«Ի՞նչ է առաջարկում ԿԳ նախարարը, մենք չենք տեսնում գիտության ոլորտում այնպիսի գրավիչ ծրագրեր, որ երիտասարդին կգրավեն զբաղվել գիտությամբ: Ստացվում է այնպես, որ գումար աշխատելու, կարգավիճակ ունենալու, գիտական նվաճումներ ձեռք բերելու միակ հեշտ ոլորտը մնում է ռազմականը, բա ի՞նչ անեն ասենք հումանիտար ոլորտի գիտությամբ զբաղվող մարդիկ: Այդ ոլորտում ԿԳՆ-ն ոչ մի գրավիչ ծրագիր չի առաջարկում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» խոսելով ՀՀ անվտանգության եւ պաշտպանության մասին իրենց տեսլականի, բանակի խնդիրների մասին՝ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
Նույն խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն էլ ասաց. «Ասպիրանտուրայում այսօր ովքե՞ր են սովորում՝ գերազանցապես տղաներ, ինչպե՞ս է լինում, որ գիտությամբ զբաղվում են հիմնականում տղաները: ՀՀ-ում բանակից խուսափելու համար ասպիրանտուրա են գնում…Դա ընդամենը միջոց է՝ բանակից ազատվելու համար եւ այստեղ անշուշտ, առանց կոռուպցիայի չի կարող լինել: Կա անվստահություն այս կառավարության նկատմամբ եւ նրանց նկատմամբ, ովքեր իրականացնում են այս ծրագիրը: Կարեւորագույն խնդիրը արդարությունն է»:
Ըստ Զեյնալյանի, անարդարության դրսեւորումներից մեկն էլ այն է, որ եթե քո կառավարությունը բանակում չծառայածների խումբ է, յուրաքանչյուր խոսք դրան ուղղված կասկածի տեղիք է տալիս:
Գեւորգ Գորգիսյանն անդրադարձավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծին եւ դրա շուրջ քննարկումներն. «Բոլոր խնդիրները, որ մարդիկ խուսափում են բանակից չունեն գիտակցումը, թե հանուն ինչի պետք է գնան ծառայեն, գալիս է անարդարությունից: Մարդը տեսնում է, որ հարեւանի տղան բանակից ազատվեց, ես ինչով եմ պակաս, չեն մտածում, որ ես ուրեմն ավելի եմ, որ գնում եմ բանակ: Բանակում շատ դեպքերում զինվորը զինվորին է վնասում, ինքն իրեն են վնասում, սրանք խնդիրներ են ու երբ ՊՆ նախարարն ասում է, որ մարդիկ իրենց տուն-տեղ, ամեն ինչ կծախեն՝ իրենց որդուն բանակից ազատելու համար, սա նշանակում է, որ ՊՆ նախարարն ընդունում է, որ բանակում այնպիսի ծայրահեղ վիճակ է, որ քաղաքացիները պատրաստ են ամեն ինչի՝ իրենց զավակին այնտեղից ազատելու համար:
Սա վատագույն մեսիջն է, որ պաշտպանության նախարարը կարող էր տալ հասարակությանը: Նա նման բան խոսելու իրավունք չուներ, նման բան խոսելուց հետո նա պետք է միանգամից հրաժարականի դիմում ներկայացներ: Ի՞նչ է նշանակում ամեն ինչ ծախել՝ բանակից խուսափելու համար: Այո, բանակում կան խնդիրներ, դրանք լուծել է պետք, բայց մենք չենք հավատում, որ օրենքը մասամբ կիրառող, օրենքից իրենց վեր դասող խավի ձեւավորած իշխանությունը ուզում է կամ կարող է որեւէ բան փոխել: Նրանք հավասար չեն, չեն ուզում լինել հավասար: Որտեղ կա պարտավորություն՝ հասարակ ժողովրդի վրա է տարածվու, որտեղ կա առավելություն՝ իրենց վրա է տարածվում»:
Գեւորգ Գորգիսյանը հայտարարեց, որ եթե բոլորին տանում են բանակ, ուրեմն պետք է հավասարություն լինի՝ առանց բացառության, մինչդեռ իրենք սողանցք են թողնում եւ պաշտոնյաների զավակները ազատվում են կառավարության որոշմամբ՝ որպես բացառություն. «Այս պարագայում բերել փոփոխություն եւ ասել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլորը հավասար լինեն՝ չենք հավատում»:
Լենա Նազարյանն ասաց, որ իրենք առաջարկում են ՊՆ-ին թողնել տարկետման իրավունքը, որից հետո իրենք կմասնակցեն այդ ոլորտում կոռուպցիայի նվազեցման մեխանիզմների մշակմանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից: