանը, պարբերաբար հալածել էր կնոջը, ապա սպանել:

Դատարանը մեղավոր ճանաչեց Արթուր Մելիքսեթյանին եւ վճռեց դատապարտել 9 տարի ազատազրկման: Պատիժը կրելու ժամկետը կհաշվվի 2016 թ. սեպտեմբերից:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դժգոհ է դատարանի վճռից եւ այն կբողոքարկի. «Եթե մի քիչ էլ թուլացնեինք, գուցե տանեին հոգեկան հուզում, դեպի 112 հոդված… Ազնվությամբ եմ ասում, մենք մի կերպ ենք կարողանում մեր համակարգում որոշ բաներ պահել»:

Փաստաբանը տարակուսած էր: «Շատ նեղվել է իրավահաջորդը, նեղված ենք բոլորս, ես որպես մասնագետ գտնում եմ, որ նման պատժաչափը արդարացված չէ կատարված հանցանքի առումով: Ողջունում եմ նախաքննական մարմնին, որ այս կարգի քննություն կարողացավ տանել, որ առանձին դաժանության հատկանիշները կարողանան լղոզել, նախաքննական մարմինն ինչքան հնարավոր է օգնում էր դրան, այնուհետեւ գործը շպրտեց դատարան, որ դատարանն իր առաջադրած մեղադրանքի սահմաններից դուրս չկարողանա գալ:

Արդյունքում մենք ունենում ենք առանձնակի դաժանությամբ սպանությունների կատարման իրական դեպքեր եւ ոչ համապատասխան պատժաչափեր: Մինչդեռ, եթե օրինական գործընթաց ընթանար, այդ անձը կարող էր դատապարտվել 2-րդ մասի հատկանիշներով` 17-18 տարի պատժաչափով, բայց ուղիղ կեսը ստացավ` դատական համակարգի եւ նախաքննական մարմինների անարդյունավետ, բազմակողմանիությունն ապահովելուն անկարող գործունեության արդյունքում: Սա որերորդ դրվագն է, որ մենք ունենում ենք ընտանեկան բռնության արդյունքում զոհի կարգավիճակ ունեցող կնոջ նկատմամբ բռնություն, եւ անձը, որ ֆիզիկապես ոչնչացնում է այդ կնոջը, դրան հակառակ ունենում է շատ մեղմ պատժաչափեր»,-շեշտեց Սեդա Սաֆարյանը:

Հավելենք, որ այսօր մի խումբ հասարակական կազմակերպություններ անդրադարձել էին այս գործին ու մասնավորապես հիշեցրել. «Նարինեի դին՝ մարմնի տարբեր հատվածներում բռնության հետքերով, հայտնաբերվել է 2016թ. սեպտեմբերի 19-ին` Արմավիրի մարզի Ակնալիճ-Զարթոնք տանող ավտոճանապարհի հարակից ջրատարում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930