Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանի այսօրվա թույլ տված սխալը հետագայում շտկելու համար մեզ 7-8 տարի է պետք. «Ելքը»՝ բանակի մասին

Նոյեմբեր 02,2017 18:04

Այսօր «Ելք» խմբակցության պատգամավորները «Մեդիա կենտրոնում» ներկայացրեցին ՀՀ անվտանգության եւ պաշտպանության իրենց տեսլականը, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել:

Գեւորգ Գորգիսյանն ասաց, որ երբ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը իրենց խմբակցություն է եկել, ներկայացրել է միայն «Ես եմ» ու «Պատիվ ունեմ» ծրագրերը, Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի կարգավորումները չեն քննարկել: Նա ասաց, որ Վիգեն Սարգսյանը, ԱԺ-ում, ի պատասխան իրենց քննադատությունների, «ոչ ադեկվատ եւ ագրեսիվ» պատասխաններ է տվել. «Հարցը տեղափոխվեց անձնական բնույթ եւ ՊՆ նախարարին շատ անհարիր դրսեւորմամբ այդ ամենն արվեց»:

Լենա Նազարյանն ասաց, որ ՊՆ նախարարը, ներկայացնելով օրինագիծը, ասաց, որ իր մոտեցումն այն է, որ բոլորը պետք է ծառայեն, չպետք է լինի ոսկի երիտասարդություն, փախուստի դուռ չպետք է լինի: Իրենք էլ նախարարին ասել են, որ եթե արդարությունից է խոսում, արդարությունը չպետք է կիսատ լինի, օրինակ, հոգեւորականներին տարկետում են տալիս. «100 հոգուց ազատվածների 90-ը բժշկական ցուցումներով են ազատվում: Մենք ասացինք, որ հիմնական լայն բացված դուռը փախուստի համար հենց դա է եւ նախարարի թիրախը բժշկական հանձնաժողովները պետք է լինեն:

Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ Վիգեն Սարգսյանին ասել են՝ այս օրինագիծը լուծում չի տալիս այնպիսի ռազմավարական խնդիրներին, ինչպիսին զորակոչիկների նախապատրաստությունն է, որը պետք է սկսի ավելի վաղ տարիքից, որ նրանք բավարար առողջություն ունենան, չհանգեցնի զինծառայության համար անպիտանելիության:

Զեյնալյանն ասաց, որ մարդիկ կան, որ բանակից ազատվել են այնպիսի հիվանդություններով, որ դրանից հետո պետք է 1-2 ամիս հազիվ ապրեին: Բայց նրանք շարունակել են գոյատեւել եւ անգամ այդ հիվանդությունների դեմ բուժում էլ չեն ստացել. «Այստեղ լրջագույն կոռուպցիա կա, կարծում ենք, առաջնահերթ դրան պետք է ուշադրություն դարձվի»:

Գեւորգ Գորգիսյանի խոսքով՝ կոռուպցիոն երեւույթի մասին էլ է խոսում Վիգեն Սարգսյանի այն փաստարկը, որ մարդիկ ասպիրանտուրա են գնում՝ բնավ միտք չունենալով գիտությամբ զբաղվել. «ՀՀԿ-ի կառավարությունը տարիներ շարունակ իշխում է եւ եթե կա խնդիր, նշանակում է չեն կարողանում լավ կառավարել. «Ասում են՝ կոռուպցիան չենք կարողանում այս ոլորտում լուծել, սա չենք կարողացել անել, եկեք միանգամից բոլորին տանենք բանա՞կ: Մենք ուզում ենք ունենալ գիտելիքահենք բանակ, որ ոչ թե զինվորների քանակով են, այլ՝ զինվորին կարող է փոխարինել ինչ-որ ավտոմատ համակարգ: 21-րդ դարում դրանով մենք կարող ենք հաղթել, իսկ այս պարագայում մենք բանակին զրկում ենք գիտակից կադրերից: Թեեւ ՊՆ նախարարն ասում է՝ այ, եթե լինեն բացառիկ գիտնականներ, մենք նրանց տարկետում կտանք, 18 տարեկանում չի կարող լինել բացառիկ գիտնական, եթե դուք 18 տարեկաններին տանում եք: Միջին գիտնականը կարող է անել հաշվարկներ, գիտական հետազոտություններ, որոնք պետքական են ռազմարդյունաբերական համալիրին»: Ըստ Գեւորգ Գորգիսյանի, Վիգեն Սարգսյանի այսօրվա թույլ տված սխալը հետագայում ուղղելու, շտկելու համար մեզ 7-8 տարի է պետք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարները՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930