«Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցելությունը որեւէ անմիջական ազդեցություն կունենա ստորագրման վրա: Բայց, բնականաբար, այդ հարցը քննարկվելու է, Հայաստանը հերթական անգամ պետք է հավաստիացնի մեր ռազմավարական դաշնակիցներին, որ դա որեւէ կերպ չի խանգարելու Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին եւ Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Թեեւ մենք տեսնում ենք տարբեր հրապարակումներ, որ Ղրղըզստանը եւ Հայաստանը ԵԱՏՄ-ի այն մասնակիցներն են, որոնք այդքան էլ շահագրգռված չեն ինտեգրացիոն այդ նախագծի մեջ: Այդ հարցերը, բնականաբար կքննարկվեն, կհստակեցվեն Հայաստանի հարաբերությունները թե՛ ԵԱՏՄ-ի շրջանակներում, թե՛ ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում: Բայց դա որեւէ կերպ չպետք է խանգարի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով առաջիկայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստանի կատարելիք այցին եւ մեր հարցին, արդյոք՝ հնարավո՞ր են ճնշումներ ՌԴ-ի կողմից Հայաստանի նկատմամբ՝ Բրյուսելում նոյեմբերին կայանալիք ԱլԳ գագաթնաժողովից եւ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից առաջ:
«Իհարկե, ասվածը չի նշանակում, որ Մոսկվայում բոլորը շատ գոհ ու երջանիկ են, դա մենք տեսնում ենք տարբեր փորձագետների եւ քաղաքական գործիչների հայտարարություններում, երբ կամ ուղղակիորեն Հայաստանին մեղադրում են դավաճանության մեջ, կամ ասում են, որ Հայաստանը երկակի խաղ է խաղում: Կարծում եմ, դա կշարունակվի, այդ կարգի հոգեբանական ճնշումներ լինելու են, բայց, այն, ինչ ունեցանք 2013թ., այսինքն, երբ կոպիտ ասած, հստակ հրահանգ եղավ՝ նման բան չեմ սպասում, որ տեղի կունենա: Պարզապես պիտի պատրաստվենք որոշակի դրսեւորումների, որոնք ոչ միայն հոգեբանական ազդեցության, այլ նաեւ Ռուսաստանի կողմից դժգոհությունը հայտնելու որոշակի պրակտիկ քայլերի տեսքով են լինելու: Կարծում եմ, որ մեր իշխանությունները դա հաշվարկել են եւ գիտեն ինչ են անելու: Օրինակ՝ ուղղություններից մեկը, որտեղ կարող են ճնշումներ տեղի ունենալ եւ դժգոհության արտացոլումներ լինել, դա ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների ջերմացումն է, ինչպես նաեւ արցախյան հարցում ՌԴ դիրքորոշման որոշակի, ժամանակավոր փոփոխություններն առանց էական հետեւանքների», հավելեց մեր զրուցակիցը:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ զրույցի մանրամասները կարդացեք նոյեմբերի 3-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ