Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրանտ Թոխատյան. «Պետք է մնալ մանուկ՝ անգամ 100 տարեկանում»

Նոյեմբեր 02,2017 17:49

Մանկությունը մի թռչուն է՝ թելով կապված մեր սրտերից, թելը պոկվում, նա թռչում է, ու հեռանում է մեզանից: Ռուբեն Հախվերդյանի ահա այս տողերով սկսեց իր երկխոսությունը փոքրիկ հանդիսատեսի հետ Հրանտ Թոխատյանը:

«Նարեկացի» արվեստի միությունում նոյեմբերի 2-ին 9-ից 14 տարեկան երեխաների հետ «Արվեստանոց» ուսուցողական ծրագրի շրջանակներում վաստակավոր դերասանը, «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, և «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը «Մանկություն» խորագրով հանդիպման ընթացքում երեխաների հետ կիսվեցին իրենց մանկության երազանքներով , տպավորություններով և լսեցին նրանց պատմությունները:

«Երբ քո մեջ չես մոռանում մանկությունը, ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում: Մենք պարզապես ավելի շուտ ենք բոյովացել և ավելի շատ բան ենք տեսել»,- երեխաներին դիմեց Թոխատյանը:

Հանդիպմանը ներկա հյուրերը տարբեր մշակույթների և տարբեր մանկության ականատեսն են եղել: Թոխատյանը ծնվել է Երևանում, Արմինե Հովհաննիսյանը Վարդաշենում, իսկ Նարեկ Հարությունյանը Լիբանանում: Ըստ երեխաների՝բացի հայ լինելուց, նրանց միացնում է նաև չվերացած  երազանքները:

«Ես ունեցել եմ շատ երջանիկ մանկություն, բայց մեկ-մեկ թվացել է, թե երազանքը կա, բայց ձեռք մեկնողը, մեջքիդ կանգնողը՝ ոչ: Շատ կարևոր է, որ դուք ունենաք այդ մեկին, բացի ընտանիքի անդամներից, ով ձեզ օգնության ձեռք կմեկնի»,-ասաց դերասանը՝ նշելով, որ իր համար այդ հարցում շատ կարևոր դեր է խաղացել Լեոնիդ Ենգիբարյանը:

Հյուրերը խոսեցին նաև իրենց մանկության երազանքներից: «Փոքր ժամանակ, երբ քույրերս դպրոց էին գնում, վերցնում  էի իրենց պայուսակներ և ձևացնում, թե ես էլ եմ դպրոցական: Դեռ փոքրուց  շատ էի ուզում մաթեմատիկայի ուսուցչուհի դառնալ» ,-նշեց Արմինե Հովհաննիսյանը՝ հարցնելով երեխաներին, թե նրանցից քանիսի երազանքն է դպրոցում դասավանդելը: Պարզվեց, որ երեխաների մեջ ևս քիչ չեն ուսուցչուհու մասնագիտությամբ շարունակել ցանկացողները:

Հրանտ Թոխատյանն էլ նշեց, որ մանկության երազանքը ծաղրածու դառնալն է, և հավելեց՝  մի օր անպայման իրականացնելու է այն:

Իսկ Նարեկ Հարությունյանն առանձնացրեց կյանքից ամենահիշվող պահը՝ Հայաստան այցելելը: «Առաջին հիշողությունս պաղպաղակն էր, և բակի տղաների հետ առաջին հանդիպումս: Մոտեցա, ասացի՝ կրնամ ձեզի հետ խաղամ: Զարմացան, հարցուփորձ արեցին և իրենց կանոններն ասացին. Պիտի կռվում հաղթեի ինձնից երկու անգամ ավելի խոշոր տղայի: Բայց քանի որ շատ էի ուզում իրենց հետ ֆուտբոլ խաղալ, ցանկությունս ավելի զորեղ գտնվեց և կարողացա հաղթել հակառակորդիս»,-իր տպավորություններով կիսվեց Հարությունյանը:

Հյուրերը պատասխանեցին նաև երեխաների հարցերին՝ առանձնացնելով  սիրելի և չսիրելի առարկաները դպրոցում, ինչպես նաև հանդես գալով կյանքի իրենց փորձերով:

«Պետք է մոռանանք՝ մեր երկրում անհնար է արտահայտությունը: Երբ ասում եմ, որ ցանկանում եմ մանկական թատրոն ստեղծել, դա երազանք էլ կմնա , եթե քայլեր չձեռնարկեմ: Երազանքն է օգնում ձեզ: Երազանքը կա՝ կյանքը դառնում է ավելի հետաքրքիր»,- երեխաներին դիմեց դերասանը:

Արմինե Հովհաննիսյանը խորհուրդ տվեց փայփայել և գնահատել  այն, ինչ ունեն, իսկ Նարեկ Հարությունյանը առանձնացրեց այն, որ պետք է հպարտ լինենք, որ հայ ենք  և հզոր ազգ :

Հանդիպման վերջում զրուցեցինք հյուրերի հետ: Հրանտ Թոխատյանը նշեց, որ ամեն անգամ  երեխաների հետ շփվելիս նոր բան է բացահայտում իր համար: «Մանկական երազանքները նույնն են մնում, միայն ժամանակի հետ են քայլ գցում: Այլ բան է, որ այսօրվա երեխաներն ավելի անկաշկանդ են, քան մենք: Նրանք ավելի ազատ են իրենց ընտրության և մտածելակերպի մեջ, ունեն հնարավորություն ավելի շատ արտահայտվելու, ինչ որ մեր ժամանակ չկար: Բայց երազանքները նույնն են, ուղղակի պետք է կարողանանք դրանք իրականացնել»,-իր խոսքում նշեց Թոխատյանը:

Իսկ Արմինե Հովհաննիսյանն ընդգծեց, որ այս ծրագիրը կարևոր է ոչ միայն երեխաների համար, այլ նաև հասարակության բոլոր շերտերի: «Մենք կարևորում ենք երեխաներին, և պատրաստ ենք ներդրում ունենալ նրանց կայացման մեջ»,-նշեց «Օրրան» կազմակերպության հիմնադիրը՝ ավելացնելով, որ տպավորված է նոր սերնդի խելացիությամբ ու համարձակությամբ:

«Ժամանակների պահանջն այնպիսին է, որ երեխաները շատ են օգտագործում տեխնիկական միջոցներ: Մենք պետք է կարողանանք երեխաներին այնպես ուղղորդել, որ օգտագործելով  համակարգիչները՝ կարողանան քաղել այն ամենը, ինչ կարող է կյանքում իրենց օգտակար լինել»,-եզրափակեց Հովհաննիսյանը:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930