Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ մարզում արձանագրված ապօրինի ծառահատումներին: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ դատախազն ասաց, որ անցած 9 ամիսների ընթացքում Լոռիում գրանցվել է ապօրինի ծառահատման 86 դեպք: Քրեական գործեր են հարուցվել միայն 17 դեպքի մասով, մնացած դեպքերով նյութերը մերժվել են. «Ասեմ ինչի համար է մերժվել, որովհետեւ Քրեական օրենսգրքի 296 հոդվածը կոնկրետ հանցակազմի համար չափ է սահմանել: Այսինքն, եթե պատճառված վնասի չափը չի գերազանցում հանցակազմի դիսպոզիցիայով սահմանված չափը, հետեւաբար, սա քրեական պատասխանատվություն չի կարող առաջացնել, այլ առաջացնում է վարչական պատասխանատվություն»:
Արձանագրված ապօրինի ծառահատման դեպքերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 44 մլն 978 հազար 860 ՀՀ դրամ:
«Գլխավոր դատախազի հանձնարարությամբ սահմանվել է, որ յուրաքանչյուր ապօրինի անտառահատման փաստով պետք է քննության առարկա դարձվի պատասխանատու անձանց գործողությունների իրավաչափությունը: Տվյալ պարագայում պատասխանատու անձ ասելով, ի նկատի է ունենում՝ տվյալ անտառի տեղամասի պատասխանատու անձանց գործողությունները՝ անտառապահ, անտառապետ, պահպանության ինժեներ, տնօրեն եւ տնօրենի տեղակալ: Նաեւ բնապահպանության նախարարության համապատասխան տեսչության աշխատակիցների վարքագիծը, եթե այնուամենայնիվ վերջիններիս գործողություններում կհայտնաբերվեն խախտումներ,- ասաց դատախազը:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ