Վարչապետ Կարեն Կարապետյանը, որն այսօր կառավարությունում պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադարձավ Մոնումենտի իր առանձնատանը: Հարցերին, թե ինչպե՞ս է վերաբերում, որ այգիներ են կտրվում, տեղում առանձնատներ են կառուցվում, արդյոք Մոնումենտի տա՞նն է ապրում վարչապետը, վարչապետն է՞լ է ծառեր հատել այդ առանձնատունը կառուցելու համար: Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ տունն իր եղբայրն է գնել, որտեղ անտառ չի եղել. «Եղբայրս է գնել, բայց չեմ ասել, որ իմը չէ: Գնել է 2011 թվականին Կանադայի ու ԱՄՆ քաղաքացուց: Երբ գնել ենք, այնտեղ անտառ չի եղել, 2014-ին է կառուցվել: Ես ինքս այնտեղ եմ մեծացել, այդ անտառը նախկինում շատ լավ հիշում եմ: Անտառ չկար, տարածքն արդեն վաճառված էր, գնել ենք երկրորդական շուկայից»,- պարզաբանեց վարչապետը: Իսկ թե որտեղ է ապրում, ասաց` իմ տանը:
Վարչապետից հետաքրքրվեցին նաեւ, թե ինչո՞ւ է իր տան շուրջը բարձր պարիսպ կառուցում, որտեղ այս պահին բնակվում է: Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իր տան հարեւանությամբ բազմահարկ շենքեր կան եւ իր բակը երեւում է այդ շենքերից:
«Պարիսպ ենք կառուցել, ընդամենը փոքր միջավայր ենք փորձել ստեղծել, որ երբ դուրս ես գալիս բակ, բոլորի աչքի առաջ չլինես, հնարավո՞ր է դա անել, թե՞ չէ»,- ասաց նա:
Կարեն Կարապետյանն ասաց, որ այսօր երկրի վիճակը գնահատում է կառավարելի եւ հեռանկարային: Այն դիտարկմանը, թե ժողովրդի վիճակը չի լավացել, քանի որ կենսաթոշակ ու աշխատավարձ չի բարձրացել, վարչապետն ասաց, որ այդպես չէ. «Կենսաթոշակը կամ աշխատավարձը չեն բարձրացել, բայց դա չի նշանակում, որ միջին եկամուտները չեն աճել»:
Վարչապետից հետաքրքրվեցին, թե երբ մեկ տարի առաջ ասում էր, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, ո՞ւմից էր ժառանգել այդ տնտեսությունը, ո՞ր կուսակցությունից: Ի պատասխան, Կարեն Կարապետյանն ասաց` դուք չգիտե՞ք որ կուսակցությունից եմ ժառանգել, հռետորական հարց ինչի՞ եք տալիս: Ի պատասխան հնչեց դիտարկում, թե այդ տնտեսությունը ժառանգեցիք Հանրապետական կուսակցությունից եւ անդամակցեցիք Հանրապետական կուսակցությանը, ինչպե՞ս անդամակցեցիք մի կուսակցության, որը տնտեսությունը հասցրել էր ծայրահեղ ծանր վիճակի:
«Դա ձեր անձնական կարծիքն է, համարձակ եմ անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, շատ գիտակցաբար եւ ժամանակին բացատրել եմ ինչի եմ դա անում: Որովհետեւ այն մարտահրավերները եւ տարածաշրջանը եւ պրոբլեմները, որտեղ երկիրը կանգնած է, չափազանց կարեւոր է, որպեսզի մենք ցնցումներ չունենանք: Ինչ վերաբերում է՝ ՀՀԿ-ն հասցրել է այդ կետին` ձեր ձեւակերպմամբ, ապա, իսկ ո՞վ է գնահատել, այդ տնտեսական անկման պարագայում իրենք ինչին կհասցնեին: Այդ իսկ պատճառով, ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այն ճանապարհը, որ նախկինում անցել է, անցել է քիչ կորուստներով»,-ասաց վարչապետը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ