Լոռու մարզի նորանշանակ դատախազ Արսեն Մարտիրոսյանն այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս: Հանդիպման ընթացքում նշվեց, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի Լոռու մարզում հանցագործություններ թիվն աճել է 5.4 տոկոսով: 2017 թվականին արձանագրվել է հանցագործության 1058 դեպք:
Անցած 9 ամիսների կտրվածքով մարզում աճել է գողությունների թիվը: Այս տարի արձանագրվել է գողության 241 դեպք, 2016 թվականին ցուցանիշը կազմել է 209: Սրա փոխարեն այս տարի նվազել են բնակարանային գողության դեպքերը: 2016 թվականին հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 47 դեպք, այս տարի՝ 36 դեպք: Գողությունները կատարվել են հիմնականում գիշերային ժամերին:
Դատախազի խոսքով՝ գողությունների թվաքանակի նվազմանը զուգահեռ, նվազել է նաեւ հանցագործության բացահայտման ցուցանիշը: Արսեն Մարտիրոսյանն ասում է, որ բնակարանների գողության խնդրին անդրադարձել են նաեւ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում: Խնդիրը քննարկվել է նաեւ Լոռու մարզի դատախազությունում, իրավասու կառույցներին ուղարկվել են համապատասխան հանձնարարականներ:
«Առաջարկվել է ուժեղացնել այն հատվածները, որտեղ արձանագրվել են բնակարանային գողությունների թվաքանակի աճ: Նշված հատվածներում սահմանել գիշերային հսկողություն: Համագործակցելով ՏԻՄ-երի եւ համատիրությունների ներկայացուցիչների հետ, շենքերում ապահովել համապատասխան տեսագրող սարքերի ամրագրում: Սա հնարավորություն կտա եւ՛ կանխարգելման, եւ՛ բացահայտման առումով ավելի դյուրին դարձնել կատարված աշխատանքները»,- ասաց Արսեն Մարտիրոսյանը:
Ըստ դատախազի՝ անհրաժեշտ է նաեւ բնակչության շրջանում իրականացնել բացատրական աշխատանքներ: Նրա խոսքով՝ մարզում արձանագրվել են բնակարանային գողությունները, որոնք պայմանավորված են եղել տուժողների անուշադրությամբ:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ