Լրահոս
Օրվա լրահոսը

«Ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում ճնշելով՝ մենք այն չենք կարողանում ճնշել դրանից դուրս». արաբագետ

Նոյեմբեր 02,2017 17:29

Արաբագետ Սարգիս Գրիգորյանի դիտարկմամբ, Արևմուտքն այլեւս ի զորու չէ պայքարել իսլամական ծայրահեղ արմատականության, դրա առարկայական դրսևորումների` ահաբեկչության դեմ:

«Այս փուլում չկան մեխանիզմներ նման դրսևորումների դեմ պայքարելու, այդ ամենը կանխելու համար: Եվ դա մտահոգիչ է, արևմտյան երկրները պետք է հետևություն անեն: Այսօր ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում ճնշելով՝ մենք այն չենք կարողանում ճնշել դրանից դուրս: «Իսլամական պետություն»-ը չի ընկճվում և փորձում է վախի մթնոլորտ տարածել Արևմուտքում: Ստացվում է ՝ ունենք ահաբեկչական գործողություն արևմտյան երկրներում: Եվ գաղտնիք չեմ ասի, որ վերջին տարիներին ահաբեկչական գործողությունների թիվն ավելանում է, ինչպես նաև նկատվում է մարտավարական գործողությունների փոփոխություն: Կիրառվում են ավտոմեքենաներ, սառը զենքեր: Այս առումով Նյու Յորքի ահաբեկչությունը բացառություն չէ»,-այսօր «Արմենպրես» ակումբում ասաց Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հոկտեմբերի 31-ին տղամարդը փոքր բեռնատար մեքենայով մեծ արագությամբ քշել է Մանհեթնի անցորդների և հեծանվորդների վրա: Մեքենան մի քանի թաղամաս սլացել է հեծանվորդների համար նախատեսված ճանապարհով և կանգ է առել միայն դպրոցական ավտոբուսին բախվելուց հետո:

Ըստ նրա՝ Նյու Յորքի վերջին այդ դեպքից հետո հնարավոր է՝ ԱՄՆ-ը խստացնի փախստականների նկատմամբ վարվող քաղաքականությունը, բայց դա խնդրի լուծում չէ. «Այն կարող է հակառակ էֆեկտ ունենալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930