Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խառնաշփոթ Փոքր Մանթաշում․ «Իմ վրա գրողը գյուղի հարս է»․պարզաբանում է գյուղապետը

Նոյեմբեր 02,2017 18:45

Երեկ shamshyan.com կայքում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Արթիկի ոստիկանության կողմից որոնվում են Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի գյուղապետ, 43-ամյա Ժիրայր Հակոբյանն ու գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար, 57-ամյա Գագիկ Հակոբյանը, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը։

Ըստ այդ տեղեկությունների, «38-ամյա Լ. Ք.-ն Ոստիկանության Արթիկի բաժնում հայտնել է, որ 2016 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Փոքր Մանթաշ գյուղի բնակիչներ՝ Ժ. և Գ. Հակոբյանները Փոքր Մանթաշ գյուղի գյուղապետարանի 10 աշխատակիցների աշխատավարձերի բանկային քարտերից կանխիկացրել են մոտ 1 մլն դրամ, որից հետո նշված գումարը որպես կաշառք Ժ. Հակոբյանը տվել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանին՝ գյուղապետարանի հայեցողական հաստիքացուցակները հաստատելու համար»։

Մենք այս հրապարակումից անմիջապես հետո զրուցեցինք մարզպետարանի պաշտոնյա Լիպարիտ Մարտիրոսյանի հետ, որը, սակայն, ոչ միայն զարմացած էր իր՝ փախուստի մեջ գտնվելու մասին լուրերից, այլ նրանից թե ի՞նչ կապ ունի հաստիքացուցակների հաստատումը մարզպետարանի հետ, եթե դա գյուղի ավագանու որոշելիք խնդիրն է։

«Նախ՝ հաստիքացուցակը մարտ-ապրիլ ամիսներին չեն հաստատում, ըստ օրենքի, հաստատում են նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին։ Հաստիքացուցակ, դրույքաչափ հաստատում է ավագանին, որից հետո մտնում է բյուջե, մյուս տարվա բյուջեի համար հիմք է հանդիսանում հաշվարկի համար։ Սա բացառապես ավագանու լիազորությունների մեջ է մտնում, մարզպետարանը բացարձակ կապ չունի, վերահսկող էլ չէ այդ առումով։ Ֆինանսական վարչությունն ընդհանրապես ավագանու որոշումների հետ կապ չունի, ավագանու որոշումի ճշտություն, անճշտությունն էլ մարզպետարանի տարածքային վարչության խնդիրն է, ֆինանսական վարչությունը ոչ մի բանով կապ չունի։ Եթե օրինակի համար ասենք գյուղապետը 3 օգնական պահի, 4 տեղակալ, եթե դա ավագանին է հաստատում, ոչ մեկն այլևս իրավունք չունի ասելու՝ ինչո՞ւ եք այդքան օգնական ու տեղակալ պահում »,-ասաց մարզպետարանի պաշտոնյան՝ նշելով, որ իրեն անվանարկելու համար պատիվ կպահանջի նման հայտարարություն անողից։ Նա նաև ասաց, որ չի էլ ճանաչում ոստիկանություն հաղորդում ներկայացնողին, դեմքն անգամ տեսած չկա։

Մենք նաև զրուցեցինք Փոքր Մանթաշի գյուղապետի հետ՝ հասկանալու, թե ի՞նչ պատմություն է սա։ Սակայն մինչ գյուղապետի հետ մեր զրույցը ներկայացնելը, տեղեկացնենք, որ Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի և 314 հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի առթիվ։ Ու այս պահին կատարվում են ակտիվ քննչական, հետախուզական աշխատանքներ։ Մեզ նաև տեղեկացրեցին, որ ոչ մեկը փախուստի մեջ գտնվում, որևիցե անձի հետախուզում հայտարարված չէ։

Փոքր Մանթաշ համայնքի ղեկավար Ժիրայր Հակոբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Երեկ ես ամբողջ օրը եղել եմ ջրամբարում, սարերում, էնտեղ հեռախոսակապ չի բռնում, ծրագիր ենք իրականացնում գյուղում՝ խմելու ջրագծերի, անհիմն բաներ են գրել, թե փախուստի մեջ ենք։ Ես գործերով եմ եղել, ավել-պակաս բաներ են գրել, շանտաժներ են արել մարզպետարանի մարդկանց, անհիմն բաներ են ասել։ Ամոթ է, հաստիքները ավագանին է հաստատում, մարզպետարանն ի՞նչ գործ ունի հաստիքների հետ։ Մարդկանց անուններ են տալիս, չեն էլ ամաչում։ Բացառվում են նման բաները։ Էդպես բան ո՞նց կլինի, ավագանին է որոշում, գյուղապետն է որոշում, մարզպետարանը որպես ի՞նչ պիտի որոշի հաստիքները։

Ոստիկանները շուտ են այցելել մեր գյուղ, մենք ներկայացրել ենք մեր փաստաթղթերը, որ նայեն, ուսումնասիրեն, թեև ես բացառում են, նման բան չկա։ Գյուղից մեկն անհիմն հայտարարություն է արել ոստիկանություն հեռախոսազանգով, ընդունվել է վարույթ, հիմա գործերով զբաղվում են ոստիկանությունում»։

Ո՞վ է հայտարարություն տվել ոստիկանություն, ձեր աշխատակիցների՞ց են, գյուղապետն ասաց․ «Գյուղի հարս է էլի, իրա մայրն է նախկինում իմ մոտ աշխատել, մեր գանձապահն է եղել, ես չգիտեմ ինչի՞ է նման բան արել, կպարզվի ընթացքում ամեն ինչ, իմ կողմից որպես համայնքի ղեկավար նման բաներ չեն եղել, բացառվում են։ Էս էն ձևի գյուղապետ եմ, որ ինձ բոլորն են ճանաչում ամբողջ Հայաստանով, ես 10 տարվա գյուղապետ եմ»,- ասաց մեր զրուցակիցը։

Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գումար կանխիկացնելու մասին է խոսքը, աշխատողներն են կանխիկացրե՞լ, իրեն տվե՞լ, գյուղապետն ասաց․ «Բացառվում է, որ տաս հոգի աշխատող կանխիկացնեն իրենց գումարը ու ինձ տան։ Ո՞վ իրեն թույլ կտա, մարդն աշխատում է, իր աշխատավարձը հազիվ տանում է, իր ընտանիքն ապրում է, ուրիշին ինչի՞ համար տան փող կամ ո՞ւմ տան։ Դրանք անհիմն բաներ են, վաղը կստուգվի, ամեն ինչ կպարզվի, որ համայնքի ղեկավարն ընդհանրապես կապ չի ունեցել էդ փաստաթղթի հետ»։

Մենք նաև հարցրեցինք, թե գյուղապետն ի՞նչ հարաբերություններ է ունեցել նախկին գանձապահի հետ, թշնամանք կա՞, որ ոստիկանություն բողոք են ներկայացրել։ «Ես չգիտեմ ի՞նչ է արել աղջիկը կամ ինչի է արել, բայց ոնց որ գնա, իր մոր վրա բողոք ներկայացնի, իր մայրը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Ես կոնֆլիկտ չեմ ունեցել իրենց հետ, իմ ամենամոտ մարդիկ են եղել, թե՛ հայրական կողմը, թե սկեսրանց, չեմ իմանում ի՞նչ է։ Հլը թող համայնքում մեկը կանգնի ու ասի, որ համայնքի ղեկավարը նման բան թույլ կտա, կամ կանի, բացառվում է իմ կողմից։ Նման պատմությունների մեջ ինձ մեղադրել, շանտաժներ անել, ընդունելի բան չէ, ամոթ է էլի։ Գործն ուսումնասիրվում է, թող քննեն, պարզեն, բոլոր մարդիկ էլ իրենց քամու վնասները ստացել են։ Խնդիրներ չեն եղել»։

«Ի՞նչ քամու վնաս»,- հետաքրքրվեցինք մենք, կարո՞ղ է այս թեմայով էլ դժգոհություններ կան։ « Ում քամին վնաս է տվել, բոլորն էլ ստացել են, երկու տուն կա ամբողջությամբ վնասված, մնացածինն էլ թեթևակի վնասներ են եղել՝ 5-10-20 շիֆերներ է տարել քամին, ապակիներ են ջարդվել»։ Մեր հարցին՝ գյուղապետարանի՞ց են վնասի փոխհատուցում ստացել, գյուղապետն ասաց․ «Ոչ, բանկով են ստացել»։

«Նորից եմ կրկնում, նման բան չկա, ես էլ թույլ չեմ տա էնպիսի աշխատողներ պահեմ, որ կեղծիքներով զբաղվողներին․․․ Ես մի ժամ հետո կազատեմ նման մարդկանց, ո՞նց կարան նման բան անեն, համ իր հեղինակության հետ խաղան, համ իրենց, նման բաներ չկան, ինձ բոլորն են ճանաչում, միասնական, հանրապետական գյուղ է, մի մարդու նման են։ Թող մեկը մտնի համայնք, տեսնենք համայնքի ղեկավարից դժգոհող կա՞։ Չկա նման բան, ես ինձ չեմ գովաբանում, բայց Փոքր Մանթաշ համայնքը հանրապետությունով մեկ ճանաչված գյուղ է, հանրապետական գյուղ է ։ Թող ցանկացած լրատվամիջոց, մարդ գա, ճշտում կատարի, կիմանա՝ ես ով եմ։ 6 եղբայր ենք մենք, իմ 5 եղբայրներ են նայում գյուղին Ռուսաստանից, էս ժողովրդին մենք ենք նայում, գյուղում էդ ի՞նչ կա, որ գրպանեմ, առաջինը ես կպատժեմ նման մարդկանց», -ասաց գյուղապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Գյուղապետի լուսանկարը՝ Hetq.am-ի, իսկ գյուղի լուսանկարը՝ «Փոքր Մանթաշ Համայնաքապատկեր» վերնագրով յութուբյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930